«Ա՛յ տղայիկ, դու մանկապարտեզում չես, պետության ղեկավար ես, ազգին տուն-տունիկ ես առաջարկում». Պարույր Հայրիկյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել համացանցում, ավելի կոնկրետ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։ Այս անգամ նա դիմել է իր հետևորդներին, որտեղ առաջարկել է իր անվանակոչած՝  «գնդակահարության պատի» տակ գրել իրեն ուղղված մեղադրանքները։

«Դրանցից  բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով: Բնականաբար՝ հայհոյանքներին առավել ևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»,- գրել է Փաշինյանը։

168.amի հետ զրույցում Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս ամենը բնորոշեց որպես «կապիկություն»՝ շեշտելով.

«Առհասարակ, որևէ պետական պաշտոնյա չպետք է կապիկություններով զբաղվի, նրա գործունեությունը կարգավորված է՝ ռեգլամենտավորված է օրենքով ու իրավական ակտերով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին բողոք ունեցող, բնականոն կյանքով ապրող քաղաքացին պետք է նամակ գրի, իսկ Նիկոլ Փաշինյանն այն կարդա ու պատասխանի։

Կարդացեք նաև

Ես նման մի քայլ արեցի 4 տարիների ընթացքում հողի հարկը 150 անգամ բարձրացնելու հետ կապված։ Այսօր ես խոսում էի այլախոհ Ալեքսանդրա Պադրաբնիկի հետ, ասաց՝ լսել եմ՝ ձեզ մոտ հարկերը բարձրացրել են, ասացի՝ այո։ Հարցրեց՝ քանի՞ տոկոս են բարձրացնում, դե, պատասխանեցի՝ 150 անգամ բարձրացնում են, ասաց՝ 150-ն այդքան էլ վատ չէ, ասացի՝ լսիր՝ 150 տոկոս չէ, 150 անգամ, զարմացավ, ասաց՝ կատակ ես անում։ Ասաց, որ նման բան անում են միայն երկիրը բռնազավթած թշնամիները, երբ երկիրը գրավում են ու հարկերը բարձրացնում են 150 անգամ։ Դե, ասացի՝ հիմա մենք այդպես ապրում ենք»։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիներին գոնե 1 տոկոս հարգում է, ուրեմն թող ասի՝ իրեն բողոքների հետ կապված դիմումներ գրեն, որոնց պատշաճ կպատասխանեն։ Օրինակ, իր դիմումին ՊԵԿ-ը և Կադաստրի պետական կոմիտեն պատշաճ պատասխանել են՝ հարկերի բարձրացման հետ կապված, բայց պատասխանել են դիմումի միայն մեկ մասին։

«Դիմումս երկու մասից էր բաղկացած, առաջին մասում իրենց գրել եմ, որ հավանաբար սխալմունք է, որ նման բան է տեղի ունեցել՝ հարկերի բարձրացումը, նրանք այս մասին պատասխանել են։ Սակայն դիմումիս երկրորդ մասում ասված էր, որ եթե սա սխալ չէ, ուրեմն՝ օրենքում է սխալ թույլ տված, քանի որ իշխանությունները տնտեսական, հարկային տեռորի համար չեն։ Ահա այս հատվածին չեն պատասխանել։

Նման կապիկություններ կարելի է անել մի դեպքում, երբ օրենքը չի գործում, այդ մեխանիզմները չկան։ Սա նախընտրական կապիկություն է, մարդկանց անմակարդակ, անուղեղ համարելով՝ նրանցից ձայն վերցնելու համար արված քայլ է»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

Նա նաև ընդգծեց՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ թույլ է տվել հանցանքներ ու իր համար «գնդակահարության պատ» է ստեղծել, ինչը հիմարություն է։

«Դու բռնապե՞տ ես, թե՞ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագիրն ես երազում, իսկապես ունի արած բաներ, որ դրան է արժանի։

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Սահմանադրության նկատմամբ քամահրական վերաբերմունքի համար նա առնվազն 10 տարի պետք է նստի։

Ա՛յ տղայիկ, դու մանկապարտեզում չես, պետության ղեկավար ես։ Սպառնալիքներ կան, որ քո երկրի տարածքում օտարին ենթակա կառույց ու ճանապարհ ստեղծվի, այս մեկ սպառնալիքը բավական էր, որ նա ամեն ինչ դադարեցներ։ Նաև երբ գերիներ կան, սա արդեն բավական էր, որ ամեն ինչ մոռանալ ու աշխարհով մեկ դրա մասին աղաղակել։

Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը բարոյահոգեբանական, իրավական, ազգային ինքնության ու արժեքների նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսևորումներով է զբաղված, հիմա էլ անցել է տեռորի՝ տնտեսական տեռորի։

Ինքը գետնով տվեց սոցիալական պետության դրույթը։ Զգացել ես, որ վատ բան ես արել, «գնդակահարության պատը» քեզ մոտ ծնվեց, որովհետև շան հոտառությամբ զգում ես, որ քո արածներն ամենամեծ ստորությունն են։

Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազգին տուն-տունիկ ես առաջարկում՝ առանց հայհոյանքների ինձ բան գրեք»,- նշեց Պ. Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս