Փաշինյանի «մեծ սխալի» գինը. Աննա Հակոբյանը սովորեցնում է՝ ինչպես դավաճանված չզգալ
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տվել կամ իր դեմ «հաղորդում» է ներկայացրել: Մասնավորապես, նա գրել է.
«1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:
Այն, որ Փաշինյանը ստում է՝ պնդելով, թե 30 տարի բանակցությունները միանշանակ ընթացել են Արցախն Ադրբեջանի կազմում վերադարձի շուրջ, մեկ անգամ չէ, որ խոսել ենք, ուստի տվյալ դեպքում չենք հիշեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման բոլոր տարբերակները, հատկապես, երբ արդեն բանակցային գործընթացին այս կամ այն չափով քաջատեղյակ քաղաքական գործիչներն արձագանքել են:
Այլ հարց է, որ բանակցային փաթեթներում եղել են հայկական կողմի համար անընդունելի տարբերակներ, որոնք էլ բանակցվել են:
ՀՀ որևէ իշխանություն չի եղել ոչմիթիզական, բոլորն էլ փոխզիջման կողմնակից են եղել՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», կամ՝ առնվազն ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանի պայման, ինչպես տարիներ առաջ գաղտնազերծված մի բացառիկ փաստաթղթում ասել էր Տեր-Պետրոսյանը, իհարկե, նմանատիպ միտք ՀՀ առաջին նախագահն այլ առիթներով էլ էր ասել, այսօր նույնիսկ դա չունենք:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում, որովհետև այն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը հայտարարված սկզբունքների վերաբերյալ, մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք, իհարկե, մեր մեկնաբանությունն անել, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, որովհետև մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ:
Մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի ներկայացուցիչները, Հայաստանի ներկայացուցիչները, Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանանք, այդ սկզբունքներն ինչ են նշանակում, ինչ կարող են նշանակել գործնականում: Օրինակ, այդ սկզբունքներն Ադրբեջանը մեկնաբանում է հետևյալ կերպ, թե դա նշանակում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Սա մի մեկնաբանություն է, իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս, և այլն, և այդպես շարունակ:
Այսինքն, քանի դեռ բոլորս չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, մենք իրար չենք հասկանա: Իմիջիայլոց, այս խնդիրները, որ ձևակերպել եմ, ինչո՞ւ ես դրա մասին չէի խոսում 2018թ. մայիսին, շատ պարզ պատճառով, որովհետև այս ընթացքում այս անհրաժեշտությունը ծագել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, միջազգային այլ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում: Կան ամենատարբեր մեկնաբանություններ՝ մի մասը՝ հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային:
Այո, կան միջազգային գործընկերներ, ես չեմ կարող հիմա նրանց վրա հղում անել, որոնք ասում են, որ այդ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղն ակնհայտորեն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեկ ուրիշն ասում է՝ ոչ, ակնհայտորեն նշանակում է, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս: Երրորդը երրորդ բանն է ասում, չորրորդը՝ չորրորդ բանը: Ես նոր մարդ եմ բանակցություններում և ուզում եմ հասկանալ, թե ով է ճիշտ, ով սխալ:
Ես մի այսպիսի գաղտնիք էլ բացեմ, վարչապետ ընտրվելուց հետո Արտաքին գործերի նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել, Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մենք խնդրել ենք իրեն, որ գա և մեզ որոշակի տեղեկություններ հաղորդի:
Այս գործընթացը շարունակվում է, ես, օրինակ, որ ասում էի, ասում էին՝ ի՞նչ եք խոսում Ալիևի հետ, բոլոր հնարավոր դավադրությունների սցենարները, հավաստի աղբյուրները հանդիպումից առաջ պատմել էին, թե ինչ է տեղի ունեցել: Ես ասել եմ, որ խոսքն ավելի շատ գնացել է բանակցային գործընթացի պատմության մասին, որովհետև ես՝ որպես նոր մարդ բանակցային գործընթացներում, ունեմ բազմաթիվ հարցեր և նույնիսկ երկրների ղեկավարների հետ եմ այդպիսի հարցեր քննարկել, որ այս դրվագում կան այսպիսի մեկնաբանություններ, հիմա այսպիսի մեկնաբանություններից ո՞րն է ճիշտը, այս դրվագի հետ կապված կան այսպիսի տեղեկություններ, այդ տեղեկություններից ո՞րն է ճիշտը:
Ասում են, որ այստեղ իրականում եղել է այսպես և ոչ թե այսպես, որովհետև ինձ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում: Այո, կան մարդիկ, որ ասում են, որ պետք չէ հասկանալ, եկել ես, նստի սկսի այս կետից ու շարունակի, բայց պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ամեն ինչը, ամեն բառը, ամեն փուլը»:
Սրանից մեկ ամիս հետո՝ 2019 թվականի ապրիլին, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինքը բանակցությունները սկսել է ա՞յն կետից, որ կետից որ կանգ է առել Սերժ Սարգսյանը, Փաշինյանը պատասխանել էր.
