Թուրքիան ուզում է կախման մեջ դնել և տիրել Հայաստանին. Փափազյան
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանի բնակչությունը կբախվի մի շարք գլոբալ խնդիրների։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. Սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
Նա ընդգծեց, որ նորմալացումը կբերի Թուրքիայի հետ բոլոր տեսակի հարաբերությունների բացման, այդ թվում` առևտրային։ Այդ պարագայում առաջ կգան հետևյալ խնդիրները.
1. Հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով, որոնք կվաճառվեն շատ ցածր գնով և կմրցեն հայկական արտադրության հետ։ Հայկական ընկերությունները կհայտնվեն դժվարին իրավիճակում և կլքեն երկիրը, դրանով իսկ կկրճատվի հայ բնակչությունը։
2. Երբ հայկական ընկերությունները հայտնվեն դժվարին իրավիճակում, դրանք էժան գնով կգնեն թուրքական ընկերությունները, որոնք կաշխատեցնեն հայ բնակչությանը։
3. Թուրքերը Հայաստան կգան բիզնեսի և զբոսաշրջության նպատակով։ Հոգեբանական մակարդակով երկիրը կապակայունանա, բնակչությունը կլինի անհանգիստ, ավելի մասնատված։
4. Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները կվատանան։ Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին կհաջողվի բաժանել սփյուռքն ու Հայաստանը։
5. Սփյուռքահայերն այլևս չեն գա Հայաստան։ Զբոսաշրջությունը զգալիորեն կնվազի։ Թուրքական ընկերությունները ձեռք կբերեն հյուրանոցային և անշարժ գույքի ոլորտի մեծ մասը։
Թուրքական ֆինանսական ոլորտը կկարողանա ձեռք բերել նաև Հայաստանում առկա բանկային հաստատությունները։
Փափազյանն ընդգծեց, որ որոշ մասնագետներ քննարկումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ Թուրքիան 2.5 մլրդ դոլար ներդնելու պարագայում իր ձեռքը կվերցնի Հայաստանի տնտեսության այն հատվածը, որը բավարար կլինի երկրի անկախությունը վտանգի տակ դնելու համար։ Այս պարագայում Հայաստանից առնվազն 500.000 մարդ կարտագաղթի։ Հայաստանը մեծապես կախում կունենա Թուրքիայից։
Նրա խոսքով` այն անձինք, որոնք մտահոգված են Հայաստանի անկախության պահպանմամբ, պետք է լրջորեն մտածեն այս մասին։
Փափազյանը համարում է, որ իր կանխատեսած սցենարը լիովին իրատեսական է և կյանքի կկոչվի առավելագույնը 3 տարվա ընթացքում։
Նա ընդգծեց, որ պետք չէ միամիտ լինել. ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում, այլ ուզում է տիրանալ Հայաստանին` ՀՀ ներկայիս իշխանության համաձայնությամբ։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում պետք է ելքեր փնտրել, Թուրքիայի հետ բանակցություններում ուժեղացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որպեսզի բոլոր հասկանան, որ այդ թեման սակարկելի չէ։ Նա համոզված է, որ Հայաստանը որքան շատ պաշտպանի իր շահերը, այնքան շատ կհարգվի հակառակորդների կողմից։