Սա իմ անձնական թեման է, անձնապես եմ դուրս եկել պայքարի. չեմ ամաչում ներողություն խնդրելուց. Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման ձախողման հիմնական խնդիրը եղել է քաղաքական և ոչ քաղաքական ուժերի, պատասխանատուների հանդեպ որոշակի վստահությունը, որոնք ի վերջո ինչ-որ ձևով չեն արդարացվել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ նաև եղել են մի շարք կազմակերպչական խնդիրներ, որոնք կապված են եղել ժամանակ չունենալու հետ։

«Ես շատ բան չեմ կարող ասել, իմ բարոյականությունը թույլ չի տալիս խոսել այս մասին։ Անկախ ամեն ինչից առաջին պատասխանատուն ես եմ, և ես կրում եմ այդ պատասխանատվությունը։ Մենք ունեցել ենք վստահություն, որ զանազան գործողություններ կիրականացվեն այս կամ այն ճանապարհով, որոնք կբերեն արդյունքի, որոնք վերջնարդյունքում չեն իրականացվել»,–ասաց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով` շատերն են ասում, որ սխալ էր մայիսի 9–ին Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տալը, բայց իր կարծիքով` դա կլիներ 1 ժամ, թե 5 օր, տարբերություն չկա։

«Դրան հաջորդած գործողություններն էին, որ մենք հետ ընկանք մեր ծրագրից և ոչ միայն իմպիչմենտի գործընթացից։ Մենք չհասցրեցինք այդ քայլերի հաջորդականությունը բերել այնտեղ, որտեղ պետք էր։ Ձեզ պետք է առարկայնորեն ասել, ես այստեղ սխալվեցի, այնտեղ սխալվեցի…Ողջ ընթացքում սխալվեցի։ Իսկ ճիշտ արածների մասին չեք ուզում խոսել, ոչ մի բան չկա՞ր ճիշտ արած»,–ասաց նա։

Բագրատ սրբազանն ընդգծեց, որ ժողովուրդը հենց այնպես չի հավաքվել փողոցում, ինքն էլ օդից չի հայտնվել բեմի վրա։

Նա հայտարարեց, որ շատ փակագծերի չի կարող բացել իրենց ծրագրերից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրանք հասնում են համապատասխան շրջանակների և ձախողվում են։

 

Տեսանյութեր

Լրահոս