Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին

Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներինՃշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել  հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ 

«Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ Դատական գործընթացներում միջազգային դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է ադրբեջանական դատական համակարգին պատասխանատվության ենթարկելու առումով այն բանի համար, ինչ ակնկալվում է, որ տեղի է ունենալու փակ և գաղտնի դատական գործընթացների ժամանակ»,-ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվում դատական պրոցեսներ են սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, իսկ այնուհետև ռազմական ագրեսիայի հետևանքով, երբ 120 հազար հայեր ստիպված էին փախչել Հայաստան։ Դատական գործընթացներին հետևելու համար ադրբեջանական վիզայի սպասող միջազգային դիտորդների թվում են Espacio para la Memoria ինստիտուտի տնօրեն Անա Մարիա Կարեագան, Արգենտինայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կլաուդիա Վիվիանա Ռոկան, իրավաբան և մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Բուենոս Այրեսի քրեական դատարանի նախկին զեկուցող Իռեն Վիկտորիա Մասիմինոն, քրեական իրավունքի մասնագետ Ավի Սինգհը։ Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս մասնագետները վիզա ստանան և ապահովվի նրանց անվտանգությունը այցի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս