Ալիևի «կիրթ» պատասխանը՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին
Դեռ նոյեմբերին 168.am-ն անդրադարձել էր Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը, և այդ համատեքստում ներկայացրել էինք 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի կնոջ նախաձեռնություն-արշավների ռևոլյուցիան: Եվ այդ պատմական էքսկուրսի միջոցով զգուշացրել էինք, որ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը զուտ քաղաքական է, հետապնդում է քաղաքական, արտաքին քաղաքական հետին մտքեր:
Այսինքն, այստեղ չկան ազնիվ մղումներ՝ բարձրացնելու հասարակության կրթական ցենզը կամ կրթվածության մակարդակը, այլապես իրենց գործողությունների համար հիմք կծառայեր վիճակագրությունը, թե վերջին 6 տարիների ընթացքում քանի դպրոց է տարբեր պատճառներով փակվել, քանի երեխա է զրկված կրթություն ստանալու իր իրավունքից՝ տարբեր պատճառներով, քանի առաջադեմ ուսանող է դուրս մնացել բուհերից, քանիսը չի կարողացել սոցիալական պատճառներով շարունակել ուսումը կամ այդ նպատակով մեկնել արտերկիր, քանի բուհ է փակվելու միավորման պատրվակով:
Եվ, ի վերջո, կրթված լինելու կարևորագույն ցուցիչ է սեփական երկրի պատմությունն իմանալը։
Ավելին, հենց դրանով է պայմանավորված նաև այլ պետությունների ղեկավարության կողմից տվյալ երկրի և այն ներկայացնող ղեկավարի հանդեպ վերաբերմունքը, և հենց դրա վրա հիմնված է, որ պետության ղեկավարը պետք է կարողանա անվտանգային և արտաքին քաղաքական սառը հաշվարկներ անել, որից իր երկիրը չի դադարի լինել գործոն, և չի ունենա խոցելի անվտանգություն, բնականաբար, հաշվի առնելով նաև արդի մարտահրավերները, որոնք ինչ-որ առումով էլի պատմությունից են գալիս կամ հեռու չեն դրանից:
Հետագա զարգացումները և Աննա Հակոբյանի գրառումները եկան ապացուցելու, որ մենք չենք սխալվել մեր գնահատականում՝ այստեղ քաղաքական հետին մտքեր կան, և որքան էլ Աննա Հակոբյանը երրորդ դեմքով հարցադրումներ անի և ինքն էլ իր հորինած հարցերին պատասխանի՝ «տգետ» կամ «խավարից» համարելով իր արշավի տողատակը տեսնողներին, իրականությունից չես փախչի:
Մասնավորապես, հենց «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության սկզբում Աննա Հակոբյանը զգուշացնում է պարտության մասին, իսկ մեղավորներն էլ ընտրված են:
«2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։
Սա մի կողմից շատ ոգևորիչ է, մյուս կողմից՝ հիասթափեցնող։
Ոգևորիչ, որովհետև ապացուցում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։
Հիասթափեցնող, որովհետև մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետևող էր, և միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայնդեպս՝ այս 22 ժամվա ընթացքում։
Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք»,- նոյեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Այս գրառումից մոտ մեկ ամիս հետո Հակոբյանը փակագծեր է բացել.
