
Իսլանդիան վճռականորեն աջակցում է Հայաստանի եվրոպական նկրտումներին և ողջունում է ավելի խորը համագործակցությունը

Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ լավ քննարկում է ունեցել՝ խոսելով նաև եվրոպական համագործակցության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների շուրջ համախմբվելու կարևորության մասին։ Իսլանդիայի արտգործնախարարն այդ մասին գրառում է կատարել X հարթակի իր էջում։
«Իսլանդիան վճռականորեն աջակցում է Հայաստանի եվրոպական նկրտումներին և ողջունում է ավելի խորը համագործակցությունը»,- ասել է Գուննարսդոտիրը ։
Փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ։
ՀՀ ԱԳ նախարարությունն ավելի վաղ տարածել էր հաղորդագրություն՝ նշելով է, որ Հայաստանի և Իսլանդիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել առաջիկա հնարավոր այցելություններին։
«Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան վկայում է մեր կողմից այս ձևաչափով փոխգործակցությանը տրվող կարևորության մասին, և մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները՝ թե՛ երկկողմ ոլորտային համագործակցության, թե՛ տարածաշրջանային փոխգործակցության համատեքստում»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ կարևորելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակումն ու կոնկրետ ուղղություններով կարողությունների ամրապնդումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հարգման և միավորող արժեքային համակարգի հիման վրա փոխգործակցության կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը։