Կոռուպցիայի իդեալական մեխանիզմ են ներդրել Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցում. Անուշ Պողոսյան
Առողջապահության ոլորտում տիրողը քաոս է. բոլոր այն հիմնական ծրագրերը, որոնք պետք է կատարվեին 2023-2024 թվականներին, կատարված չեն. տապալված ծրագրերի օրինակներից մեկը 18 միլիարդ դրամ բյուջեով առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն էր, որը տեղի չունեցավ, որովհետև օրենքն այնքան խնդրահարույց էր, որ անգամ բյուջեով նախատեսված գումարի առկայության պարագայում հնարավոր չեղավ ծրագիրը կյանքի կոչել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ամփոփելով 2024 թվականին առողջապահության ոլորտում իրականացված և չիրականացված ծրագրերը, նման տեսակետ հայտնեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրական խութերից բացի, առողջապահության ապահովագրության համակարգն այն տեսքով, որով ներկայացվել է, ևս մեկ լուրջ խնդիր ունի. այն կոռուպցիայի մեծ դաշտ է բացում Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի համար։
«Ստեղծվելու էր Հիմնադրամ, որը ղեկավարելու է նախարարը, մասնագիտական ասոցիացիաներին նույն նախարարությունն էր լիցենզիաներ տալու, ԲԿ-ներին ևս ընտրելու է Առողջապահության նախարարությունը. ստացվում է՝ ամեն ինչ անում է Առողջապահության նախարարությունը և չկա գեթ մեկ վերահսկող մարմին»,– ասաց Անուշ Պողոսյանը՝ շեշտելով՝ արդյունքում նախարարը լինելու է այս ամենի ղեկավարը, և չի լինելու նրան հակազդող վերահսկողություն։
Ըստ Պողոսյանի՝ սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ Առողջապահության նախարարությունում որոշել են այլ լիազորություններ ևս վերապահել նախարարին և այժմ շրջանառության մեջ են դրել մի նոր օրենսդրական նախագիծ, որի նպատակն է Հայաստանի բոլոր ԲԿ-ները դուրս հանել մարզպետների վերահսկողությունից և հանձնել Առողջապահության նախարարության ենթակայությանը։
«Բժշկական հիմնարկները, որոնք մինչև հիմա գտնվում էին մարզպետների վերահսկողության տակ, այժմ պետք է տեղափոխվեն Առողջապահության նախարարության ենթակայության տակ. խոսքը 50 բժշկական կենտրոնի մասին է։ Կարող եմ ասել, որ սրանով նախարարությունը նաև քաղաքական խնդիր է լուծում, ինչը, միաժամանակ, շատ բացասական նախագիծ է հենց նույն ՔՊ-ականների համար։
Մարզպետները ՔՊ-ի թիմից են, և Անահիտ Ավանեսյանը նման նախագիծ է բերել այն հիմնավորմամբ, որ մարզպետները շատ վատ են աշխատում, նրանք չեն կարողանում ճիշտ ֆինանսական կառավարում ապահովել, չեն կարողանում ճիշտ տնօրեններ ընտրել և այլն. ստացվում է՝ վատ աշխատող մարզպետներից բժշկական հիմնարկները վերցնում են, որ մտցնեն լավ աշխատող նախարար Ավանեսյանի ենթակայության տակ։
Լա՛վ, եթե մարզպետները վատ են աշխատում, և վատ է աշխատում նաև նրանց հետ մի ամբողջ վարչություն, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու այդ վատ աշխատանքի համար, կամ՝ այդ ինչպե՞ս է Ավանեսյանը գնահատել այդ մարզպետների աշխատանքը, ի՞նչ չափորոշիչով։ Իրականում, այս նախագիծը կոռուպցիոն իդեալական մեխանիզմ է, որը ներդնում են Առողջապահության նախարարությունում։
Ստացվում է, որ ԲԿ-ի տնօրենին նշանակելու է նախարարը, փողը տալու է նախարարը կամ նախարարությունը, հաշվետվությունը ստանալու է նախարարը կամ նախարարությունը, փողի ծախսը վերահսկելու է նախարարը կամ նախարարությունը»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։