«Վարկառուներին պետական աջակցության ծրագիր տրամադրելն ընտրակաշառք է»․ Նորիկ Նորիկյան
«Մի քանի օր առաջ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որով առաջարկվում է շուրջ 220 հազար անբարեհույս վարկառուների՝ պետական աջակցության ծրագիր, այսինքն՝ ի՞նչ ա ասում, օրինական ընտրակաշառք ա էս մարդը բերել-դրել շրջանառության մեջ»։ Այսպիսի հայտարարություն արեց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը՝ ֆեյսբուքյան եթերում։ «Շուրջ 600 հազար մարդու էս մարդիկ պաշտոնապես ընտրակաշառք են բաժանում»,- նկատեց Նորիկյանը։
Ըստ նրա, պոպուլիզմով հնարավոր չի պետություն կառուցել, իշխանություն պահել։ «Մենք տեսել ենք պոպուլիզմի ամենածայրահեղ ծանր հետևանքները մեր պետության վրա, և էս առումով ինձ համար անհասկանալի է հանրային անտարբերությունը․ որևէ մեկը չի կարող որևէ իշխանության մանդատ տրամադրել, որ նա պետության բյուջեի միջոցները մսխի»,- նշեց Նորիկյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Անհուսալի վարկեր ունեցող անձինք ծրագրին կկարողանան դիմել 2025թ․ փետրվարի 1-ից։