
«Ներկայիս քաղաքական պայմաններում անհրաժեշտ է խուսափել մանիպուլյատիվ մեկնաբանություններից և տեղեկատվական հակասություններից, որոնք կարող են խեղաթյուրել իրողությունները»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը ոչ միայն հարթակ էր երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, այլև հնարավորություն՝ ավելի խորացված վերլուծելու առկա իրավիճակը, գնահատելու ռազմավարական հեռանկարները և հստակեցնելու, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։
Կարևոր է ոչ միայն դիտարկել կողմերի առաջարկներն ու պահանջները, այլև գտնել նրանց օպտիմալ համադրման եզրերը՝ ելնելով ազգային շահերից և երկարաժամկետ նպատակներից։
ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը իր ելույթում ընդգծեց օբյեկտիվ իրողությունների գնահատման և իրատեսական մոտեցման կարևորությունը։ Նա հատկապես շեշտեց Հայաստան-ԵՄ շահերի համադրման անհրաժեշտությունը, ներկայացնելով թեման պատկերավոր օրինակների և համեմատությունների միջոցով։
ՀՀԿ-ն երբեք չի որդեգրել համագործակցությունից խուսափելու մոտեցում. ընդհակառակը, հենց Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, ՀՀԿ Նախագահ, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգյանի Նախագահության օրոք ստորագրվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը դարձավ հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման կարևոր քայլ։
Սակայն ներկայիս քաղաքական պայմաններում անհրաժեշտ է խուսափել մանիպուլյատիվ մեկնաբանություններից և տեղեկատվական հակասություններից, որոնք կարող են խեղաթյուրել իրողությունները։
Առավել կարևոր է քաղաքացիների հետ անկեղծ լինելը՝ ազգային շահերը վեր դասելով նեղ քաղաքական օրակարգերից։ Այսօրվա փոփոխական աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում կենսական է պահպանել իրատեսական և ռազմավարական մտածողությունը՝ ապահովելով երկրի կայունությունն ու շահերի պաշտպանությունը»։