«Ադրբեջանցին ինձ ասաց՝ գերիներին չեն վերադարձնելու, օգտագործելու են առևտրի համար»․ Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ-ում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ մի քանի անգամ է առնչվել ադրբեջանցի պատգամավորների հետ։

«Մի անգամ, երբ ես խոսում էի հիմնարար իրավունքների մասին՝ ինքնորոշման և այլ իրավունքների, Արցախում բնակվող հայերի մասին, ինձ ադրբեջանցի պատգամավորը պատասխանեց, թե` դու մոռանում ես, որ պարտված կողմ ես, ինչ ուզենք, այն էլ կստորագրենք։

Մեկ այլ միջազգային հանդիպման ժամանակ ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր մասնավոր զրույցի ժամանակ ասաց, որ՝ մենք ձեր գերիներին այլևս հետ չենք տա, մենք իրենց օգտագործելու ենք բանակցային առևտրի համար։ Այ, սա՛ է ադրբեջանցիների մոտեցումն, ու ՀՀ այսօրվա կառավարիչներն արել են շատ ավելի շատ, քան բարի կամքի դրսևորումն է՝ սա արդեն Ադրբեջանի պահանջների կատարում է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին Ադրբեջանը չի գալիս տրամաբանության դաշտ, ուստի անհնար է հասկանալ, թե ո՞րն է լինելու նրա վերջնական «կարմիր գիծը»։

Կարդացեք նաև

«Սրա համար ենք մենք ասում, որ խիստ կարևոր է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցություններում լինեն միջնորդի և երաշխավորի ինստիտուտ, առանց դրա հնարավոր չէ։ Էս մարդիկ, բացի նրանից, որ ունեն անվերջ ախորժակներ, չհիմնավորված, նույնիսկ պայմանավորվածությունները չեն կատարում։

Փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ելույթի 80 տոկոսը հետևյալն էր՝ մենք այսինչ բանն արել ենք, Ադրբեջանը չի արձագանքել։ Ահա այս ռեգիոնում ենք մենք ապրում։

CEPA-ն, որն այս ձևաչափի կարևորագույն փաստաթուղթն է, որտեղ նշված է, որ ԼՂ հակամարտությունը պիտի կարգավորվեր 3 հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր, իսկ մյուսը՝ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Ակնկալում եմ, որ աշխարհը, միջազգային հանրությունը տեր կկանգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների 5 հայտարարություններին, որոնցից  մեկի ներկայացուցիչը՝ տիկին Լուազոն, այստեղ նստած է»,- ընդգծեց  Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս