Բաժիններ՝

«Ապահով» և «բարգավաճող» Հայաստան. մամուլ

«Երեկ, օրվա երկրորդ կեսից Երևանի մատույցները վերահսկվում էին ավտոմատավոր ոստիկանների կողմից։ Ավտոմատավորներ կային նաև քաղաքի տարբեր հատվածներում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Մեր թղթակցի հետ զրույցում նրանք չէին խոստովանում, որ դա պայմանավորված է Գյումրիում տեղի ունեցած արյունալի «ռազբորկաների» հետ, բայց այլ պատճառ էլ չէին մատնանշում` «ծառայություն ենք տանում»,- ասում էին։

Երեկ ժամը 13-ին մոտ, Գյումրիում կրկին կրակոցներ են հնչել։ Կրակոցների հետևանքով կա առնվազն մեկ զոհ՝ «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը։ Իսկ «Քավոր» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Երեկոյի դրությամբ մեր ունեցած տեղեկություններով` ավևի քան 2 տասնյակ մարդ է բերման ենթարկվել Գյումրիի ոստիկանություն, այդ թվում նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում հաստատեցին այս լուրը (կեսգիշերն անց Գյումրիից Լևոն Բարսեոյանը հայտնեց, որ Ղուկասյանը դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից և գնացել տուն)։

Ըստ Գյումրիում համառորեն շրջանաովող լուրերի՝ տեղի ունեցածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերահսկվող խմբավորումների բախման արդյունք է (սպանված Արտյոմ Կարապետյանը Մարտուն Գրիգորյանի մերձավորներից է, իսկ Հարություն Խաչատրյանը նրա քավորն է)։ Ինչով կավարտվի այս բախումը, առայժմ դժվար է ասել։ Բայց մի բան ակնհայտ է՝ Հայաստանում գրեթե ամբողջ ֆինանսատնտեսական ռեսուրսները, գրեթե ամբողջ թանկարժեք շարժական և անշարժ գույքը, գրեթե բոլոր լծակները գտնվում են երկու խմբավորումների ձեռքին։ Այդ խմբավորումները իրենց պայմանականորեն կոչում են քաղաքական ուժեր և նույնիսկ անուններ ունեն՝ ՀՀԿ-ԲՀԿ։

Հենց նրանք էլ վերահսկում են գրեթե ամբողջ կրիմինալը Հայաստանում։ Ու քանի որ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, ժամանակ առ ժամանակ այդ երկու խմբավորումների միջև բախումներ են լինում։ Պարզապես Գյումրիում այդ հակամարտությունը մի քիչ ավելի ցայտուն է։ Գյումրիում ավելի վառ է նշմարվում «ապահով» ու «բարգավաճող» Հայաստանի ապագան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս