Սիրիան պատրաստվում է ֆինանսական օգնության մասին պայմանագրեր կնքել ՌԴ-ի ու Իրանի հետ
Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ադիբ Մայալյան հայտարարել է, թե Դամասկոսը հուսով է մոտ ժամանակներս ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ համաձայնագրեր ստորագրել Ռուսաստանի ու Իրանի հետ.
«Մենք ակնկալում ենք նյութական աջակցություն ստանալ Ռուսաստանից ու Իրանից, այդ մասին միաժամանակ բանակցություններ ենք վարում նաև այլ երկրների հետ: Ռուսաստանի ու Իրանի հետ համաձայնագրերում մնացել է դնել վերջին կետերը:
Երկու տարվա արյունահեղ հակամարտության հետևանքով Սիրիայի տնտեսական կորուստները կազմել են մոտ 25 միլիարդ եվրո: Ես լուրջ խնդիր չեմ տեսնում սիրիական ֆունտի՝ ավելի քան կրկնակի արժեզրկվելու մեջ: Երկու տարվա ընթացքում ֆունտի փոխարժեքը նվազել է 51 տոկոսով: Մենք ի վիճակի ենք վերադարձնել ազգային արժույթի նախկին փոխարժեքը:
Ներկա պահին Սիրիան կարիք չունի սուր ֆինանսական օգնության, քանի որ նրա գանձարանում առկա են արժույթի զգալի պաշարներ՝ դիմակայելու համար անկմանը, որին ենթարկվել է Սիրիան: Իրականությանը չի համապատասխանում նաև այն, որ Սիրիայում առկա է դրամական միջոցների դեֆիցիտ՝ պետծառայողներին աշխատավարձ վճարելու համար»: