Բաժիններ՝

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել միասեռ ամուսնությունների դեմ բողոքողների նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում միասեռ ամուսնությունների դեմ անցկացված խաղաղ ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների:

Երիտասարդները պահանջել են նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը: Նրանք մոտեցել են ոստիկաններին և նրանց վրա են նետել ապակյա շշեր: Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ գործադրել է արցունքաբեր գազ:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) երեկ վերջնականապես հաստատել է այն օրինագիծը, որով միասեռ զույգերին թույլատրվում է ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 331 պատգամավոր, դեմ՝ 225-ը: Ավելի վաղ փաստաթուղթը հավանության է արժանացել խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից:

Ակնկալվում է, որ այն ուժի մեջ կմտնի ամռան սկզբին, երբ այն իր ստորագրությամբ կհաստատի նախագահ Ֆրանսուա Օլանդը և կհրապարակվի երկրի պաշտոնաթերթում: Միասեռ ամուսնությունների օրինականացումն Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս