Իրաքցի մարտիկները մեկնել են Սիրիա՝ կառավարությանն օգնելու գրոհայինների դեմ պայքարում. Reuters
Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում, որոնք անցյալ շաբաթ գրավել են Հալեպը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Միևնույն ժամանակ գործակալության աղբյուրները նշել են, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը իրաքցի մարտիկներին միանալու ծրագրեր չունի։
Իրաքի և Սիրիայի աղբյուրները հաստատել են Սիրիայում իրաքցի մարտիկների տեղակայման մասին լուրերը։ Ըստ իրաքցի անվտանգության ուժերի աղբյուրների՝ առնվազն 300 մարտիկ, հիմնականում «Բադր» և «Նուջաբա» խմբերից, դեկտեմբերի 1-ի գիշերն անցել է սահմանը ոչ գլխավոր ճանապարհով՝ խուսափելով սահմանը պաշտոնապես անցնելուց։ Սիրիայի զինվորական բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ մարտիկները սահմանը հատել են փոքր խմբերով, որպեսզի խուսափեն ավիահարվածներից։ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը «կտրամադրի անհրաժեշտ ցանկացած աջակցություն», և որ «դիմադրության ուժերը կգան» Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին օգնության։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։
Սիրիայում հիմնական ընդդիմադիր խմբավորման ղեկավար Հադի ալ Բահրան Reuters-ին հայտնել է, որ գրոհայիններին հաջողվել է այդքան արագ գրավել Հալեպը, որովհետև «Հեզբոլլահ»-ը և Իրանի կողմից աջակցվող խմբավորումները զբաղված էին Իսրայելի հետ հակամարտությամբ։ Նա նաև նշել է, որ Հալեպը գրավելու նախապատրաստական աշխատանքներ էին տարվել դեռ 2023 թվականից, սակայն այդ ծրագրերը հետաձգվել էին Գազայում պատերազմի պատճառով։ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սառեցված է 2020 թվականից։ Նախագահ Բաշար ալ Ասադը վերահսկողության տակ է վերցրել երկրի տարածքի մեծ մասը և բոլոր խոշոր քաղաքները։
Ապստամբները դեռ վերահսկում են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող մի անկլավ, Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումները վերահսկում են երկրի հյուսիսային հատվածի երկայնքով ձգվող հատվածը, իսկ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող, քրդերի կողմից ղեկավարվող խմբավորումները՝ երկրի հյուսիս-արևելքում մի հատված։