Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 23-ի երեկոյան հաստատել է երկրի նոր կառավարության կազմը. նախկին կաբինետը պաշտոնաթող էր եղել խորհրդարանում վարչապետին անվստահության քվե հայտնելու պատճառով: Այս մասին հաղորդում է Radio France Internationale-ը։
Կառավարության նոր կազմը, որը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Ֆրանսուա Բայրուն, ներառում է ինչպես հեռացող թիմի որոշ անդամների, այնպես էլ նոր նախարարների։Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն պահպանել են պաշտոնը։
Նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշանակվել է կրթության նախարար, իսկ Ժերալդ Դարմանենը, որը 2020 թ. հուլիսից մինչև 2024 թ. սեպտեմբեր զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, նշանակվել է արդարադատության նախարար։ Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը խոստացել է պայքարել անօրինական միգրացիայի դեմ, պահպանել է պաշտոնը։
Ֆրանսիայի նոր կառավարությունն աշխատանքը կսկսի 2025 թվականի հունվարի 3-ից։
Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի սկզբին անվստահության քվե էր հայտնել Միշել Բառնիեի կառավարությանը, քանի որ վերջինս խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։