Ամոթալի է, որ Բաքվում հայ գերիներ կան, ակնկալում ենք գործընկերից աջակցություն․ Պարույր Հովհաննիսյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զարմանալի չի համարում Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մշտական սպառնալիքներն ու վտանգավոր ուղերձները։

Փոխնախարարը նաև Բաքվի համար ամոթալի է համարում այն փաստը, որ հայ գերիները դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։

Պարույր Հովհաննիսյանն այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից և հարևան մյուս երկրների հետ հարաբերություններից։

«Բաքվից հնչող հռետորաբանությունը այդքան էլ զարմացնող չէ։ Ամեն անգամ, նրանք վտանգավոր, սպառնալից ուղերձներ են ուղարկում: Մեր գերիները շարունակում են այն տեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար։ Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերները ներգրավվեն այն ջանքերի մեջ, որոնք մենք ներդնում ենք խաղաղության համար»,- ասել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ հերթական առաջարկները՝ իր տեսակետները ներկայացնելով ընդամենը երկու չհամաձայնեցված հոդվածների  շուրջ, սակայն Ադրբեջանի կողմից արձագանք դեռևս չի ստացել։

Փոխնախարարն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերը կունենան դրական դինամիկա:  Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է, որ Հայաստանը շատ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

«Քաղաքական երկխոսությունը տարվում է արտգործնախարարների, նախագահի և վարչապետի մակարդակներով, բայց պայմանավորվածությունները դեռևս չեն իրականացվել։ Խոսքը դիվանագիտական անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին է»,-ասել է ԱԳ փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս