Ո՞վ և ինչո՞ւ ազատվեց ԵԱՍՄ-ի ցախավելների հիմնական մատակարարից. «Տարիներով հարկ վճարող մարդուն պախարակում են»

Ցախավելների գնման գործընթացի թեման, որի մասին տարատեսակ դրվագներ արդեն հանրայնացվել են մամուլում, դեռ «շատ ջուր է քաշելու»։

168am-ի խմբագրություն է ահազանգել անհատ ձեռներեց Արթուր Անանյանը՝ պնդելով, որ 2024 թվականի հունվար ամսից, երբ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնը վստահվել է Սաշա Կատվալյանին, իր տնտեսական գործունեությունը խոչընդոտող լրջագույն հարցերի է սկսել բախվել։

Արթուր Անանյանը, որը տարիներ շարունակ ԵԱՍՄ հիմնարկին մատակարարել է ցախավելները, այսօր կանգնած է ընտանեկան բիզնեսի փակման եզրին։

«Այս ամենը հիմնել է հայրս դեռ 1990-ականներին։ Բակային ավելների ձեռքբերման պետգնումներին սկսել ենք մասնակցել 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում ստեղծել ենք դաշտեր, որտեղից կարելի է կազմակերպել մատակարարում։ Եթե ինչ-որ մեկն ուզում է այս ասպարեզում գործունեություն ծավալել, ամենաքիչը, ինչը պետք է ունենա, դաշտերն են, որոնք կապահովեն այն քանակը, որը, ըստ պայմանագրի կետերի ու չափորոշիչների՝ կկարողանա մատակարարել»,- մանրամասնեց տնտեսվարողը։

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց՝ քաղաքապետարանի կողմից բակային ավելների գնումները հիմնականում եղել են ամենամսյա կերպով, որովհետև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը երբևիցե չի ունեցել պահեստներ։

«Իսկ այս ավելները պատրաստվում են բույսից, որի համար անհրաժեշտ են պահման պայմաններ․ դրա համար ամենամսյա ռեժիմով են գնումները կատարել՝ պահեստավորման խնդիր չունենալու համար։ Այսինքն՝ այդ պահեստավորումը թողել են մատակարարի վրա։

Երբ մատակարարը մասնակցել է գնումների, շահել է, պայմանագիրը կնքվել է, մի քանի օր հետո մեկ այլ պայմանագիր է ստեղծվել հիմնարկի կողմից, որ այդ ապրանքը, ինչը որ կա, տալիս ենք մատակարարին՝ ի պահ։

Եվ մատակարարն անվճար հիմունքներով պահել է դրանք և ամենօրյա ռեժիմով կատարել մատակարարում,- հիմնարկի հետ իրենց տարիների համագործակցությունը ներկայացրեց Արթուր Անանյանը՝ նկատելով, սակայն, որ այս համագործակցությունը դարձել է խնդրահարույց Սաշա Կատվալյանի նշանակմամբ,-

2024 թվականի հունվարի 29-ին Սաշա Կատվալյանը նշանակվեց հիմնարկի տնօրեն (նա մի տարվա մեջ 4-րդ տնօրենն էր), և հենց այդ վայրկյանից սկսած՝ եղան ինչ-ինչ խոչընդոտներ՝ տարբեր պատճառաբանություններով, ապա նաև՝ հիմնարկի կողմից եղավ պայմանագրի միակողմանի լուծում։ Մենք տվեցինք դատի, դատը շահեցինք, իրենք էլ տվեցին վերաքննիչ, ու այդպես՝ սկսվեցին դատ ու դատաստաններ։

Բացի դա, երկու հայցեր ևս տվել ենք դատարան կասեցման պահանջներով՝ Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցության առնչությամբ»։

168.am-ի հարցին՝ կոնկրետ տեղեկություննե՞ր ունեք, թե՞ ենթադրություններ են, որ Սաշա Կատվալյանին փոխկապակցված անձինք են, նա արձագանքեց․ «Ենթադրություններ չեն․ կարելի է մտնել գնումների էջը, տեսնել՝ ովքեր են գնումներին մասնակից անձերը, տեսնել նրանց հասցեները գրանցման, բնակման և արտադրողական, ու ամեն ինչ պարզ կդառնա։

Բացի այդ՝ սա սպեցիֆիկ գործ է, որը, ինչպես արդեն նշեցի, պահանջում է մատակարարման համար դաշտեր, ու եթե երկրում կան սրանով երկար զբաղվող մի քանի հոգի, իրար ճանաչելու են, ինչն այս պարագայում այդպես չէ։

Չի կարող մարդը մրցույթ գցի, օրինակ, ամսի 10-ին, ու դրանից մի քանի օր առաջ բացված ԱՁ-ն մասնակցի մրցույթի։ Էլ չեմ ասում, որ ինձ հասած տեղեկություններով՝ մրցույթը շահածներից մեկը`Անդրանիկ Բաղրամյանը, նույն հիմնարկում է աշխատում՝ որպես օպերատոր (չնայած ասում են՝ հետո է գրանցվել), մեկ այլ մասնակից՝ Լուիզա Բեդախյանը, Սաշա Կատվալյանի ֆեյսբուքյան ընկերներից է, իսկ մյուսը՝ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է»։

Քանի որ ավելի վաղ, ըստ մամուլի հրապարակումների, Սաշա Կատվալյանը պնդել էր, թե Արթուր Անանյանի կողմից չի մատակարարվել անհրաժեշտ խմբաքանակը, և,  որ պահեստ մուտքագրվող ապրանքները ժամանակին չեն մուտքագրվել, ընդունման-հանձնման ակտով չեն ընդունվել, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ո՞ւր են անհետացել այդ ցախավելները։

Արթուր Անանյանը պատասխանեց․ «Դրանք չեն անհետացել, դրանք օգտագործվել են քաղաքում, դրանք ամենօրյա ռեժիմով մուտք են գործել ԵԱՍՄ հիմնարկ։ Լավ, առաջին պայմանագիրը չտվեցի, երկրորդը, երրորդը, դրա համա՞ր է հետո էլի մրցույթ եղել, ես շահե՞լ եմ, կամ այդ 700 հավաքարարը 5 ամիս չե՞ն աշխատել, քաղաք չեն մաքրե՞լ։ Եվ հետո՝ այդ ընդունման-հանձնման ակտը պետք է հիմնարկը տրամադրեր։

Կամ՝ այդքան հե՞շտ է պայմանագիր կնքել, մատակարարում չանել ու փողերը ստանալ, կամ՝ մենք մատակարարող վարորդներ ունենք, որոնք ամեն օր մտել, դուրս են եկել, այդ հիմնարկում պահակակետ կա, ընդունող մարդիկ կան, ո՞ր մեկը կարող է ժխտել»։

«Էս երկրում կարող են տարիներով գործունեություն ծավալած մարդուն, հարկ վճարող մարդուն պախարակել, ես ուզում եմ հարկ վճարել, ինչպե՞ս վճարեմ, երբ այս երկրի իշխանական թևի ներկայացուցիչը՝ նույն Սաշա Կատվյալյանը․․․ Ես իմ բազմաթիվ աշխատակիցների հեռացրել եմ աշխատանքից, որովհետև այսօր աշխատանք չկա, բայց Սաշա Կատվալյանն իր հմտությամբ, ֆոկուսնիկությամբ․․․ հնդիկների է բերել, որոնք գյուղերի արանքներում զանազան խոտեր են հավաքում։ Եղբա՛յր, այդպես չի լինում։ Վերջին գնումներում անգամ չեն էլ նշել, որ այդ բակային ավելը պետք է կապված լինի, մինչդեռ իմ կողմից մատակարարված ավելների վրա մակնշված է ապրանքի նկարագիրը։ Այսինքն՝ չափորոշիչներն այնքան են թեթևացրել, որ հետևից մեկը չկարողանա գնալ, հարցեր տալ»,- ամփոփեց Արթուր Անանյանը։

Տեսանյութեր

Լրահոս