ՀՀ-ն մեծ պասիվություն է ցուցաբերում Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունների առնչությամբ․ Իրավապաշտպանը՝ Բաքվի շոուների, կեղծվող թարգմանությունների մասին

Ադրբեջանական մամուլն այսօր տեղեկացրել է, թե իբրև Բաքվում պահվող հայ գերիները նախօրեին կայացած հերթական շոու-դատավարության ընթացքում ցուցմունք են տվել։

Ճնշման ներքո տարատեսակ հայտարարություններ կորզելու այս քաղաքականությունը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը համարում է պարզունակ գործելաոճ։

«Ադրբեջանական էլիտայի ստեղծագործական միտքը գնալով նվազում է։ Իրենք այս դատավարություններում մի թեզ են փորձում հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է ոչ թե ինքնորոշման իրավունքին, այլ տարածքային ամբողջականության։ Մի բան, որը չի համապատասխանում իրականությանը, և երկրորդը, եթե իրավական առումով նրանք սա հիմնավորեին, ապա չպետք է սարսափեին հարցն իրավական ատյաններ փոխանցելիս, և հարցերը պետք է լուծեին գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակում՝ ինչպիսին, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ խումբն էր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը՝ նկատելով, թե փոխարենը Բաքուն դիմել է ուժի գործադրման, ագրեսիայի՝ դուրս գալով միջազգային հանրային կարգի դեմ։

Սիրանուշ Սահակյանը հավելեց, որ այս պահին ընթացող դատավարություններն ընդամենը գործիք են հիմնավորելու հենց այդ մտացածին թեզը, թե ինքնորոշման իրավունք չկա, Արցախում եղել է խամաճիկային պետություն, որն իր հրահանգավորումները ստացել է Հայաստանի Հանրապետությունից։

Կարդացեք նաև

«Նրանք նման ապարդյուն ջանքեր գործադրել են միջազգային ատյաններում, և որևէ միջազգային ատյան չի արձանագրել Հայաստանի կողմից Արցախի օկուպացիան, կամ խամաճիկային բարձրակազմի ներդրումը։ Հակառակը՝ խնդիրը քննարկման առարկա է դարձել նաև ազգերի ինքնորոշման իրավունքի համատեքստում։

Բաքվում արվող հայտարարությունները չեն կարող արժանահավատ լինել․ ադրբեջանական բանտերում գտնվող յուրաքանչյուր անձ, հատկապես որևէ հայ զրկված է ազատ կամարտահայտությունից, և ադրբեջանական բանտերում արգելափակված է միջազգային մեխանիզմների ներկայությունը, որոնք կարող էին այդ բռնաճնշումները մեղմող կամ կանխող գործիքներ լինեին։ Օրինակ, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն զրկված է Ադրբեջան այցելելու հնարավորությունից, և եթե Ադրբեջանը համարում է, որ պայմանները լավ են, կարծում եմ՝ կարող է հրավիրել այս կոմիտեին՝ հանդիպումներ ունենալ հայ պատանդների հետ, կոնֆիդենցիալ կերպով քննարկել պահման պայմանները, որից հետո համաձայնություն տալ անկախ մեխանիզմների զեկույցների հրապարակմանը։

Ադրբեջանն առ այսօր ամեն գնով արգելափակում է անգամ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի փաստահավաք առաքելության տվյալների հրապարակումը՝ կապված արցախցիների բռնի տեղահանությունների հետ»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, թե ինչո՞ւ այս իրավիճակում ականատես չենք լինում միջազգային կառույցների կողմից ավելի կոշտ քայլերի, օրինակ՝ սանկցիաների կիրառման, փաստաբանը պատասխանեց՝ նկատառմամբ, որ սանկցիաները դրանք քաղաքական պրոցեսներ են, և դրանով ոչ թե տեղային լուծումներ են առաջարկվում, այլ քննարկվում են ռեգիոնալ կամ ունիվերսալ միտումները։

«Այս պարագայում, քանի որ միջազգային հանրությունն աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը, որի ջատագովն են նաև ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությունը չի դիմի կոշտ գործիքակազմի։

Քանի դեռ սպառված չեն հարցերի կարգավորման այլ մեխանիզմները, միջազգային հանրությունը, սեփական շահերը վտանգելով, այս փուլում քաղաքական սանկցիաներ չի կիրառի Ադրբեջանի նկատմամբ, սակայն սա չի նշանակում, որ դերակատարների այլ կոնֆիգուրացիայի պարագայում կբացառվի պատժամիջոցների կիրառումը։ Մենք այստեղ դինամիկ պրոցեսների հետ գործ ունենք, և Ադրբեջանի քաղաքական էլիտան ապահովագրված չէ քաղաքական սանկցիաներից, և կարծում եմ՝ նաև անձնական քրեական պատասխանատվությունից․ պետք է ճիշտ ուղղությամբ աշխատանք տանել»,- պարզաբանեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նաև հավելեց՝ միջազգային հանրությունից ստացած արձագանքները վկայում են, որ Բաքվի այդ դատավարություններն ուշադրության կենտրոնում են, և միջազգային մեդիան ևս ընկալում է այդ դատավարությունների շինծու բնույթը։ Իրավապաշտպանը համոզված է՝ որևէ միջազգային կառույց այդ ապօրինի դատավճիռները չի ընդունելու ու չի լեգիտիմացնելու։

Արդյոք հայ գերիների վերադարձի ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերը բավարա՞ր են՝ մեր հաջորդ հարցադրմանն ի պատասխան էլ՝ Սիրանուշ Սահակյանն արձանագրեց․

«Մենք այստեղ մի քանի նկատառումներ ունենք։ Նախ՝ իրավականն արդյունավետ ենք գնահատել, բայց այս պահին շատ մտահոգիչ ու անթույլատրելի ենք համարում այդ իրավական գործընթացներից հնարավոր հրաժարումը։ Դա մեծագույն սխալ կլինի թե՛ պատմության առջև, թե՛ ներկա զոհերի հիշատակի առաջ, ու նաև՝ այդ հրաժարումը կվտանգի հենց Հայաստանի Հանրապետության սուվերեն շահերը՝ նոր սպառնալիքներ ստեղծելով ուժի գործադրման համար։

Դրա համար, կարծում եմ, որ ճիշտ ուղղությունն իրավական գործընթացների ընդլայնումն է և այդ պահանջատիրությունից հրաժարվելու վերաբերյալ ցանկացած երկխոսության բացառումը։ Ադրբեջանը մեծ զիջումների պետք է գնա, եթե Հայաստանը երբևէ պետք է հրաժարվի պահանջատիրությունից․ առնվազն պետք է Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձնի ՀՀ-ին և Արցախի հարցում ապահովի փաստացի հետվերադարձ՝ ինքնորոշման իրավունքի հեռանկարով։
Քանի դեռ նման լուծումներ տրված չեն, կարծում եմ, որևէ հրաժարում չի կարող արտահայտել Հայաստանի կամ Արցախի շահերը։

Քաղաքական տեսանկյունից աշխատանքներ կան, բայց կրկին, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն բոլոր հնարավոր միջոցները չի գործադրել․ շատ դրական ենք գնահատում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության աշխատանքը, սակայն նաև արձանագրում, որ ՀՀ-ն մեծ պասիվություն է ցուցաբերում Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունների առնչությամբ։

Այստեղ դիվանագետների հետ այնպիսի աշխատանք չի տարվում, որը կերաշխավորեր այդ դատավարարություններին դիվանագիտական կորպուսների բարձր ներկայացվածություն և դրանց առնչությամբ հրապարակային հայտարարություններ։ Ջանքեր գործադրվում են, բայց դրանք լիարժեք չեն, և Հայաստանը պետք է ինտենսիվացնի իր քայլերը»։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստն ընթանում է հունվարի 17-ից: Ադրբեջանի մերձիշխանական լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում պնդում են, թե նրանց տրամադրվել են հայերենի թարգմանիչներ, փաստաբաններ։ Ինչպե՞ս է հնարավոր ճշտել այս տեղեկության իսկությունը, եթե չկան ուղիղ հեռարձակումներ այդ դատավարություններից՝ հետաքրքրվեցինք Սիրանուշ Սահակյանից։

«Ադրբեջանական պետական մամուլի տեղեկատվությունը միակողմանի է, այն հատվածական ու ընտրողական է, վերափոխված է և թույլ չի տալիս իրական պատկերացում ունենալ։ Այն ստուգելի չէ, դրա համար մենք չենք կարող հենվել այդ տեղեկության վրա,- այս համատեքստում արձագանքեց նա՝ տեղեկացնելով, որ այլընտրանքային տեղեկություն է ստացել Ռուբեն Վարդանյանի ընտանիքից,- Օրինակ, Ռուբեն Վարդանյանի գործով բացահայտվել են կոպտագույն սխալներ՝ ոչ պատշաճ թարգմանություններ, ընդհուպ՝ մինչև հղումներ բելառուսական օրենսդրությանը։ Թարգմանությունները բանավոր են, մինչդեռ անձինք զրկված են անգամ այդ բանավոր թարգմանությունները գրառելու հնարավորությունից, այլ սահմանափակումներ ևս կիրառված են, օրինակ, պատշաճ ժամանակ չի տրվում ծանոթանալու նյութերին, նյութերի պատճեններ ու քաղվածքներ չեն տրամադրվում, չի ապահովվում ինտերնետ հասանելիություն որոշ նյութեր ձեռք բերելու ու ցուցադրելու նպատակով, մերժվում են ապացույցներ նայելուն ու գնահատվելուն ուղղված բոլոր միջնորդությունները։ Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք սցենարային դատավարություն, որտեղ անգամ ադրբեջանական պաշտպանների միջնորդություններն են մերժվում, և դատարանները քաղաքական պատվերի վրա գծագրված սցենարով առաջ են մղում այս պրոցեսը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվի զինվորական դատարանը վարում է Արցախի պաշտոնյաների գործի քննությունը: Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձնացված և կշարունակվի փետրվարի 10-ին:

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը հետախուզական տվյալներ ունի, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմը հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։

Տեսանյութեր

Լրահոս