ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև կոնֆլիկտ գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և ՀԱՊԿ-ի մյուս անդամները նույնպես ունեն «իրենց սեփական շահերը» Երևանի հետ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Մենք ցանկանում ենք պահպանել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և իրենց սեփական պատմությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ», – գործակալության հետ զրույցում նշել է Վասիլևը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն, իբր, սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից։
Դիվանագետն ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, ղարաբաղյան հարցի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու փորձեր են արվել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք քաջ հայտնի են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։
Նա նշել է, որ «հակամարտությունը որևէ կապ չունի ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»։
Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրել էր 2024 թվականից։

