Խորհրդային լուսանկարիչ Լև Ռասկինի բացառիկ լուսանկարները 1960-ականների Երևանից

Մեր մայրաքաղաք Երևանի զարգացման յուրաքանչյուր շրջանի հիմքում պատմական, ինչպես նաև հասարակական-քաղաքական իրողություններն են: Երևանի նորագույն շրջանի պատմության մասին խոսելիս՝ նկատում ենք, որ քաղաքի զարգացման հիմքում այդրոպեական պատմության իրողությունն է:

Մասնավորապես՝ Երևանի զարգացման յուրահատուկ շրջան էր Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանը, որին հաջորդող Խորհրդային շրջանը ևս շարունակեց պետության վարած քաղաքականությունը: Խորհրդային երկար ու ձիգ շրջանը ևս ունի զարգացման փուլեր: Այս համատեքստում ցանկանում ենք մասնավորապես անդրադառնալ Երկրորդ աշխարհամարտից և Հայրենական պատերազմից հետո Երևանում տեղի ունեցած զարգացումներին, փոփոխություններին:

Հետպատերազմյան շրջանում Երևանի զարգացման հիմքերից մեկը եղավ արդյունաբերական համալիրների զարգացումը, կառուցումն ու շահագործումը: Երևանում և շրջակա տարածքում բացվեցին մի շարք արդյունաբերական, գիտահետազոտական կենտրոններ, ինչպես նաև այդ ամենին կից մեծ թվով գործարաններ: Կարճ ժամանակ անց Երևանում սկսեցին կառուցվել նաև կրթական, մշակութային կենտրոններ: Հետպատերազմյան շրջանը նոր ուժ ու եռանդ տվեց Երևանի զարգացմանը:

Մեր մայրաքաղաքի զարգացումը դիպուկ հասկանալու համար հարկ է թերթել նաև օտարազգի նշանավոր մարդկանց, ճանապարհորդների հուշերը, ովքեր եղել են հետպատերազմական շրջանի Երևանում:

1948 թվականին երկրորդ անգամ Երևան է գալիս անգլիացի գրող Ջոն Փրիսթլին, ով իր հուշերում մասնավորապես գրում է.

«Ես իմ կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որն այդքան արագ աճեր, ինչպես Երևանը: Ես այստեղ եղել եմ 1931 թվականին և եթե ինձ նորից փակ աչքերով բերեին Երևան և չասեին, թե մենք ուր ենք գտնվում, ապա ես երբեք չէի ճանաչի այս քաղաքը: Ինձ ապշեցրին այն վիթխարի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այստեղ, համեմատաբար կարճ ժամանակում՝ 17 տարի»: (Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 237):

Հետպատերազմական շրջանի Երևանի կտրուկ զարգացումը տեսնելով՝ նկատում ենք, որ մայրաքաղաքում մի քանի տարիների ընթացքում փոփոխությունները տեղի էին ունենում արագ: Այդ ամենն ավելի ակնառու է դառնում և ավելի մեծ տեմպերով է ընթանում հատկապես 1960-ականներին: Դա ևս փաստում են 1960-ականներին Երևան ժամանած օտարազգի նշանավոր մարդիկ, ովքեր ևս իրենց հուշերում հիացմունքով են գրում Երևանի զարգացման մասին:

Մասնավորապես՝ 1964 թվականին Երևան է ժամանում շվեյցարացի ականավոր գրող Ֆրիդրիխ Դյուրենմաթը, ով Երևանի ու իր այցի մասին գրում է.

«Դուք իրավունք ունեք հպարտանալու ձեր մայրաքաղաքով, նրա կենտրոնական հրապարակով… և պողոտաներով, որոնք այդ հրապարակից ճառագայթաձև ճյուղավորվում են տարբեր ուղղություններով: Դուք ունեք հիանալի կամուրջներ, գեղատեսիլ ձորեր ու վեհաշուք ժայռեր, սրընթաց գետեր, և այս ամենը կարելի է տեսնել առանց Երևանից դուրս գալու»: (Նույն տեղում՝ էջ 237):

Օտարազգի նշանավոր մարդկանց, ճանապարհորդների հուշերի հետ մեկտեղ՝ 1960-ականների Երևանի գեղեցկության, զարգացման ու յուրահատկության մասին խոսում են նաև այդ նույն շրջանի բացառիկ լուսանկարները:

1960 թվականին Երևան է այցելում և քաղաքը լուսանկարում ԽՍՀՄ հայտնի լուսանկարիչ Լև Ռասկինը:

Նա հայտնի էր՝ որպես խորհրդային բազմաթիվ բացիկների, քաղաքային բնապատկերների հեղինակ։ Նա եղել է ԽՍՀՄ ավելի քան 30 քաղաքներում և իր ֆոտոխցիկով հավերժացրել է դրանք: 1960 թվականին Երևանում տպագրվում են Լև Ռասկինի լուսանկարները՝ բացիկի տեսքով: Այդ լուսանկարներում երևում են արդեն իսկ կանգուն այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Հանրապետության Հրապարակը, Մատենադարանը, Օպերայի շենքը, Մոսկվա կինոթատրոնը, ինչպես նաև մի շարք քաղաքային շենքեր, տեսարաններ, փողոցներ: Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում պահվում են խորհրդային շրջանի ականավոր լուսանկարիչ Լև Ռասկինի հեղինակած լուսանկար-բացիկները: Հենց այս արխիվային լուսանկար-բացիկներում տեսնում ենք 1960-ականների Երևանի գեղեցկությունը, կյանքը և կոլորիտը:

Այդ նույն շրջանի մասին իր բացառիկ հուշն է ներկայացնում նաև ֆրանսիացի գրող Ժան Պոլ Սարտրը: Նա Երևան էր ժամանել 1963 թվականին.

«Երևանը հայ ժողովրդի ավյունի և արիության իսկական դրսևորման քաղաք է: Ես իմ կյանքում ոչ մի քաղաք չեմ տեսել, որը նման լիներ Երևանին, որտեղ բնակչությունը պատմական կարճ ժամանակամիջոցում 30 հազարից հասներ ավելի քան 600 հազարի»: (Նույն տեղում՝ էջ 237):

Սարտրի և աշխարհահռչակ մի շարք հայտնիների դրական ու հիացական խոսքերը լրացումն են խորհրդային լուսանկարիչ Լև Ռասկինի լուսանկարներին: Այս կադրերում երևում է նախորդ դարի հասարակական կյանքը, Երևանի գեղեցիկ կոլորիտն ու խաղաղությունը: Այս լուսանկարները հերթական անգամ փաստում են, որ ամեն մի դարաշրջան իր հետ միասին Երևանին բերում է նոր դեմք, դիմագիծ և բնավորություն:

Լուսանկար-բացիկները՝ Հայաստանի Ազգային գրադարանի

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս