
Մեզ մոտ կան անհանգստություններ Բաքվում պահվող անձաց վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան
Հայաստանը շարունակում է աշխատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ պահանջելով պարբերաբար տվյալներ տրամադրել Բաքվում պահվող գերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Նա հստակեցրեց, որ ՄԻԵԴ-ին Հայաստանի պահանջները վերաբերում են ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաև պահվող մյուս անձանց, ընդ որում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին:
Կիրակոսյանը հավելեց, որ այդ իրավական գործընթացը վերջին մի քանի ամիսներին է տեղի ունենում։
«Այդ, այսպես կոչված, դատական գործընթացների հետ կապված մենք միջպետական բողոք ենք ներկայացրել դեռևս 2023 թվականի սեպտեմբերին, երբ հայաթափվում էր Լեռնային Ղարաբաղը։ Այնուհետև ներկայացրել ենք 2-րդ բողոք, որը ներառել է կոնկրետ գերիների և պահվող անձանց հարցը», – ասաց նա։
2024 թվականի դեկտեմբերին ավարտվել է տվյալ բողոքի վերաբերյալ դատական նամակագրության փուլը, որից հետո ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել է միջանկյալ միջոցներ։ Այդ որոշումների շրջանակներում Հայաստանը պարբերաբար հաշվետվություններ է ստանում գերիների առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ, որոնք այնուհետև փոխանցվում են նրանց հարազատներին:
Վերջին տվյալները ստացվել են փետրվարի սկզբին։ Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմն ուշադրությամբ ուսումնասիրում է գերիներին վերաբերող բոլոր հրապարակումները, լուսանկարներն ու տեսանյութերը և դրանք հանձնում Եվրոպական դատարան: