Միջուկային բանակցությունների հարցը կրկին փակուղում է

«Իրանն այսօր»-ը գրում է. «Միջուկային բանակցությունների հարցը կրկին փակուղում է:

Դեռ ամիսներ առաջ Իրանը միջուկային բանակցությունները վերսկսելու հարցով քննարկումներ էր սկսել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Իրանի կառավարությունը շարունակում էր ընդգծել, որ պատրաստ է բանակցությունների՝ փոխադարձ շահերի հիման վրա։ Այդ դիրքորոշման համար կառավարությունը նաև պահպանողականների լայն քննադատությանն էր արժանացել։

Այժմ, երբ Թրամփը հայտարարել է, որ որդեգրում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականություն, իսկ ԻԻՀ առաջնորդն էլ կարգադրել է, որ ԱՄՆ հետ բանակցելը խելամիտ չէ, Իրանի կառավարությունը փոխել է հռետորաբանությունն ու ասում է, որ Վաշինգտոնի հետ չեն բանակցելու:

Սա իրականում սպասելի էր. երբ Թրամփը խոսում է բանակցությունների մասին, նկատի ունի ավելի շատ ոլորտներ ընդգրկող բանակցություններ, քան միջուկային գործարքը ներառում էր։ Այդպես էր 2018-ին, երբ Թրամփի վարչակազմը 12 պահանջ էր ներկայացրել Իրանին՝ հայտարարելով, որ միայն դրանց կատարման դեպքում ԱՄՆ պատրաստ կլինի նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ:

Այդ պահանջների թվում էր բալիստիկ հրթիռների արտադրության, ուրանի հարստացման, տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցության դադարեցումը և այլն:

Նման պահանջներն Իրանի համար եղել և մնում են անընդունելի, ինչը նվազագույնի է հասցնում բանակցությունների հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, սա մեծացնում է այլընտրանքային սցենարների հավանականությունը, որոնցից մեկը կարող է լինել ոչ միայն ռազմական գործողությունների վտանգը, այլև Իրանի ներսում բողոքի ալիքի կազմակերպումը: Վերջինիս համար շարժառիթները շատ են՝ տնտեսական մինչև հանրային-սոցիալական խնդիրներ»:

Տեսանյութեր

Լրահոս