Աբսուրդ է ուղղակի, երբ լսում ես, թե՝ կգնանք, հանրաքվե կանենք, վազելով կհասնենք ԵՄ. Ատոմ Մարգարյան

Տնտեսության ու քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին իշխանությունների՝ տարիներ տևող տարաբնույթ հայտարարություններն այս օրերին հատկապես փորձում են վերածվել գործողությունների․ օրինակ, կառավարությունն օրերս կանաչ լույս վառեց ԵՄ անդամության խնդրով հանրաքվե անցկացնելու հարցն ԱԺ-ում քննարկելու համար, իսկ նախօրեին ստորագրվեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

Հանրային տարբեր շրջանակներ արձանագրում են՝ արդեն եղածը մերժելու հաշվին դիվերսիֆիկացիան շատ թանկ է արժենալու Հայաստանի ու Հայաստանի քաղաքացիների համար, իսկ մասնագիտական տարբեր դիտարկումների համաձայն՝ այս հարցում իշխանությունների հաջողելու հարցը թեական է՝ հաշվի առնելով տարաբնույթ օբյեկտիվ խնդիրները։

Իսկ մինչ այդ՝ Ռուսաստանի Դաշնությունից հորդորում են ընտրություն կատարել դեռևս ԵԱՏՄ և ԵՄ միջև։
«Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ»,- նախօրեին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հիշեցրել ՌԴ-ի՝ ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։

Իսկ Օվերչուկը մասնավորապես նշել էր․ ««ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Անհնար է պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ կետում կարող են համատեղվել։ Այդ պատճառով էլ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը դիտարկում են Հայաստանում, այս երկրին կանգնեցնում է ընտրության առջև»։

Կարդացեք նաև

ՌԴ պաշտոնյան Հայաստանի անդամակցությունը Եվրամիության համեմատել էր «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ։

Արդյո՞ք այս պահին Հայաստանն ի վիճակի է այդ ընտրությունը կատարել ՝ 168․am-ը հետաքրքրվել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանից։

Տնտեսագետը նախ միամտություն է համարում դիվերսիֆիկացիայի առնչությամբ «կգնանք այստեղ, կգնանք այնտեղ, կբարձրանաք վերև, կիջնենք ներքև» հայտարարությունները․ նա համոզված է՝ դրանք ընդամենը քաղաքական մանիպուլյացիաներ են, ու որոշակի խմբեր են այդ օրակարգերը նետում ասպարեզ՝ սեփական շահերը սպասարկելու համար։

«Իրականում հարկավոր է նկատի ունենալ, որ այդ կառույցները տարբեր համակարգեր են, տարբեր տեխնոլոգիական մակարդակով, մշակույթով, արժեհամակարգերով, քաղաքական, իրավական ու քաղաքակրթական մոտեցումներով։

Ես չեմ պատկերացնում այս պահին ԵԱՏՄ-ն լքելն ու և ԵՄ-ին ձգտելը՝ չունենալով նույնիսկ մուտքի նվազագույն պայմանները՝ ինչպես, օրինակ, շնչի հաշվով 20-22 հազար դոլարի եկամուտ, որն ըստ էության մուտքի նախապայման է ԵՄ մտնելու համար։

Աբսուրդ է ուղղակի, երբ լսում ես, թե՝ մենք կգնանք, հանրաքվե կանենք, վազելով կհասնենք այնտեղ։ Մենք տեսնում ենք՝ հենց ԵՄ-ի նորանդամ երկրները՝ Բուլղարիան, Ռումինիան, Մերձբալթյան երկրները, ինչ տխուր վիճակում են․ դրանք դարձել են կցորդներ։

Օրինակ, Բուլղարիան մինչև Խորհրդային Միության փլուզումն ուներ բավականաչափ զարգացած մրցունակ գյուղատնտեսություն և գյուղմթերքների վերամշակող արդյունաբերություն, դա այսօր փլուզված է, որովհետև ԵՄ-ին ձեռնտու չէր ֆինանսավորել այն աշխատատեղերը, որոնք կային Բուլղարիայում, նրանց ձեռնտու էր, որպեսզի իրենց պրոդուկտը վաճառվի Բուլղարիայում»,- մանրամասնեց Ատոմ Մարգարյանը։

