Ինչո՞ւ իրականում ազատեցին Քոչինյանին և նշանակեցին Դեմիրճյանին
Ամերիկյան դեսպանատների գաղտնի հաղորդագրությունները հրապարակած «Վիկիլիքս» ռեսուրսում բավականին ուշագրավ տվյալներ կան, որոնք վերաբերում են խորհրդային շրջանին։ Մոսկվայում գտնվող ամերիկյան դեսպանատնից ուղարկված հաղորդագրությունների շարքում տեղ են գտել նաև Հայաստանին վերաբերող նյութեր։
1974 թվականի նոյեմբերի 29-ին ԽՍՀՄ-ում ամերիկյան դեսպանատունը հաղորդագրություն է ուղարկել Պետդեպարտամենտ, որում խոսվել է Հայաստանի կուսակցական վերնախավում կատարված փոփոխությունների մասին։ Հեռագիրն ուղարկելու նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին փոխարինել է Կարեն Դեմիրճյանը։ Հաղորդագրությունը, որտեղ ամերիկյան դիվանագետները սեփական բացատրությունն են ներկայացնում կադրային փոփոխությունների վերաբերյալ, թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։
«Նոյեմբերի 29, 1974թ.
Մոսկվա, Ռուսաստան
Հայաստանի գլխավոր քարտուղարը հեռացվել է
Նոյեմբերի 28-ին «Պրավդան» կարճ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումը նոյեմբերի 27-ին հանդիպում է անցկացրել և իր պարտականություններից ազատել կուսակցության առաջին քարտուղար և Հայաստանի պոլիտբյուրոյի անդամ Անտոն Քոչինյանին։ Պլենումը նաև բավարարել է Քոչինյանի՝ թոշակի անցնելու դիմումը։ Նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Կարեն Սերոբի Դեմիրճյանը (Հայաստանի Կոմունիստական կուսակցության կոմիտեի նախկին քարտուղար)։
Հայաստանյան կուսակցական և կառավարական «Կոմունիստ» թերթը նույնպես նոյեմբերի 28-ին այդ մասին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ պլենումը «նվիրված էր կազմակերպչական հարցերին», և դրան մասնակցել է կենտրոնական կոմիտեի կազմակերպչական-կուսակցական հարցերով զբաղվող բաժնի ղեկավարի տեղակալ Ն.Ա. Պետրովիչևը։
Թերթը նաև հրապարակել է Դեմիրճյանի վերաբերյալ հետևյալ կենսագրական տվյալները. ծնվել է 1932 թվականին, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ու բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1954-1958թթ. աշխատել է որպես շինարարության ավագ ինժեներ և խմբի ղեկավար Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտում, այնուհետև՝ որպես արտադրամասի պետ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (միաժամանակ հանդիսանալով գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար)։ 1961 թվականին՝ կուսակցական բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է նույն գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ և տնօրեն։ 1966-1972թթ. եղել է Երևանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղարը։1972 թվականին ընտրվել է Հայաստանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար։ Դեմիրճյանը նաև Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր է։
3.Մեկնաբանություն. Նկատենք, որ միևնույն ժամանակ, ինչպես սովորաբար ընդունված է, Քոչինյանի ազատման ոչ մի պատճառ չի նշվում։ Հավանական է թվում, որ դա կապված չէ տարիքի հետ (նա 61 տարեկան է)։ Հայաստանը՝ ինչպես և կովկասյան մյուս հանրապետությունները, բազմիցս քննադատության են ենթարկվել տարբեր թերությունների համար. օրինակ՝ աշխատանքային կարգապահության անբավարար մակարդակի, կաշառակերության և կոռուպցիայի, ընդհանուր գաղափարախոսական թույլ վիճակի համար՝ ընդգծելով, որ հայկական ազգայնամոլության հետքերը դեռ նկատելի են։ Այլախոհ ակադեմիկոս Սախարովը վերջերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մեծ թվով հայեր բանտարկվել են՝ ապօրինի ընդդիմադիր շարժում ձևավորելու փորձ կատարելու համար։ Եվ սա կարող էր դեր խաղալ Քոչինյանի ազատման հարցում։ Մենք լսել ենք, որ Քոչինյանը «քայլում էր ճոպանի վրայով» և սահմանափակ ժամանակ ուներ՝ հանրապետության ներսում գործերը կարգի բերելու համար։ Հայ ազգայնականների այս դեպքը, ըստ երևույթին, վերջնականապես հրեց նրան ճոպանի վրայից։
4. Դեմիրճյանի նշանակումն անսովոր է` թե այն պատճառով, որ նա համեմատաբար երիտասարդ է, թե այն պատճառով, որ նրան հաջողվեց այդ պաշտոնին նշանակվելու հարցում շրջանցել կուսակցության երկրորդ քարտուղար Պ.Պ. Անիսիմովին (թեպետ մյուս կողմից` վերջինս ազգությամբ ռուս է և քիչ հավանական էր, որ կնշանակվեր Հայաստանի առաջին քարտուղար)։ Թվում է՝ Կոմունիստական կուսակցության ղեկավարությունը դժգոհ է Հայաստանի քաղաքական և տնտեսական ընդհանուր վիճակից և ցանկանում է «նոր արյուն ներարկել», քանի դեռ իրավիճակը վերջնականապես ձեռքից չի գնացել»։
Հաղորդագրության վերջում նշվում է, որ դեսպանատունը շնորհակալ կլիներ Դեմիրճյանի կենսագրության վերաբերյալ ցանկացած կենսագրական տեղեկատվության համար։
Պատրաստեց Բաբկեն Թունյանը
Հ. Գ. Նշենք, որ «Վիկիլիքսի» բազայում առկա են բազում այլ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք վերաբերում են ոչ միայն խորհրդային ժամանակահատվածին, այլև վերջին իրադարձություններին։ Ժամանակին մեծ աղմուկ հանած այս աղբյուրի մասին կրկին հիշեցրել էր մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Առաջիկայում «168 Ժամը» կանդրադառնա այդ փաստաթղթերին, ընդ որում, ոչ միայն «Վիկիլիքսի», այլ նաև Anonymus հաքերային խմբի գաղտնազերծած նյութերին։