«Արմավիայի» ազդեցությունը «ՎՏԲ-Հայաստան» բանկի վրա. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարածված լուրերը, թե «Արմավիա» ավիաընկերությունն ամենամեծ պարտքերն ունի «ՎՏԲ-Հայաստան» բանկին, և որի արդյունքում բանկի հայաստանյան կառույցը կարող է սնանկանալ, նշված բանկի կողմից չեն հաստատվում։ «Ժողովուրդի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից հայտնեցին, թե իրենք շարունակում են նախկինի պես բանկային ծառայություններ մատուցել:
Այնուամենայնիվ, նույն բանկի՝ մեզ ուղարկած տվյալներով՝ նրանց մասնաճյուղերից երեքը վերջին մեկ տարվա ընթացքում փակվել են։ Ավելին, «Արմավիայի» սնանկ հայտարարվելուց հետո, այսինքն՝ այս ամսվա ընթացքում, փակվեց նաև «ՎՏԲ-Հայաստան» բանկի Տաշիրի տարածաշրջանի մասնաճյուղը: Սակայն բանկի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ հաճախորդները նույն ծառայությունները կարող են ստանալ հարևան Ստեփանավան քաղաքի մասնաճյուղից:
Բայց փաստն այն է, որ բանկը շարունակում է կորուստներ կրել։ Չի բացառվում, որ իսկապես «Արմավիայի» սնանկացումը բացասաբար ազդի «ՎՏԲ-Հայաստան» բանկի գործունեության վրա»: