Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները

Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար»: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանյան փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում ռազմական ճանապարհով «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը հասնելու համար, ինչը, ըստ նրանց՝ ռուսական պլանի մի մասն է և վտանգի տակ է դնում տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը:

Փորձագետները քննադատում են նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որն, ըստ նրանց՝ իր լուռ համաձայնությամբ դարձել է ռուս-թուրքական տանդեմի կամակատարը. տարածաշրջանում զարացող իրողությունների ֆոնին տարածաշրջանային անհասկանալի քաղաքականություն է որդեգրել:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Ալիևի հայտարարությունը, հետագայում՝ ռազմական ճանապարհով «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի գրավումը ողբերգական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև՝ Վրաստանի վրա:

Թումասյանը դրա համար մի քանի փաստարկ է բերում. առաջին՝ տարածաշրջանային նոր պատերազմ, ինչի կապակայունացնի տարածաշրջանը, երկրորդ՝ Վրաստանով անցնող կոմունիկացիաները կարևոր են երկրի համար, քանի որ իր հարևանների հետ այս կերպ է բալանսավորում հարաբերությունները, «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի բացման դեպքում Վրաստանը կկրոցնի իր աշխարհաքաղաքական կարևորությունը և խոցելի կդառնա ռուս-թուրքական տանդեմի համար:

Ըստ Թումասյանի՝ Հայաստանի շուրջ սեղմող օղակի պատասխանատուն է նաև «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի վարած քաղաքականությունն ու այդ քաղաքականությանն աջակցող հայերը Վրաստանում»:

««Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի բացման դեպքում, որը Թուրքիային և Ադրբեջանին թույլ կտա ցամաքային ճանապարհով միանալ միմյանց՝ տարածաշրջանը կանցնի թուրք-ռուսական նոր ճարտարապետության տակ, Վրաստանը կկորցնի իր աշխարհաքաղաքական կարևորությունն ու կդառնա խոցելի Թուրքական միության և Ռուսաստանի համար»,- ասաց Թումասյանն ու ընդգծեց՝ այս իրավիճակից ելքն այն է, որ Հայաստանն ու Վրաստանը միասին շարժվեն դեպի Արևմուտք. դա կպաշտպանի թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի տարածքային ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով, մեր տարածաշրջանում Ալիևի բռնապետական ​​ռեժիմը գնալով ավելի վտանգավոր է դառնում:

Ըստ Միքելաձեի՝ նախ Ալիևի ռեժիմը ոչնչացրեց և ստորադասեց սեփական ժողովրդին. լրագրողներին, ակտիվիստներին, ընդդիմադիրներին փակեց բանտերում, Ալիևի ընտանիքը մսխում և հարստանում է պետական ​​ռեսուրսներով, իսկ ժողովուրդն ապրում է աղքատության և անհավասարության մեջ. այնուհետև հակամարտող տարածաշրջանը ետ գրավվեց պատերազմով, շրջափակման և հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղը գործնականում զտեց տեղի հայերից և սպառնաց գրավել ավելի շատ տարածքներ:

«Այժմ նա միջամտում է ինքնիշխան պետության ներքին գործերին, սպառնում է ոչնչացնել այն։ Կոնսոլիդացված ռեպրեսիվ ավտորիտարիզմի ստեղծողն անձամբ Հայաստանն անվանում է ֆաշիստական ​​պետություն։ Այս իրականության մեջ «Վրացական երազանք»-ը գործնականում չունի տարածաշրջանային քաղաքականություն։ Այս ճգնաժամի պայմաններում անհասկանալի է, թե որն է մեր ռազմավարությունը և կամ առաքելությունը տարածաշրջանային անվտանգության և համագործակցության համար»,- գրել է Միքելաձեն:

Միքելաձեն նշել է՝ համաշխարհային կարգը փոխվում է մեր աչքի առաջ և դառնում ավելի հիերարխիկ, ավտորիտար և կայսերական: «Վրացական երազանք»-ը չի հասկանում, որ այս փոփոխություններն իրականում մեծացնում են ռիսկերը «մեզ նման փոքր ու թույլ երկրների համար, և փոխանակ գտնելու ճիշտ ու վստահելի ընկերներ, ովքեր կճանաչեն պետությունների ինքնիշխանությունն ու իրավահավասարությունը, մեզ լրիվ մենակ է թողնում այս ավտորիտար հեգեմոն հեգեմոն ուժերի առջև».

«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Աստված գիտի, թե «Վրացական երազանք»-ն այս ճգնաժամային ժամանակաշրջանում ինչ հեգեմոն ուժի կհանձնվի և որքանով թույլ կտա նրանց ներթափանցել մեր տնտեսական և անվտանգության համակարգ»:

Տեսանյութեր

Լրահոս