Կառավարությունը նախատեսում է դադարեցնել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ տրամադրելու պրակտիկան

ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ դադարեցնելով ակադեմիայի ունկնդիրներին պետական բյուջեի հաշվին կրթաթոշակ տրամադրելու կարգավորումը։ Օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում, որտեղ ներկայացված է առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը։

Օրենքի գործող տարբերակով, Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրները ստանում են կրթաթոշակ, որի չափը համարժեք է դատարանի նիստերի քարտուղարների վարձատրությանը։ Սակայն, ըստ նախագծի, այս համակարգը վերանայման կարիք ունի, քանի որ ունկնդիրներից շատերը միաժամանակ շարունակում են աշխատել, ինչն արդեն նվազեցնում է կրթաթոշակի տրամադրման հիմնավորվածությունը։«Կրթաթոշակի տրամադրման նպատակը պետք է լիներ ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցումը, այլ ոչ թե լրացուցիչ ֆինանսական աջակցությունը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Բացի այդ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետությունները պարտադիր կարգով չեն ապահովում ունկնդիրների կրթաթոշակի վճարումը։ Փոխարենը՝ նրանք ապահովում են վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանները, տեխնիկական միջոցները և դասընթացների կազմակերպման համար պահանջվող ֆինանսավորումը։

Նախագծի ընդունման դեպքում Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին այլևս չի տրամադրվի կրթաթոշակ։ Այս փոփոխությունը թույլ կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները և դրանք ուղղել ակադեմիայի զարգացմանն ու կարողությունների բարելավմանը։2024 թվականին կրթաթոշակի ընդհանուր ծախսը կազմել է 83.8 մլն դրամ, և նոր օրենսդրական փոփոխության դեպքում այս գումարը նախատեսվում է տնտեսել։

Տեսանյութեր

Լրահոս