ԵԱՏՄ-ն լքելու և ԵՄ-ին միանալու գայթակղիչ առաջարկի համար մեկ այլ խոչընդոտ էլ մասնագետը համարում է այն, որ եվրոպական շուկայի մասնակից է Թուրքիան և, հետևաբար, հնարավորության դեպքում միայն Թուրքիայի միջոցով է կարելի և լոգիստիկ ու առևտրական սխեմաներով հաղորդակցվել ԵՄ հետ, ապա նաև՝ ԵՄ ստանդարտներն ու մրցակցությունը։

«Պետք է նախ գեներացնել տեխնոլոգիական, գիտատեխնոլոգիական, ինովացիոն կարողություններ․ ունենալ այնպիսի պրոդուկտներ, որոնք նվազագույն մրցունակություն կունենան, մենք չունենք նման բան»,- հավելեց նա։
ՌԴ-ից այս օրերին հնչող հայտարարությունները տնտեսագետը հասկանալի է համարում՝ նկատելով, որ ռուս ֆունկցիոներներն իրենց խնդիրներն են լուծում։

Ու թեև, ըստ նրա, ԵԱՏՄ-ն դրախտավայր չէ ու ունի բազմաթիվ խնդիրներ, բայցև հիշեցնում է՝ ԵՄ-ում էլ մեզ գրկաբաց չեն սպասել ու սպասում։

«Շուրջ 10 տարի է՝ ինչ Հայաստանը ԵԱՏՄ միության անդամ է, և այն իրավահավասար գործընկերության սխեմաները, որ դրված էին միության պայմանագրահենքում՝ օրինակ, ռեսուրսների հասանելիության կամ սակագնային համադրելիության առումով, մինչ օրս իրականացված չեն։ Խոսքը հատկապես վերաբերում է էներգակիրների շուկային, մաքսային այնպիսի խտրականություններին, որոնք ձեռնտու են հատկապես ՌԴ-ին և ոչ մյուս անդամ-երկրներին, օրինակ՝ ավտոմոբիլային շուկայի այդքան բարձր բարիերները, որ դրեցին, կամ՝ նույն ԵԱՏՄ պայմանագրերից մեկով ՀՀ-ում գազի գինը պետք է մոտավորապես այնքան լիներ, որքան Օրենբուրգի մարզում։ Եթե չկա նման բան, ինչպե՞ս կարող է Հայաստանում արտադրված ինչ-որ արտադրանք մրցունակ լինել թեկուզ ռուսական շուկայում։ Չի՛ կարող կրկնակի թանկ գազով արտադրված արտադրանքը մրցունակ լինել ռուսական, կրկնակի էժան գազով արտադրված նույնատեսակ արտադրանքի հետ։

Բայց եթե ամփոփենք, պետք է իրատես լինել․ ԵՄ ուղղությամբ չկա որևէ խնդիր, որ լուծված կլինի ու թույլ կտա դեպի եվրոպական շուկա ինչ-որ քայլ անել։ Այնտեղ այնպես էլ չէ, որ գիրկները բաց սպասում են մեզ․ նրանք երբեք չեն հանդուրժի Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ եղած աշխատատեղերի ֆինանսավորումը։
Մենք տեսնում ենք, թե նույնիսկ Ուկրաինայի պարագայում ինչ ողբալի վիճակ է․ ուկրաինական այնպիսի պարզ պրոդուկտներ, ինչպիսին հացահատիկն է և գյուղատնտեսական մթերքը, շատ քիչ քվոտաներով կարող է մտնել ԵՄ շուկա,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ դա չի հետաքրքրում մարդկանց, որոնք ինչ-ինչ քաղաքական օրակարգեր են գեներացնում,- Նրանց հետաքրքրում է իրենց քաղաքական բիզնեսն ու շոուները՝ հանրաքվե անենք, խաբենք ժողովրդին»։

Հարցին՝ ամեն դեպքում, այս պարագայում ինչպե՞ս է հնարավոր դիվերսիֆիկացիան, Ատոմ Մարգարյանն արձանագրեց, որ դրա համար պետք է կարողություն ու կոմպետենցիա ունենալ։

«Դիվերսիֆիկացիան իրականացվում է քաղաքականության լայն իմաստով՝ ոչ միայն տնտեսական քաղաքականությամբ, այլև օրենսդրությամբ ու ինստիտուցիոնալ կարգավորման գործիքներով։ Լիբերալ արմատական այն մոդելները, որ տասնամյակներ շարունակ գործի են դրվել հիմնականում կոռուպցիայի մեխանիզմներով, շարունակում են գործել։

«Ինչպես»-ի հարցը հստակ է ու պարզ․ հարկավոր է դիֆերենցված արդյունաբերական ու ինովացիոն քաղաքականության վարել, առաջին տեղում դնել արդյունաբերությունների, սեփական աշխատատեղերի ստեղծման ու խրախուսման քաղաքականությունը։ Իսկ դրա գործիքները հայտնի են ու առաջին հերթին՝ հարկային դիֆերենցված քաղաքականության մոտեցումներն են, և ոչ թե՝ մենք ՀՆԱ կգեներացնենք, տնտեսական աճ կունենանք, բայց իրականում, միջին ու երկար ժամկետում մենք ունենանք կոլապս։ Հայաստանն արդեն կայուն ձևով խրվել է միջին եկամտի ծուղակում, ու չի երևում, որ երբևէ՝ տեսանելի հորիզոնում, այնտեղից դուրս կգա։
Դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ նշանակում է առաջին հերթին փորձել գերակայություն տրամադրել այն ճյուղերին, արտադրություններին, որոնք կարող են գեներացնել բարձր ավելացված արժեքներ և, հետևաբար, եկամուտներ։
Այսինքն՝ նման ոլորտների նկատմամբ պետությունը պետք է ունենա հովանավորչական, արտոնյալ ցածր հարկադրույքների քաղաքականություն»,- նկատեց մասնագետը։

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե իշխանությունները վստահեցնում են, որ հարկային բարեփոխումներ են անում, հարկային քաղաքականությունը բարելավում են, Ատոմ Մարգարյանը նշեց․ «Ես չեմ տեսնում բարելավում․ միակ նպատակը ֆիսկալ, գանձութային, ժողովրդի լեզվով ասած՝ հարկ քերելու քաղաքականությունն է, որովհետև պետական բյուջեն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ օր առաջ դու պետք է սպասարկես քո արտաքին պարտքը, դրան գումարվել է նաև խայտառակ ծավալի ներքին պարտքը, ռազմական ծախսերը, սոցիալական պարտավորությունները։ Այս իրավիճակում ես չեմ պատկերացնում՝ ինչպիսի վերաբաշխումներ է հնարավոր անել բյուջեից, որ իմ մատնանշած արդյունաբերական քաղաքականությունն իրականացվի։

Դրա համար պետք է քաղաքական կամք, նոր կառավարություն, նոր մտածողությամբ քաղաքական գործիչներ, նոր պառլամենտ»։

Ըստ նրա՝ մյուս խնդիրը դրամավարկային քաղաքականությանն է վերաբերում․ նա արձանագրեց, որ Կենտրոնական բանկը դրամավարկային համակարգը 16-17-րդ դարերի մակարդակով է կառավարում։

«Ժամանակակից աշխարհը միայն գնաճային կարգավորումներով չէ, որ առաջնորդվում է․ նաև զբաղվածությունը պետք է կարգավորի դրամավարկային քաղաքականությունը։ Հնացած կոնցեպցիաներն իրենց համար դարձրել են դրոշ, և ինչպես ասում են՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ տանձի մասին, ԿԲ-ում էլ 7 երգ գիտեն, 7-ն էլ՝ գնաճը կառավարելի տիրույթում պահելու մասին։ Թեև դրան գումարել են նաև ֆինանսական կայունությունը, բայց մակրոտնտեսական ինդիկատորները բազմաթիվ են, ու գնաճի կողքին առնվազն զբաղվածության խնդիր պետք է կարգավորել։

Այդ բարձր տոկոսադրույքները, որոնցով պարտադրված ապրում է մեր տնտեսությունն ու հասարակությունը, ոչ մի լավ տեղ չեն տանելու․ դրա վերջն ուղղակի կոլապսն ու ֆինանսական ճգնաժամն է»,- նկատեց տնտեսագետը։
Ատոմ Մարգարյանն ամփոփելով՝ շեշտեց, որ դիվերսիֆիկացիայի գնալու ուղիներ ու հնարավորություններ միշտ էլ կան, պարզապես պետք սահմանափակել այն բիզնեսների ախորժակը, որոնք օդից փող են բռնում՝ խաղաբիզնես, հանքարդյունաբերություն, առևտուր, ստանդարտ ծառայություններ, բնական մենաշնորհներ։

Տեսանյութեր

Լրահոս