Բաժիններ՝

Վարդան Օսկանյան. Եթե ես քաղաքապետ եղա, ավտոբուսով եմ գնալու քաղաքապետարան

«Այսքան վատ PR իշխանությունների կողմից վերջին տարիներին, ճիշտն ասած, ես չեմ տեսել»,- այսօր «Մեդիա» կենտրոնում Երևանի ավագանու ընտրությունների թեմայով հրավիրված ասուլիսին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ում կարծիքով` PR-ը և առօրյա երևույթները չեն կարող հակառակ ուղղությամբ գնալ, այսինքն` եթե երկրում որևէ դրական բան կա, իշխանությունը կարող է PR-ու մի քիչ ուռճացնել:

«Եթե երկրում երևույթները բացասական են, դու քո PR-ով պետք է կարողանաս իրավիճակը մեղմացնել, բացատրել, որ գիտեք սրա մեղավորը նախագահը չէ, վարչապետը չէ, միջազգային ճգնաժամն է, բայց չես կարող հակառակ ուղղությամբ տանել. երկիրը անդունդից ներքև է գնում, դու ասում ես, որ ամեն ինչ փայլուն է: Սա չի աշխատի, ժողովո´ւրդ, սա հակափիառ է, սա կբերի ժողովրդի հուսախաբության»,- շեշտեց Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը, ով մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը, պատասխանեց հարցին, թե ընտրվելու դեպքում որո՞նք կլինեն հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Նա նախ նշեց, որ պետք է փոխել կառավարման փիլիսոփայությունը, քանի որ, ըստ նրա, այսօր կառավարողի և կառավարվողի նպատակները չեն համընկնում: Ըստ Վարդան Օսկանյանի` այսօր Երևանում առկա բոլոր խնդիրները լուծելի են քաղաքային բյուջեի շրջանակներում: Օսկանյանն ասաց, որ քաղաքացիների խնդիներին` կապված տրանսպորտի, աղբահանության, ճանապարհների, շենքերի և այլնի հետ,  հատկապես ծանոթացել է քարոզարշավի ընթացքում:

«Եթե ես քաղաքապետ լինեմ, մենք լինենք այդ ուժը, ոչ միայն այդ նվազագույն կարիքը, այլ շատ ավելին կարելի է անել, ժողովրդի ուզածից ավելին կարելի է անել, ժողովուրդը մեծ բան չի ուզում»,- ասաց նա:

Երկրորդը, ըստ Օսկանյանի, քաղաքապետի հիմնական թիրախն անհատ քաղաքացին պետք է լինի, և քաղաքապետը պարտավոր է բաց դռների օր հայտարարել և ընդունել բնակիչներին: Մյուս խնդիրը բյուրոկրատական քաշքշուկներն են:

«Քաղաքապետը շաբաթական առնվազն երկու անգամ` թեկուզ օրվա երկրորդ կեսին, իր գրասենյակից դուրս պիտի գա, պիտի գնա շրջանները, ինչպես մենք, հիմա բակերում կանգնած, կոնկրետ մարդկանց բողոքն են լսում, խոսում ենք մարդկանց հետ, տեսնում ենք, որ լուծելի են: Հիմա ես բյուջեի հնարավորություն ունենայի, արդեն մի 25 հարց լուծած կլինեի, ժողովո´ւրդ, չեմ խաբում,- հայտարարեց Վարդան Օսկանյանը,- Այո´, քաղաքապետը շաբաթը մեկ-երկու անգամ թող հանրային տրանսպորտով գնա: Եթե ես քաղաքապետ եղա, այսքան մարդու առաջ ասում եմ` շաբաթը առնվազն մեկ-երկու օր գնալու եմ քաղաքային տրանսպորտով: Ես ապրում եմ Մաշտոցի վրա, գնալու եմ քաղաքապետարան ավտոբուսով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս