Իսրայելական զորքերը մոտենում են Դամասկոսին՝ սիրիական ռազմակայաններին ավիահարվածներ հասցնելուց հետո
Իսրայելական զորքերը մտել են Սիրիա և գտնվում են Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել են անվտանգության ուժերում աղբյուրները։
Օրերս Իսրայելը գրավել էր Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտին, իսկ դեկտեմբերի 10-ի գիշերն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ողջ տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին և ավիաբազաներին՝ ոչնչացնելով տասնյակ ուղղաթիռներ և կործանիչներ, ինչպես նաև Դամասկոսում Հանրապետական գվարդիայի ակտիվները։ Աղբյուրները հայտնել են, որ շուրջ 200 ավիահարվածներից հետո «Սիրիայի բանակի ակտիվներից ոչինչ չի մնացել»։
Իսրայելը հայտարարել է, որ ավիահարվածները կշարունակի մի քանի օր, սակայն միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ չի միջամտի Սիրիայում հակամարտությանը, և որ իր կողմից բուֆերային գոտու գրավումը պաշտպանական քայլ է։Եգիպտոսը, Կատարը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Իսրայելի կողմից բուֆերային գոտու գրավումը։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դա «կփչացնի անվտանգությունը վերականգնելու՝ Սիրիայի հնարավորությունները»։
Սիրիայի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ իսրայելական զորքերը հասել են Կատանա քաղաք, որն Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքները Սիրիայից բաժանող ապառազմականացված գոտուց 10 կմ հեռավորության վրա է՝ Սիրիայի տարածքում։Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Միևնույն ժամանակ Սիրիայում իշխանության տապալումից հետո զինված ընդդիմությունը անցումային կառավարություն է ձևավորում՝ այդ գործընթացի ղեկավար նշանակելով Մուհամեդ ալ-Բաշիրին։