ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. Turan

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս արդյունավետ քայլեր չձեռնարկի մարդավաճառության դեմ պայքարում: Այս մասին նշված է մի շարք երկրներում մարդավաճառության շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցի նախագծում:

Դրանում Ադրբեջանը ներառվել է մի շարք երկրների թվում, որոնց կարգավիճակը 2-րդ մակարդակից նվազեցվել է 3-րդ մակարդակի: Պետդեպարտամենտի դասակարգմամբ՝ 3-րդ մակարդակում ընդգրկվելը նշանակում է ունենալ ամենացածր մակարդակը և տվյալ երկրի հանդեպ ԱՄՆ կառավարության պատժամիջոցների կիրառման հնարավորություն:

Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտում Turan լրատվական գործակալության աղբյուրը: Ադրբեջանից բացի, 3-րդ մակարդակում ընդգրկվել է ևս 5 երկիր՝ Ռուսաստան, Չինաստան, Ուզբեկստան, Իրաք ու Կոնգո: Զեկույցի վրա տարվող աշխատանքները շարունակվում են, այն կհրապարակվի հունիսին:

ԱՄՆ կոնգրեսում եղած աղբյուրը Turan-ին հայտնել է, որ երկրները չեն կարող մշտապես մնալ 2-րդ մակարդակում. «Կա՛մ նրանք պետք է բարելավեն սեփական ցուցանիշը, կա՛մ էլ պետք է տեղափոխվեն 3-րդ մակարդակ, ուր արդեն իսկ գտնվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Զիմբաբվեն»:

2012 թվականին աշխարհում մարդավաճառության մասին զեկույցի համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է տղամարդկանց, կանանց ու երեխաների մատակարար և տարանցիկ երկիր՝ նրանց ֆիզիկական ու սեռական շահագործման նպատակով:

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետաքննել են տվյալ ոլորտին առնչվող գործերի միայն մի մասը և պատժել են ոչ մեծ թվով մեղավորների, և որ այդ ցուցանիշներն ավելի փոքր են՝ նախորդ ցուցանիշների հետ համեմատ:

Տեսանյութեր

Լրահոս