«Ոչ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հղում է անում նախկին բանակցողներին, ի՞նչ ենթադրենք՝ նախկիններն «Արցախը Ադրբեջանի կազմում էին թողնում», ինքը հակառակ կետից որոշեց սկսե՞լ, այդ դեպքում ինչպե՞ս չկարողացավ պահել Արցախը հայկական, և ինչի՞ն էր այդ դեպքում ադրբեջանական կողմն ընդդիմանում նախկին բանակցողների օրոք:
Իսկ եթե նախկինում առաջնային պահանջ էր Արցախի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իր կամ զրո կետից բանակցությունները սկսելով՝ ինքը չհեռացա՞վ հենց սրանից:
Այստեղ հարկ է հիշել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի փետրվարին, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ մյունխենյան քննարկումը՝ «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով»։
«Հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով, և ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ: Եվ ես սկսեցի գործընթացը միկրոհեղափոխությունների»,- քննարկմանը հայտարարել էր Փաշինյանը՝ խոստանալով հաջորդ անգամ խոսել միկրոհեղափոխությունների նշանակությունից ղարաբաղյան գործընթացում, որն ինքը նախաձեռնել է:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այս քննարկման տրամաբանության մեջ Ֆեյսբուքում ներկայացրել էր հինգ կետ:
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու՝ հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա՝ «մինի հեղափոխություններ», ապա՝ ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
Սա էր, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային գործընթացում հեղափոխական բանաձևը, որով և առաջնորդվեց, և որի հետ հաշվի նստեց Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ երկրորդելով Արցախի կարգավիճակի հարցն անվտանգության ապահովմանը, մինչդեռ Արցախի հստակ կարգավիճակն է, որ Արցախի անվտանգությունն էր ապահովելու, այդ թվում՝ իրավական և միջազգային հարթակներում:
Այսինքն, ժամանակին «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի համարող Փաշինյանը պատրաստ էր տարածքների հանձնմանը՝ չերաշխավորված անվտանգության դիմաց, իսկ պատերազմից հետո շարունակ տարածքներ է զիջում չլեգիտիմացված խաղաղության դիմաց, իսկ առաջարկվող դե յուրե խաղաղությունն էլ իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:
Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը սպառել է բարոյական իրավունքը նախկին բանակցողներին մեղադրելու Արցախի կորստի համար: Ի վերջո, երբ 2018-ին ծանոթացել էր բանակցային փաստաթղթերին և, այսպես ասած, հայտնաբերել այն, ինչ այսօր գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչո՞ւ հրաժարական չի տվել՝ հիմնավորելով այն, ինչի մասին գրել է:
Պատճառը մեկն է՝ պահել սեփական իշխանությունը և թույլ չտալ այդ ժամանակ ունեցած վարկանիշի անկում: Այսինքն, ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր ակնահաճո հայտարարություններն արվել են հենց միայն սրա համար, որն արժեցել է մի քանի հազար զինվորի, սպայի, կամավորի արյուն և Արցախի կորուստ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա:
Պատերազմից հետո Փաշինյանն ինքն է, չէ՞, խոստովանել՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»:
Եվ այս ամենը՝ ժողովրդից թաքցված ճշմարտությունը, որը մի քանի հազար մարդու արյան գին ունի, Փաշինյանն ընդամենը համարում է մեծ սխալ: Իրականում սա հաղորդում է հանցագործության մասին, որը համարժեք պատասխանատվություն է պահանջում:
Ի դեպ, Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր իր հերթին գաղտնազերծել է՝ «Կրթվելը նորաձև է» իր արշավի իրական նպատակը, ինչի մասին հենց սկզբից զգուշացրել ենք, որ այն ոչ մի աղերս չունի կրթված հասարակություն ունենալու հետ, այլ զուտ քաղաքական նպատակ է հետապնդում։
«(…) Այդպիսով, ինչպես ավելի վաղ գրել էինք, հայ ժողովրդին առաջարկում էր (Աննա Հակոբյանը) պայքարել հենց իրենց դեմ` իր և իր ամուսնու դեմ: Որովհետև Հայաստանում նրանք են հենց հայ ժողովրդի դժբախտությունների, ողբերգությունների բուն պատճառը, երկիրը աղետի կործանման հասցրել է նրանց ընչաքաղցությունը, որկրամոլությունը, չտեսությունը, տգիտությունը, լկտիությունը, դավաճանությունը: Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց ՔՊ-ական ուսապարկերն են Հայաստանում թիվ մեկ կեղծիք, սուտ տարածողները, տգիտության և դավաճանության, գռեհկության մարմնացումները»։
«Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է, հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելը»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աննա Հակոբյանը չի ընդունում իրենց այսօրվա կարգավիճակը, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարն է, ինքն էլ՝ վարչապետի կին, որովհետև երկրի ղեկավարն օրենքով լուրջ գործառույթներ և պատասխանատվություն ունի, պատերազմի ժամանակ քաղաքական և ռազմական որոշումներ կայացնելու իրավասություն, քանի որ պատերազմը պետությունն է վարում:
Ավելին, հիմնական բանակցողը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե նա չէ մեղավորը, ապա ո՞վ է՝ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյա՞նը, որն իրեն պատերազմի օրերին կարգել էր գերագույն հրամանատար և ասում էր՝ եթե պարտվենք, մեզ չպետք է պարտված զգանք:
Եվ հիմա վարչապետի կինը կամ քաղաքացի Աննա Հակոբյանն առաջարկում հանդարտ ապրել երկրի կորստի վտանգի հետ, դավաճանված չզգալ:
Իսկ գուցե Հակոբյանը համաներո՞ւմ է խնդրում… բայց նախքան համաներումը, որոշակի ընթացակարգ կա, դա դեռ պետք է անցնել…