Վարձու աշխատո՞ղ ես, ուրեմն ժամանակդ գնաց. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլյան նորամուծություններից մեկն էլ այն է, որ 2025թ.-ին եկամտի հայտարարագիր կներկայացնեն վարձու բոլոր աշխատողները: Եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։ Հասկանալի է, «կոռուպցիայի» դեմ են պայքարում, մինչդեռ դա պետք է իրենից եւ շրջապատից սկսեր: Իսկ այսպես, պարզապես կամաց-կամաց մինչեւ «կոշիկի չափը» վերահսկողության տակ են ուզում առնել երկրի ողջ բնակչությանը:
Ինչևէ, 2024-ի հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը 2025-ի մայիսի 1-ն է։ 2024 թվականի հաշվետու տարվա համար 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե՝
2024 թվականի ընթացքում համարվել է վարձու աշխատող, 2024 թվականի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ,
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն,
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023 թ.ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,
2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու,
2024 թվականի ընթացքում ստացել է 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
2023 թվականի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:
Առավել մանրամասն եւ մատչելի Պետեկամուտների կոմիտեից փոխանցեցին, որ առաջիկայում կիրազեկեն, թե ինչ եղանակով է իրականացվելու հայտարարագրումը, ընդգծելով, որ սակայն գործելու է հիմնականում նույն կարգը, ինչը նախորդ տարի էր կիրառվում։ Հայտարարագիր ներկայացնելու համար պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը։ Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք կունենան նաև եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։
ՊԵԿ-ից ընդգծում են, որ հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները։ Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100,000 դրամ:
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը փուլային է, վերջինը նախատեսվում է 2026-ին: Հաջորդ տարվանից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ։ Հայտարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը 5000 դրամ է, իսկ տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։
Կարճ ասած, Հայաստանի բոլոր քաղաքացիներն են դառնում «տուգանքի մատերիալ»: Չնայած հուսանք, որ գալիք տարի Նիկոլ արդեն չենք ունենա»: