Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելը
Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում:
Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի Ասոցիացիան ասում է, որ կոֆեինից խուսափելը չի օգնում կանխարգելել սրտի աննորմալ ռիթմը նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ, թեև կոֆեինը կարող է վատթարացնել հիվանդության ախտանիշները որոշ հիվանդների մոտ:
Ըստ shantnews-ի՝ հետազոտության առաջատար հեղինակ և Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի դոցենտ Մասսիմո Բարբագալոն նշել է, որ նախասրտերի ֆիբրիլյացիան կապված է դեմենցիայի ռիսկի բարձրացման հետ: Սուրճը կարող է փոխհատուցող ազդեցություն ունենալ՝ բարելավելով ճանաչողական աշխատանքը:
Նախասրտերի ֆիբրիլյացիա ախտորոշմամբ ավելի քան 2 400 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմելը կապված է ճանաչողական թեստերի ավելի լավ արդյունքների հետ: Մասնակիցները, ովքեր ավելի շատ սուրճ են խմել, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել տեղեկատվության մշակման արագության և ուշադրության հետ կապված: Ամենաշատ սուրճ խմած կամավորների ճանաչողական տարիքը 6,7 տարով փոքր է եղել, քան ամենաքիչ խմողները։
Բացի այդ, նրանք, ովքեր օրական հինգ բաժակ սուրճ են խմել, նրանց մոտ 20%-ով ավելի ցածր է եղել մարմնում բորբոքման մակարդակը, քան նրանց մոտ, ովքեր մեկ բաժակից քիչ են խմել:
Այս արդյունքները նոր հեռանկարներ են բացում սուրճի օգտագործման վերաբերյալ՝ որպես նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող մարդկանց ճանաչողական ֆունկցիան աջակցելու միջոց, չնայած ավանդական համոզմունքին, որ այն վնասակար է սրտանոթային համակարգի համար:



