Ի՞նչ է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանում. պատմում է վկան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դեռևս ապրիլի 12-ին գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանից դիմում էր ստացվել՝ թույլատրելու իր պաշտպանյալին մասնակցել քաղաքացիական գործարքի: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենք պատրաստվում են քաղհայց ներկայացնել դատարան: Դատարանը հետաձգեց նշված հարցի քննարկումը: Դատարանի այս քայլը գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը որակեց՝ որպես կանխակալ վերաբերմունք հօգուտ տուժող կողմի:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ նա սույն գործով կասկածյալի կարգավիճակում է եղել, նրա նկատմամբ  քրեական հետապնդում է իրականացվել, որը հետագայում դադարեցվել է:

Դավիթ Հայրյանն ասաց, որ դեպքի օրն ինքը շատ զբաղված է եղել իր աշխատանքով: Այդ ընթացքում ինքը տեղեկացել է, որ ռեստորանային համալիրի երգիչներից մեկի ծանոթները սեղան են պատվիրել ռեստորանային համալիրում: Որոշ ժամանակ անց մատուցող Դավիթ Ադամյանը լարված, ահաբեկված ասել է իրեն, որ կոնֆլիկտ է եղել իր և հաճախորդի միջև: Դավիթը պատմել է, որ հաճախորդներից մեկը սպորտային համազգետով է մտել ռեստորան, իսկ իր զգուշացումն այն մասին, որ սպորտային համազգեստով համալիր մուտքը չի թույլատրվում, հաճախորդը ցավագին է ընդունել. «Այդ ընթացքում ինձ մոտիկանում են հաճախորդներ, դիմացի սեղանից: Երկու տղա են մոտենում ինձ և ասում, որ այդ սեղանի կողմից հայհոյանքնր են լսել: Նույն բանը ինձ ասած է լինում նաև Ալիկը (խոսքը մատուցաղ Դավիթ Ադամյանի մասին է.- Օ.Հ.)»:

Դատարանում վկան պատմեց, որ դրանից հետո ինքը մոտեցել է Վահե Ավետյանենց սեղանին և փորձել ճշտել՝ ինչ է պատահել: Տուժողները նրան հավաստիացրել են, որ ոչինչ չի պատահել. կոնֆլիկտը կապված է եղել Վահե Ավետյանի սպորտային համազգեստի հետ, վերջինս էլ արդեն գնացել էր այդ համազգեստը փոխելու: Մենեջերը Դավիթ Ադամյանին հրահանգել է այլևս չսպասարկել տվյալ սեղանը: Նա, իր խոսքով, հրահանգել է երաժիշտներին՝ մոտ 20 րոպե անդադար նվագել, որպեսզի ստեղծված լարվածությունը հանդարտվի:

Կարդացեք նաև

«Այդ ընթացքում ինձ տնօրենը կանչում է շենք՝ ձմեռային սրահ, այնտեղ դրսից՝ Ռուսաստանից եկած հաճախորդներ էին, որպեսզի ես հարսանեկան պատվեր վերցնեմ: Պատվերը վերցնելուց հետո ես գալիս եմ նորից ամառային սրահ: Նորից խառնաշփոթություն եմ զգում ամառային սրահում, ինչ-որ մարդիկ էին դուրս եկել կամ ինչ-որ մի բան: Նորից երաժշտություն չկար, և այդ ժամանակ ես նորից փորձում եմ հրահանգել իրենց, որ նորից երաժշտություն լինի՝ մտածելով՝ ինչ-որ բան է տեղի ունեցել, որովհետև ես մի պահ նկատել էի, որ ավտոկայանատեղիում հավաքված մարդիկ կային: Ես որ սկզբից դա նկատեցի, ավելի շատ կապեցի հրավառության հետ, որովհետև այդ ժամերի ընթացքում մեզ մոտ հրավառություն էր տեղի ունեցել: Եվ հետո ես իմացա մեր տնօրենից, որ ինչ-որ կոնֆլիկտ է եղել հաճախորդների և մատուցողի միջև: Հետո ես ճշտել եմ Ալիկից, թե ինչ է պատահել, ինչ է տեղի ունեցել»:

Վկան նաև ասաց, որ հաջորդ օրն իրեն զանգահարել են զինվորական հոսպիտալից և ասել, որ ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, և իրենց բժիշկներից մեկը շատ վատ վիճակում է: Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է:

Դատական նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց նաև ռեստորանային համալիրում որպես հրավիրված մատուցող աշխատած Մանուկ Մնացականյանը: Վկան, սակայն, ասաց, որ ինքն անձնագիր չունի, իսկ հարցին՝ ի՞նչ փաստաթուղթ է ներկայացրել քննիչներին նախաքննության ընթացքում հարցաքննվելիս, պատասխանեց, թե ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել:

Նա պատմեց, որ երբ մատուցող Դավիթ Ադամյանը Վահե Ավետյանին ասել է, որ ռեստորանային համալիրում սպորտային համազգեստով մուտքը չի թույլատրվում, Վահե Ավետյանն ասել է. «Ուզո՞ւմ ես հանեմ շորս, անդրավարտիքով նստեմ»: Դրանից հետո ռեստորանային համալիրի մենեջերն ասել է, որ ինքը պետք է փոխարինի մատուցող Դավիթ Ադամյանին՝ վերջինիս և հաճախորդների միջև ծագած որոշակի խնդիրների պատճառով.

«Հետո գնացի սեղանի մոտ, ասեց, որ մեր մատուցողին կանչի, ես էլ եկա, Ալիկին կանչեցի: Դրանից հետո ես գնացել եմ իմ սեղանի մոտ, բայց որ վատ էին պահում՝ հաստատ է, որովհետև իմ սեղանից բողոքում էին»:

Վկան նշեց, որ տուժող կողմը ձեռք է առել մատուցող Դավիթ Ադամյանին: Վկան հիշում էր Վահե Ավետյանի արտահայտությունները, սակայն, երբ մեղադրող Արթուր Դավթյանը նրան հարցրեց՝ ի՞նչ պատասխաններ է տվել Վահե Ավետյանին, վկան ասաց, որ չի հիշում: Մեղադրողն էլ հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նա Վահե Ավետյանի խոսքերը հիշում է, իսկ մյուսների պատասխաները չի հիշում:

Վկա Մանուկ Մնացականյանը, ըստ իր ցուցմունքի, հաջորդ օրն է միայն իմացել, որ նման դեպք է տեղի ունեցել: Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 7-ին:

Տեսանյութեր

Լրահոս