
«Էրդողանը որոշակի խոստումներ է տվել Զելենսկուն. փաստ է՝ Թուրքիան ունի հստակ ծրագրեր՝ կապված տարածաշրջանի, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ». Մհեր Աբրահամյան

Երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Հանդիպումը վերածվել է բուռն վեճի, ինչից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ-ի միջամտությամբ՝ շեշտելով, որ Զելենսկին կարող է վերադառնալ Սպիտակ տուն այն ժամանակ, երբ այդ ամենին պատրաստ կլինի։ Թեժ վեճից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը։
Փետրվարի 27-ին էլ Ստամբուլում կայացել էր փակ հանդիպում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։
Նշվում է, որ քննարկումը տևել է 6.5 ժամ։ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքների կարգավորմանն ուղղված քայլերը։
Ամերիկյան «Bloomberg News»-ը վկայակոչելով անանուն աղբյուրներին՝ նշել է, որ Թուրքիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինայում ստեղծվելիք հնարավոր խաղաղապահ ուժերի համար։
Զելենսկին Էրդողանին կդիտարկի՞ որպես հովանավորի, սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ-թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, Թուրքիան խաղաղապահներ կուղարկի՞ Ուկրաինա, հնարավո՞ր է՝ սա ավելի սրի թուրք-ռուսական հարաբերությունները։
Խոսելով այս հարցերի շուրջ, թուրքագետ Մհեր Աբրահամյանն ասաց՝ Էրդողանը լինելով խելացի քաղաքական գործիչ, կգտնի իր համար այն նպաստավոր պայմանները, որոնք չեն բերի ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը, քանի որ Թուրքիայի տնտեսությունը մշտապես կախված է այս երկու երկրների հետ ունեցած հարաբերություններից։
«Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան փորձում է միայնակ խաղալ տարածաշրջանում։ Դատելով Թուրքիայի իրականացրած արտաքին քաղաքականությունից, հասկանալի է դառնում, որ նա փնտրում է իր համար կարևոր դիվիդենտներ և տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտություններում թուլացած կողմերին առաջարկում է իր օգնությունը, և հատկապես՝ այն երկրներին, որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության տարածքում։ Ուկրաինան այդ տարածքներից մեկն է, որի մի հատվածը ժամանակին գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ։ Օսմանիզմի քաղաքականության համատեքստում Էրդողանը փորձում է Ուկրաինայում ունենալ իր ներկայությունը տարատեսակ ձևերով՝ տնտեսական, նաև ռազմական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը հասկացել է, որ իրավիճակը քաղաքական առումով իր համար բավականին բարդացել է, Եվրոպան տալիս է խոստումներ, իսկ Միացյալ Նահանգներն առհասարակ հրաժարվում է որևէ օգնությունից։
«Հիմա Զելենսկին փորձում է Թուրքիային դիտարկել՝ որպես իր համար հովանավորի, որը հովանավոր չի լինելու։ Թուրքիան պարզապես Ուկրաինայում ունենալու է իր ներկայությունը՝ փորձելով նույնիսկ ամենափոքր ձևով Ուկրաինայից պոկել այն, ինչը հնարավոր կլինի։ Այս պահին Էրդողանը որոշակի խոստումներ է տվել Զելենսկուն, ստորագրել է որոշակի պայմանագրեր, որոնք, եթե նայենք, ապա կտեսնենք, որ ռազմական որևէ բան գոյություն չունի։ Սա թուրքական փակուկ ուժի քաղաքականությունն է, այդ պայմանագրերն արտացոլում են կրթությունը և մեդիա դաշտը»,- շեշտեց թուրքագետը։
Հարցին՝ Ուրաինայում հարցերը լուծելուց հետո Ռուսաստանն ու Թուրքիան արդյո՞ք կմրցակցեն՝ Հարավային Կովկասում առաջնորդի դերի համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին դրա համար Ռուսաստանի ու Թուրքիայի միջև սկսվել է այդ «հակամարտությունը»։
Նրա խոսքով, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարածաշրջանի երկրներ խոսում են այն մասին, որ բանակցություններ են ընթանում՝ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Սիրիայում վերադարձնելու ազդեցությունը։
«Հարավային Կովկասը դարերով եղել է ՌԴ ազդեցության գոտի, Ռուսաստանը կփորձի մեր տարածաշրջանում ունենալ ավելի մեծ ազդեցության գոտի, քան Սիրիայում։ Իսկ Սիրիայում կփորձի որոշակի համաձայնության գալ ու այնտեղ պահպանել այն ռազմական կոնտինգենտը, որը մնացել է։ Տեսնում ենք, որ Սիրիայի Կառավարությունն այդքան էլ դեմ չէ, որ այդ ռազմական ներկայությունը մնա այնտեղ։ Սակայն փաստ է, որ Թուրքիան ունի հստակ ծրագրեր՝ կապված Հարավային Կովկասի ու մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։