Տիգրան Սարգսյանի ձեռքերն այլևս կապված չե՞ն
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Վազգեն Մանուկյանը ոչ միայն արդարացված է համարում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում, այլև կարծում է, որ նրան այլընտրանք չկա:
«Ես կարծում եմ, որ շատ ճիշտ էր Տիգրան Սարգսյանին վերանշանակելը և, անկեղծ ասած, ես չեմ էլ տեսնում այլընտրանք իրեն այս պահին: Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քաղաքական ուժերի դասավորությունը՝ ես չեմ տեսնում մեկին, որ կարող էր իրեն փոխարինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՎազգենՄանուկյանը:
Վ. Մանուկյանին հիշեցրինք, որ վերջերս «Ռ-Էվոլուցիա» հաղորդման ժամանակ ասել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի «ձեռքերը կապված են»: «Դա պարզապես պատկերավոր ասված խոսք էր: Խոսքը գնում է այն լիազորությունների մասին, որոնք գրավոր և բանավոր տրված են կուսակցություններին և այլն: Դա անձի հետ կապված բան չէ, նորից եմ կրկնում՝ շատ ճիշտ նշանակում էր»,- ասաց ԱԺՄ նախագահը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը նախկինում եղել է ԱԺՄ անդամ: