
Հարավային Կորեայի նախագահը դատարանում ներողություն է խնդրել քաղաքացիներից

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սահմանադրական դատարանում իր իմփիչմենթի գործով վերջին նիստի ժամանակ եզրափակիչ ելույթում ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից, սակայն նշել է, որ ռազմական դրություն է մտցրել պետության և ժողովրդի շահերից ելնելով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի ելույթի տեքստը հրապարակել են նրա փաստաբանները։
«Այս գործընթացում մենք ձեզ՝ մեր սիրելի քաղաքացիներ, պատճառեցինք անհարմարություններ և տարակուսանք, ինչի համար ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում»,- ասել է նախագահը։
Նա հավելել է, որ խորը ցավ ու մեղք է զգում երիտասարդների հետ կատարվածի համար, ովքեր աջակցելով իրեն՝ հայտնվել են բարդ իրավիճակում։ Նախագահը նկատի ուներ այն քաղաքացիներին, ովքեր հունվարին ձերբակալվել էին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանում տեղի ունեցած ջարդերի համար, որը նրան ձերբակալելու օրդեր էր տվել։
Յուն Սոկ Յոլը նաև ասել է, որ տեսել է ինչպես իրեն աջակցող քաղաքացիների, այնպես էլ նախագահի գործողությունները քննադատողներին, բայց կարծում է, որ նրանք բոլորն էլ այդպես են վարվում՝ ելնելով երկրի հանդեպ սիրուց։