«(…) Այդպիսով, ինչպես ավելի վաղ գրել էինք, հայ ժողովրդին առաջարկում էր (Աննա Հակոբյանը) պայքարել հենց իրենց դեմ` իր և իր ամուսնու դեմ: Որովհետև Հայաստանում նրանք են հենց հայ ժողովրդի դժբախտությունների, ողբերգությունների բուն պատճառը, երկիրը աղետի կործանման հասցրել է նրանց ընչաքաղցությունը, որկրամոլությունը, չտեսությունը, տգիտությունը, լկտիությունը, դավաճանությունը: Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց ՔՊ-ական ուսապարկերն են Հայաստանում թիվ մեկ կեղծիք, սուտ տարածողները, տգիտության և դավաճանության, գռեհկության մարմնացումները»։
«Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է, հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելը»:
Եվ հենց նույն ժամանակում Փաշինյանը նորից հիշել է բանակցային գործընթացը և ՀՀ նախկին նախագահներին, որոշել բանավեճի հրավիրել նրանց:
Այսինքն, մի կողմից՝ Աննա Հակոբյանն առաջարկում է հանդարտ ապրել երկրի կորստի վտանգի հետ, դավաճանված չզգալ, մյուս կողմից՝ Փաշինյանն Արցախի կորստի և երկրի այսօրվա ծանր անվտանգային վիճակի պատասխանատվությունը փորձում է դնել նախկինների վրա՝ ցանկանալով ձերբազատվել նաև 2020 թվականի պատերազմի պարտության և դրա հետևանքների թիվ մեկ պատասխանատուն լինելուց:
Եվ մինչև Աննա Հակոբյանը շարունակում է «կրթել»՝ 2025 թվականը հռչակելով կրթվելու տարի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական է ստորագրել՝ «Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին, և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:
Ըստ այդմ՝ Ալիևի հրամանում հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:
«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է Ալիևի հրամանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը վերանայել էր 2025 թվականի ռազմական բյուջեի նախագիծը և որոշել, որ այն ոչ թե կրճատվելու է, այլ զգալի ավելացվելու՝ մոտ 20 տոկոսով:
«Ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտության նոր օջախների ի հայտ գալը, մեր շուրջ պատերազմները և լարվածության աճը, այնպես էլ Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են մեզ անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին: Երկրի առաջ ծառացած խնդիրներից մեկը նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է: Եվ եթե մենք պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»,- սեպտեմբերին ադրբեջանական խորհրդարանում շեշտել էր Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի բանակի մարտական կարողություններն ավելանում են, և, որ իրենց զինված ուժերն այսուհետև ևս շարունակելու է զինվել պատշաճ մակարդակով:
2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հայտարարելով, Ալիևը հերթական հնարավորությունն է ստեղծում ներքին և արտաքին լսարանի համար ուժի ցուցադրության, հատկապես, երբ թուրքական կողմից ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում Թուրքիայի շնորհիվ է հաղթել:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ այս ֆոնին պարբերաբար Ալիևն ընդգծելու է իր երկրի սահմանադրության կարևորությունը, որտեղ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան:
«Ալիևն իր այդ որոշումը կապում է իրենց պատմության մի քանի, այսպես ասած, կարևոր տարեթվերի հետ. նախ նշում են իրենց Սահմանադրության ընդունման երեսունամյակը և ոչ միայն: Այդ միջոցառումներով Ալիևը նպատակ ունի ընդգծելու իրենց սահմանադրության և ինքնիշխանության կարևորությունը, որի բովանդակության մեջ, ինչպես գիտեք, տարածքային նկրտումներ կան Հայաստանի նկատմամբ: Եվ այդ ամենին զուգահեռ՝ ստիպում են ՀՀ իշխանություններին հրաժարվել մեր Սահմանադրության կարևոր դրույթներից, բարձրացնում են ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը, ինչին առանձնապես հայկական իշխանությունները չեն ընդդիմանում, ավելին, առաջ են տանում ադրբեջանական օրակարգը:
Այսինքն, 2025-ը ևս սկսվելու և շարունակվելու է թշնամու կողմից պարտադրած օրակարգով, որտեղ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությանն ու քայլերին հակազդելու քայլեր ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկում՝ կատարելով ու հարմարվելով նրանց պահանջներին, շարունակելով ապրել գլուխը կախ, խեղճացած ու պարտված»,- ասաց նա:
168.am-ը մանրամասն անդրադարձել էր այս թեմային՝ շեշտելով, որ Փաշինյանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջի կատարման համար:
Այն դեպքում, երբ օրերս Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել էր.
«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Ակնհայտ է, որ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ»:
Բայց Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման պայման չի դիտարկում Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունը, փոխարենը՝ Փաշինյանը գտնում է՝ ՀՀ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ:
Իսկ իրականում Անկախության հռչակագիրը ՀՀ անվտանգության ապահովման կարևոր գործոն է, և հենց դրա համար է Ադրբեջանը ցանկանում, որ Հայաստանը զրկվի այդ, այսպես ասած, իրավական գործիքից, քանի որ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ…
Իսկ Աննա Հակոբյանը շարունակելու է «կրթել» 2025 թվականին, իսկ Փաշինյանի կիրթ գործընկեր Ալիևը պնդելու է Հայաստանի դեմ իրենց պահանջների կատարումը՝ նոր սահմանադրության ընդունումից մինչև ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումների կիրառում: