Բոստոնի պայթյունների առնչությամբ հայկական կապի մասին կեղծ մեղադրանքը պետք է դատապարտվի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալ շաբաթ Բոստոնի մարաթոնի բարբարոսական պայթյունների առնչությամբ շատ անպատասխան հարցեր են մնում:
Հաստատված փաստերի բացակայության պայմաններում դժվար է հիմնավորված եզրակացության հանգել և գտնել Ցարնաև եղբայրների (Թամերլան, 26 տարեկան և Ջոխար, 19 տարեկան) արյունահեղ գործողությունների շարժառիթը: Հետաքրքիր է նշել, որ Թամերլանը կրում է 14-րդ դարի միջինասիական արյունարբու զորապետի (Լենկթեմուրի) անունը, որը հողին է հավասարեցրել ամբողջ քաղաքներ և կոտորել միլիոնավոր անմեղ մարդկանց:
Նախընտրելի է չեչենների, մահմեդականների և Ցարնաև ընտանիքի մասին անհիմն եզրակացություններ և ընդհանրացումներ անելու փոխարեն մի շարք կարևոր հարցեր առաջ քաշել.
– Դեռևս 2011 թվականին, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունները խնդրեցին Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) հետաքննել Թամերլանի արմատական իսլամիստական կապերն ու ընդհատակյա խմբերին միանալու մտադրությունները, ՀԴԲ-ն որքանո՞վ լավագույնս իրականացրեց այդ առաջադրանքը: Եթե ՀԴԲ-ի գործակալները մանրազնին աշխատանք կատարեցին և կասկածելի ոչինչ չգտան, ինչո՞ւ մի քանի ամիս անց չհետևեցին Թամերլանին, երբ վերջինս 2012 թվականին վերադարձավ Միացյալ Նահանգներ, վեց ամիս անցկացնելով Չեչնիայի և Դաղստանի խռովության մեջ գտնվող հանրապետություններում: Եվ, ինչո՞ւ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները չհետաքննեցին Թամերլանի համակարգչում հայտնաբերված ջիհադական տեսահոլովակներն ու արմատական իսլամիստական կայքերի հղումները:
– Եթե ռուսական նախազգուշացումը լրջությամբ չհետապնդվեց Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից, արդյոք նրանց որոշումը հիմնված էր քաղաքական նկատառումների՞ թե՞ ահաբեկչության ռիսկի պատշաճ գնահատման վրա: Արդյոք Միացյալ Նահանգների պաշտոնատարները գերադասեցի՞ն չմիջամտել Ռուսաստանի ներքին հակամարտությանը, քանի որ չեչեն ապստամբները մարտնչում էին Ռուսատանի դեմ իրենց անկախության համար: Արդյոք Միացյալ Նահանգները չեչեն «ահաբեկիչներին» դիտում է որպես «ազատության մարտիկնե՞ր», եզրակացնելով, որ նրանք վտանգ չեն ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Առավել կարևոր է, թե ի՞նչ դեր են խաղացել հակառուսական դիրքորոշում ունեցող ազդեցիկ նոր պահպանողական ամերիկյան շրջանակները Թամերլանի վերաբերյալ զգուշացումները գնահատելիս:
– Արդյոք Ռուսաստանի հատուկ ծառայությունները մանրամասն հետաքննե՞լ են Թամերլանին, երբ նա հայտնվել էր նրանց տեսադաշտում Դաղստան և Չեչնիա կատարած վեցամսյա այցի ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ դժգոհ էին մնացել իրենց ավելի վաղ հարցմանը ՀԴԲ-ի սառն արձագանքից:
– Արդյոք այս ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեցին չորս և վիրավորվեցին մոտ 200 ամերիկացիներ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին կմղի՞ ավելի սերտ համագործակցության իրենց ռուս գործընկերների հետ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն ահաբեկչության դեմ, անկախ միջազգային քաղաքական նկատառումներից:
– Արդյոք Միացյալ Նահանգները կհետաքննի՞ 2003 թվականին Թամերլանի և նրա ընտանիքի երեք անդամների՝ Թուրքիա կատարած տասնօրյա այցը, ինչպես բացահայտել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը: Ի՞նչ նպատակով էին Ցարնաևներն այցելել Թուրքիա և ո՞ւմ հետ էին շփվել այնտեղ:
Անդրադառնալով Ցարնաև եղբայրների շատախոս հորեղբայր Ռուսլան Ցարնիին, նշենք, որ նա վիճահարույց և հակասական մեկնաբանություներ արեց, որոնք տարածվեցին ամբողջ աշխարհում CNN-ի, NBC-ի, Wall Street Journal-ի, Reuters-ի, Time շաբաթաթերթի և այլոց կողմից: Հորեղբայր Ցարնին մեղադրեց իսլամացած կրոնափոխ մի անանուն հայի Քեմբրիջից՝ Թամերլանին արմատական դարձնելու համար:
Մերիլենդի բնակիչ Ցարնին «NBC Today» շոուին պատմեց, որ իր հայ ծանոթներից մեկը հայտնել է Թամերլանի վրա «արտաքին ազդեցության» մասին. «Նա [ծանոթը] ասաց, թե ինչ-որ մեկը լվանում է նրա [Թամերլանի] ուղեղը, ով նոր է իսլամություն ընդունել: Ես ուզում եմ շեշտել, որ նա [ծանոթը] հայկական ծագում ուներ»:
Սակայն, հորեղբայր Ցարնին բոլորովին այլ բացատրություն տվեց CNN-ին իր զարմիկների քստմնելի արարքների համար: Նա մեղադրել է նրանց որպես «ձախողվածների», պնդելով, որ նրանք խայտառակել են իրենց ընտանիքի և չեչեն ժողովրդի պատիվը: Սակայն, հետագայում NBC Today-ին նա ասաց, որ իր զարմիկներին «ձախողվածներ» է անվանել զայրույթի պահին և նա հիմա վստահ է, որ նրանց հանցագործությունը կապ չունի Ռուսաստանի կամ Չեչնիայի հետ: Նաև, Ցարնին հակասեց ինքն իրեն, պնդելով, որ «վերջերս իսլամացած հայկական ծագում ունեցող» անձը նա է, ով Թամերլանի «ուղեղն է լվացել» և ոչ թե իր ծանոթը:
Հարց է ծագում, թե ո՞վ է Ցարնին և ինչո՞ւ է նա մեղադրում հայերին: Համացանցային մի թեթև որոնումից պարզ դարձավ, որ նա անմիջական կապեր ունի կասպյան տարածաշրջանում ներգրավված արևմտյան էներգետիկ ընկերությունների հետ: Նա աշխատել է Big Sky Energy, Golden Eagle Partners և Nelson Resources Ltd ընկերություններում. բոլոր երեքն էլ ուղղակի ներդրումներ ունեն Կասպից ծովի էներգետիկ նախագծերում: Կարե՞լի է արդյոք էներգետիկ այս ընկերությունների հետ Ցարնիի ունեցած կապերով բացատրել նրա մեղադրանքներն ընդդեմ հայի:
Վերջապես, ինչո՞ւ ոչ մի հայկական կազմակերպություն կամ հայ պաշտոնյա չբողոքեց լրատվամիջոցներին, որոնք Ցարնիի անհիմն ու զրպարտչական հայտարարությունները տարածեցին՝ մեղադրելով մի հայի Թամերլանին արմատական դարձնելու մեջ: Նման մի իրավիճակ ստեղծվել էր տարիներ առաջ, երբ ավստրալիական The Canberra Times թերթը հաղորդեց, որ «Հռոմի պապի վրա հայ մարդասպան է կրակել»: Իրականում, Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վրա կրակել էր թուրք Մեհմեդ Ալի Աղջան:
Ժամանակն է, որ հայերը հակազրպարտչական մի կազմակերպություն հիմնեն, որը ակտիվորեն կհետապնդի բոլոր նրանց, ովքեր զրպարտում և անվանարկում են հայերին ամբողջ աշխարհում:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի