Բաժիններ՝

Մկրտու­թյուն

Մկրտու­թյուն է այն սրբա­րար խոր­հուրդն, որ սրբում է մեզ մարդ­կա­յին նախ­նա­կան մեղ­քից, վերս­տին ծնունդ է տա­լիս Ս. Հո­գու շնոր­հած նո­րոգ կյան­քով և Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցու մեջ ըն­դու­նում:

Մկրտու­թյամբ ու­րեմն Քրիս­տոս փրկում է մեզ և նո­րո­գում, կամ ինչ­պես ա­ռա­քյալն է ա­սում` «ապ­րե­ցոյց զմեզ ի ձեռն ա­ւա­զա­նին միւ­սան­գամ ծննդեանն եւ նո­րո­գու­թեամբ Հոգ­ւոյն Սրբոյ» (Տիտ., Գ 5): Մարդն էլ պետք է նախ ծնվի «ի ջրոյ և ի Հոգ­ւոյ», Աստ­ու­ծո տա­ճար դառ­նա, ըն­դու­նվի Քրիս­տո­սի մահ­վան` ըստ ո­րում և կյան­քի հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ, կցորդ լի­նի նո­րա չար­չա­րա­նաց, Աստ­ու­ծո որ­դի, ժա­ռանգ ու Քրիս­տո­սի ժա­ռան­գա­կից դառ­նա, որպեսզի մտնի հավի­տե­նա­կան կյան­քի ժա­ռան­գու­թյան մեջ[1]: Այս մի նոր ծնունդ է, ո­րով ծնո­ղա­կան մարմ­նից ծնված մար­մի­նը ծնվում է Հո­գուց և աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյամբ ել­նում է ջրից կամ վե­րած­նու­թյան ավա­զա­նից, մի նոր մարդ դառ­նում և Աստ­ու­ծո փրկա­գոր­ծա­կան նոր Ուխ­տի մեջ մտնում:

Մարդ, ծնվելով Ա­դա­մի ցե­ղից, ստա­նում է Ա­դա­մի պատ­կերն իբ­րև հին մարդ, բայցև ծնվելով վերս­տին ջրից ու Հո­գուց` ստա­նում է Քրիս­տո­սի պատ­կերն իբ­րև նոր մարդ և այ­նու­հե­տև հնու­թյունը վայր թոթա­փած` նո­րո­գա­պես պտղա­բեր լի­նում և ա­զատ կյան­քով ապ­րել սկսում. «Այս­պէս ծնա­նին որ­դիք Աստ­ու­ծոյ», – ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը[2]: Այս նո­րոգ կյան­քի կո­չումն է, որ նոր ա­րա­րա­ծը կամ էա­պես վե­րած­նյալը զար­գա­նա և հաս­նի «յայր կա­տա­րեալ ի չափ հա­սա­կի կա­տար­մանն Քրիս­տո­սի», որպեսզի տի­րե հին մար­դու վրա, սրբա­գոր­ծե, դեն ձգե «զմարդն հին, զա­պա­կա­նեալն ցան­կու­թեամբք խա­բէու­թեանն. Եւ նո­րո­գել հոգ­ւովն մտաց» ու փո­խուել նո­ր մար­դու` «ըստ պատ­կե­րի Ա­րար­չին իւ­րոյ»: Ա­պա նա դառ­նում է նոր ա­րա­րած հո­գով ու բնու­թյամբ և իս­կա­կան աստված­պաշ­տու­թյան ու զար­գաց­ման սկիզբն առ­նում` Քրիս­տո­սի հետ ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ մտնե­լով (Ե­փես., Դ. Կող., Գ):

Մկրտու­թյան զգա­յա­կան տարր կամ նյութ ընտ­րված է ջու­րը, վասն­զի նո­րա բնա­կան ներ­գոր­ծու­թյունն ա­մե­նից լավ հա­մա­պա­տաս­խա­նում է մկրտու­թյան շնոր­հի գերբ­նա­կան ներ­գոր­ծու­թյան, ըստ ո­րում, ջու­րը ոչ միայն մաք­րող լվա­ցող է այս աշ­խար­հում, այլև պտղա­բե­րող կեն­դա­նաց­նող է[3] և ու­րեմն աստվա­ծա­յին սրբա­րար ու կեն­դա­նա­րար շնորհ­նե­րը հա­մա­պա­տա­խան կեր­պով կպա­րու­նա­կվին նո­րա մեջ: Հաս­կա­նա­լի է, որ այդ ջու­րը չէ մար­դու մեղ­քը լվա­ցողն, այլ` Աստ­ու­ծո բա­նը և ա­մե­նա­սուրբ Եր­րոր­դու­թյան հավատքն, ո­րի ե­րեք ան­ձանց յուրա­քան­չյուրի ա­նու­նով ա­ռան­ձին ե­րե­խա­յին մեկ ան­գամ` ու­րեմն ըն­դամենը ե­րեք ան­գամ, ընկղ­մում են ջրի մեջ` ըստ Քրիս­տո­սի պա­տվե­րին և սո­վո­րեց­րա­ծին[4]: Ե­րե­խան մկրտվելով Քրիս­տո­սի հետ թաղ­վում է ավա­զա­նի գե­րեզ­մա­նի մեջ, սրբվում և հարություն առ­նե­լով` ստա­նում է նոր կյանք Քրիս­տո­սի հարությամբ[5]: Վասնզի ինքն Քրիս­տոս, յուր ծննդյան օ­րը մկրտվելով Հոր­դա­նա­նում, խոր­տա­կեց սա­տա­նա­յին[6] և ջրհե­ղե­ղյան մար­դա­կո­րույս ջու­րը մար­դա­կե­ցույց և վե­րած­նող դարձ­րեց, ինչ­պես և նույն ջու­րը ամեն ան­գամ սրբա­րար է դառ­նում յուրա­քան­չյուր մկրտվո­ղի հա­մար Ս. Հո­գով[7]:

Կարդացեք նաև

Արդ` «Որ հա­ւա­տայ եւ մկրտի­ցի, կեց­ցէ. եւ որ ոչն հա­ւա­տայ, դա­տա­պար­տես­ցի», – ա­սում է Քրիս­տոս (Մարկ., ԺԶ 15), հե­տևա­բար մկրտու­թյամբ է մարդ ստա­նում Քրիս­տո­սի կյան­քի, չար­չա­րա­նաց, մա­հվան և հարության մի­ջո­ցով յուր փրկու­թյունը, սա­կայն ա­ռանց հավատ­քի մկրտու­թյունն էլ չի օգ­նիլ: Մկրտվո­ղը պետք է շա­րու­նակ զորա­նա հավատ­քով, որպեսզի կա­րո­ղա­նա ավե­լի և ավե­լի վա­յե­լել Աստ­ու­ծո շնորհ­նե­րը: Բավա­կան է, որ մարդ նախ հե­ռա­նա սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունից` աշ­խար­հա­սի­րու­թյունից, ա­պա հավատ­քով փրկու­թյան գի­տու­թյուն ու­նե­նա, ձգտում ու տեն­չանք և անձ­կու­թյուն զգա դեպի փրկու­թյուն, այն ժա­մա­նակ մկրտու­թյունը շնոր­հա­բեր ու եր­ջան­կա­ցու­ցիչ կլի­նի նո­րա հա­մար[8]: Եվ այս­պես` նախքան մկրտու­թյունը պետք է հավատ­քի արթ­նու­թյուն վա­ռվի մկրտվո­ղի մեջ, իսկ հետո, երկ­նավոր բա­րի­քի բաշ­խվելով, հավատ­քը գործ­նա­կան կեն­դա­նու­թյուն կստա­նա այդ շնոր­հաց ներ­գոր­ծու­թյան ներ­քո:

Ըստ այսմ` Ս. Հո­գին զար­թեց­նում է նո­րա­ծին ման­կան միա­միտ հո­գու մեջ տրա­մադ­րու­թյուն դեպի փրկու­թյուն, քրիս­տո­նյա և ու­սյալ կնքա­հայրն էլ ե­րաշ­խավո­րում է նո­րա հավատ­քի ա­պա­գա դաստիա­րա­կու­թյունն, և մա­նուկն էլ մկրտվում է յուր ծնո­ղաց հավատ­քով[9]: Ծնո­ղաց կամքն ան­շուշտ նո­րած­նի կամքն էլ է. ինչ­պես որ ման­կան մարմ­նավոր կյան­քը ծննդից ա­ռաջ մի է մոր մարմ­նավոր կյան­քի հետ և ծննդով ինք­նու­րույն է դառ­նում, այն­պես էլ ման­կան հո­գևոր կյան­քը ծննդից հետո մի է ծնո­ղաց հո­գևոր կյան­քի հետ այն­քան ժա­մա­նակ, մին­չև որ նո­րա հո­գևոր կյանքն ինք­նու­րույն հա­սու­նու­թյան կհաս­նի և պարզ ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ձեռք կբե­րե: Հավատ­քի ճա­նա­չո­ղու­թյունն ու փրկու­թյան գի­տակ­ցու­թյունը պա­հանջ­վում է չա­փա­հաս ու հա­սու­նա­ցած մկրտվա­ծից, որպեսզի նա ձգտի և միա­նա յուր Փրկչի հետ, իսկ մա­նու­կից այդ չէ պա­հանջ­վում, այլ քա­նի որ մկրտու­թյունը նոր գի­տակ­ցու­թյան հիմ­նադ­րու­թյուն է, նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է և նոր ան­ձի սկզբնավո­րումն է, մա­նու­կը մկրտվում է ծնո­ղաց հավատ­քով, նո­րա կամ­քի տե­ղը բռնում է ծնո­ղաց կամքն, և ու­րեմն նո­ցա վրա է ընկ­նում նաև հավատ­քի բո­լոր պա­հանջ­նե­րը:

Այս­պի­սով, այդ պա­հանջ­նե­րը պետք է ման­կան վե­րա­բեր­մամբ լցու­ցա­նեն նախ ծնող­նե­րը, հա­պա` կնքա­հայրն, և հետո այդ ա­մե­նի հո­գա­տարն է ինքն Ե­կե­ղե­ցին: Ա­ռանց այդ բո­լոր պա­հանջ­նե­րը կա­տա­րե­լու մա­նու­կը չի կա­րող փրկվիլ, թեև մկրտու­թյամբ զարթ­նում է նա, և նո­րա մեջ մի հավատք ու ձգտումն է շարժ­վում դեպի յուր Փրկի­չը, Ս. Հո­գու շնոր­հա­գոր­ծու­թյունն ու դեպի լու­սա­միտ կյանք: Ճշմա­րիտ վե­րած­նու­թյունը կա­տա­րե­լա­պես ի­րա­գործ­վում է հավատ­քի բո­լոր պա­հանջ­նե­րի կա­տար­մամբ, ո­րով մարդ մտնում է Քրիս­տո­սի հետ մի սերտ հարա­բե­րու­թյան մեջ, գի­տե, որ Ե­կե­ղե­ցու փրկիչ Քրիս­տո­սը նաև յուր Փրկիչն է, ար­թուն կյանք է վա­րում և այլևս չէ ընկ­նում հո­գևոր քնի ու թմրու­թյան մեջ (Ա Պետ., Գ 21):

Իսկ ե­թե այդ պա­հանջ­նե­րը չեն ի­րա­գործ­վում, մկրտվածն ընկ­նում է հո­գևոր քնի մեջ, թմբրում է, և երբ այդ թմբրու­թյունը շու­տով չէ վե­րացն­վում, սուզ­վում է իս­կա­կան մա­հվան ան­դուն­դում: Բայց Քրիս­տոս ա­ռան­ձին սի­րով կան­չեց մա­նուկ­նե­րին դեպի ինքն` իս­կա­պես նո­ցա­նը հա­մա­րե­լով Աստ­ու­ծո ար­քա­յու­թյունը (Մատթ., ԺԹ 14. Մարկ., Ժ 14. Ղուկ., ԺԸ 16): Ուստիև Ե­կե­ղե­ցին նույնիսկ ծննդյան սկզբից հո­գում է յուր ան­դամ կազ­մող­նե­րի հա­մար, որպեսզի ճշմա­րիտ աս­տված­պաշ­տու­թյան ու կյան­քի հիմ­քը դնե և ոչ թե կո­խան ճա­նա­պար­հում սերմն­սեր­մա­նո­ղի նմա­նի (Մատթ., ԺԳ 4), ցրվելով յուր հավա­տա­ցյալ­նե­րի որ­դի­նե­րին կամ զրկե­լով նո­ցա լու­սավոր նոր կյան­քի սկզբնավո­րու­մից:

Հաս­կա­նա­լի է, որ երբ չա­փա­հաս մար­դը կա­մե­նա քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նել և մկրտվել Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցում, նա պետք է նա­խա­պես լավ դաստիա­րա­կվի, կրթվի, ճշմա­րիտ հավատ­քով մկրտվի ու զորա­նա Ս. Հո­գով: Այդ­պի­սի կրթվող­նե­րը կոչ­վում են «ե­րա­խայ», այ­սինքն` ան­չա­փա­հաս` ըստ Ս. Հո­գու որ­դեգ­րու­թյան, դե­ռա­հաս, դեռ չհա­սած որ­դեգ­րա­կան շնոր­հաց: Նո­քա ըն­դուն­վում էին ե­կե­ղե­ցում, հո­գևո­րա­կան­նե­րի մոտ դաստիա­րակ­վում, լսում էին քա­րոզ, միայն թե հա­ղոր­դու­թյան ժա­մա­նակ դուրս էին գա­լիս, երբ սար­կավագն ազ­դա­րա­րում էր. «Մի՛ ոք յե­րա­խա­յից, մի՛ ոք ի թե­րա­հա­ւա­տից, եւ մի՛ ոք յա­պաշ­խա­րո­ղաց եւ յան­մաք­րից մեր­ձես­ցի յաստուա­ծա­յին խոր­հուրդ»[10]:

Օրի­նավոր կրթու­թյունից հետո` հրա­ժա­րվիլ սա­տա­նա­յից և խոս­տո­վա­նել էին տա­լիս Ե­կե­ղե­ցու հավա­տա­լիք­նե­րը, հեր­քում հե­թա­նո­սա­կան մո­լո­րու­թյուն­ներն և ա­պա մկրտե­լով` ս. պա­տա­րա­գի ևս ար­ժա­նաց­նում: Ըստ այսմ` քա­նի որ հավատ­քը հիմ­նա­կան տեղ է բռնում մկրտու­թյան մեջ, ան­կա­րե­լի է մկրտել ան­դարձ հե­թա­նո­սին կամ ան­հավատ ծնո­ղաց որ­դի­նե­րին[11]: Ա­ռա­քյալք ևս մկրտում էին ամ­բողջ ըն­տա­նի­քը միայն այն ժա­մա­նակ, երբ ծնող­ներն ու չա­փա­հաս ան­դամ­նե­րը դաստիա­րա­կված էին լի­նում քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյամբ[12]: Այդ­պես էին վար­վում մա­նուկ­նե­րի հետ նաև ա­ռա­քե­լա­կան հայ­րե­րը, ինչ­պես վկա­յում են Զմյուռ­նա­յի ե­պիս­կո­պոս Պո­ղի­կար­պոսն († 156) ու Ո­րի­գի­նե­սը († 254): Իսկ ե­թե հե­թա­նոս ծնող­նե­րի ե­րե­խա­նե­րին մկրտեն, կդա­տա­պար­տվին թե՛ մկրտված­ներն ու թե՛ մկրտվող­նե­րը[13], վասնզի այդ­պի­սի վար­մուն­քով ցույց տված կլի­նին հավատ­քի գաղ­ջու­թյուն և անզ­գա վե­րա­բեր­մունք դեպի աստվա­ծա­յին մեծ սրբու­թյունը: Բա­ցա­ռու­թյուն են կազ­մում մի­միայն այն ե­րե­խայք, ո­րոնք ըն­կե­ցիկ են կամ ծնող­նե­րից զրկված. այդ­պի­սիք Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու որ­բախ­նամ հաստա­տու­թյան սե­փա­կա­նու­թյուն են կազ­մում և մկրտվում են` քրիս­տո­նյա կնքա­հոր խնա­մա­տա­րու­թյան հանձնվե­լով[14]:

Կնքա­հայրն էլ, ինչ­պես բառն իսկ ցույց է տա­լիս, կա­րող է մի­միայն տղա­մար­դը լի­նել, որպեսզի ճշտիվ հա­մա­պա­տաս­խա­նի այդ ս. խոր­հուր­դի էու­թյան: Ե­թե կի­նը ստանձ­ներ այդ դերն և կնքա­մայր դառ­նար, հա­կա­սու­թյուն հառաջ կբե­րեր, վասնզի կնքա­մայ­րը կամ մայ­րը մի­միայն Ե­կե­ղե­ցին է, որ վերս­տին ծնում է ման­կան ի ժա­ռան­գու­թյուն և որ­դեգ­րու­թյուն երկ­նավոր Հոր. մինչ­դեռ կնքա­հայրն ոչ թե մայ­րա­կան դե­րի խոր­հուրդն է ներ­կա­յաց­նում, այլ հայ­րա­կան, այ­սինքն` Ավե­տա­րա­նի, հանձն առ­նե­լով ու­սու­ցա­նել ման­կան ս. Ավե­տա­րա­նի ճա­նա­պար­հով: Այդ­պես և տղա­մարդն է սո­վո­րա­բար վկա­յու­թյան գոր­ծում ըն­դուն­վում[15]:

Ուստիև ինչ­պես որ Քրիս­տո­սի մկրտու­թյան մի­ջո­ցին Տի­րա­մոր կամ առ­հա­սա­րակ կա­նանց ներ­կա­յու­թյուն չէ հիշ­վում, այդ­պես էլ նո­քա սո­վո­րա­բար բա­ցա­կա­յում են ի նշան և ի հուշ, որ ներ­կա­յա­ցու­ցիչ են և սպա­սավոր են մարմ­նավոր ծննդյան, ըստ յուրյանց բնա­կան կար­գին, և ոչ վե­րած­նու­թյան[16]: Նո­ցա բա­ցա­կա­յու­թյամբ մա­նու­կը չէ հիշեց­նում մկրտու­թյան ս. խոր­հուր­դի կա­տար­ման ժա­մա­նակ հին Ա­դա­մի ժա­ռան­գավո­րած ախ­տավոր մարմ­նա­կան ծնուն­դը, այլ ա­մեն­քի մեջ ներշն­չում է նոր Ա­դա­մի հո­գևոր և ա­նախտ ծնուն­դը, ո­րով մկրտվո­ղը վե­րածն­վում, նո­րոգ­վում է` նոր կյան­քի հա­մար լու­սա­զար­դվելով: Ու­րեմն մարմ­նավոր ծնողն ու­ղար­կում է յուր ման­կան ար­քա­յու­թյան ըն­տա­նի­քի մո­րը և վերս­տին ստա­նում է այդ հո­գևոր ծնո­ղից յուր լու­սա­զարդ սա­նի­կին:

Մկրտու­թյունը պետք է, որ նա­խա­պատ­րաստու­թյամբ լի­նի: Քրիս­տո­սի իս­կա­կան մկրտու­թյան նա­խա­պատ­րաստող ե­ղավ Հովհան­նես Մկրտիչն, որ օ­րի­նա­կան լվա­ցո­ղու­թյամբ ա­պաշ­խա­րել էր տա­լիս և Աստ­ու­ծո ար­քա­յու­թյան ճա­նա­պարհ բաց ա­նում նո­ցա սրտե­րի մեջ, որպեսզի պատ­րաստ լի­նեին ըն­դու­նե­լու Քրիս­տո­սի փրկու­թյունն ու Հո­գով Սրբով մկրտվելու[17]: Ժո­ղո­վուրդն էլ դի­մում էր դեպի այդ ա­պաշ­խա­րա­կան մկրտու­թյունը, ըստ ո­րում` թլփա­տու­թյամբ ևս, հիշում էր միշտ Աբ­րա­հա­մի հետ դրած աստվա­ծա­յին Հին Ուխ­տը, ո­րոշ­վում էր հե­թա­նոս ան­հավատ­նե­րից և սպա­սում 0ծյալի փրկա­գոր­ծու­թյան:

Նույն կար­գով պետք է նա­խա­պատ­րաստվի և չմկրտվա­ծը, կամ, ե­թե մա­նուկ է, նո­րա ծնո­ղը, որպեսզի ու­ղիղ և ան­սայ­թաք լի­նի նո­րա ըն­թաց­քը դեպի սրբու­թյուն և վե­րած­նու­թյուն: Ջեր­մե­ռանդ հավատ­քով վե­րա­բեր­մուն­քը պա­հանջ է թե՛ մկրտվո­ղի և թե՛ մկրտո­ղի վրա, ո­րոնք պետք է միշտ հիշեն Ս. Հոր խոս­քը. «Նա թէ եւ ոչ Հո­գին Սուրբ մկրտի­ցի ընդ մկրտեալսն, ոչ մկրտու­թիւնն կա­տա­րեալ ա­սի, այլ լուա­ցումն ջրոյ»` կա­րոտ իս­կա­կան մկրտու­թյան (Ս. Եղիշե, 314): Այդ է պատ­ճառն, որ քա­հա­նան պար­տավոր է ան­սվաղ կա­տա­րել մկրտու­թյունն և ա­պա պա­տա­րագ մա­տու­ցա­նել սրբու­թյամբ[18]: Այ­սինքն` ոչ միայն մկրտվողն, այլև մկրտող պաշ­տոնյան պար­տավոր է բա­րե­պաշ­տու­թյան զգաց­մունք­նե­րով և ջեր­մե­ռանդ հավատ­քով զի­նված մտնել այն խորհր­դա­կա­տա­րու­թյան մեջ, ո­րով պայ­մա­նավո­րված է մար­դու ամ­բողջ ա­ճու­մը, զար­գա­ցումն, հառաջա­դի­մու­թյունն ու լու­սավոր կյան­քը:

Ա­հա այս­պի­սի խորհր­դավո­րու­թյամբ է կա­տար­վում այս ս. խոր­հուր­դը, և ո­րով­հե­տև ճշմա­րիտ մկրտու­թյունը, ի­րա­գոր­ծվելով հանուն Հոր և Որդ­վո և Հոգ­վույն Սրբո, միան­գամընդմիշտ սրբում է մեկ սկզբնա­կան մեղ­քը, միան­գամընդմիշտ վե­րած­նում է, մի ան­գամ է ի­րա­կա­նաց­նում ճշմա­րիտ հաշ­տու­թյունն ի մահն Քրիս­տո­սի և ի հարությունն, և դրոշ­մով մի ան­գամ է տրվում ան­քակ­տե­լի կնի­քը մկրտվո­ղի հո­գու վրա[19], հաս­կա­նա­լի է, որ այդ­պի­սի մկրտվա­ծը չի կա­րող կրկին ան­գամ մկրտվիլ: Կրկնել մկրտու­թյունը նշա­նա­կում է մի այլ Եր­րոր­դու­թյուն դավա­նել. ըստ ո­րում և մի այլ Քրիս­տոս, փրկչա­կան մի այլ մահ, կրկնա­կի վե­րած­նու­թյուն և մի այլ Ս. Հո­գու, իսկ այս­պես դավա­նե­լը հերձ­վա­ծո­ղու­թյուն է: «Մի Տէր, մի հա­ւատք, մի մկրտու­թիւն», – ա­սում է ս. ա­ռա­քյալը (Եփ., Դ 5), այն­պես որ Հոր և Որ­դու և Ս. Հո­գու ճշմա­րիտ ա­նու­նով և ա­ռա­քե­լա­կան կար­գով մկրտվա­ծը հա­մար­վում է մկրտված ամեն մի քրիստո­նեա­կան և ճշմա­րիտ ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու հա­մար:

«Քան­զի անհ­նար է մի ան­գամ մկրտե­լոցն, որ ճա­շա­կե­ցին յերկ­նա­ւոր պար­գե­ւացն, եւ հա­ղորդք ե­ղեն Հոգ­ւոյն Սրբոյ, եւ զգե­ղե­ցիկ Բա­նին Աստ­ու­ծոյ ճա­շակս ճա­շա­կե­ցին, եւ զզօ­րու­թիւնս հան­դեր­ձե­լոյ աշ­խար­հին, եւ կոր­ծա­նես­ցին, միւս ան­գամ նո­րո­գել յա­պաշ­խա­րու­թիւն եւ վերս­տին ի խաչ հա­նել ան­ձանց զՈր­դին Աստ­ու­ծոյ, եւ դար­ձեալ խայ­տա­ռա­կել», – գրում է Ս. Պո­ղոս ա­ռա­քյալը[20]: Մկրտու­թյան փրկա­կան հաստա­տու­թյան և անջն­ջե­լի ի­րա­գոր­ծու­թյան տե­սա­նե­լի հայտա­րարն է Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում ս. Ավա­զա­նի ան­շար­ժու­թյունը[21]:

Սա­կայն Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին վերս­տին մկրտում է այն ա­ղան­դավոր­նե­րի մկրտած­նե­րին (ա­րիո­սյան, մա­կե­դո­նյան, նես­տո­րա­կան, սա­բե­լյան և այլն), ո­րոնք չու­նին Ս. Եր­րոր­դու­թյան ճշմա­րիտ դավա­նու­թյունն և ու­րեմն ճշմա­րիտ հավատ­քով ու հավա­տամ­քով չեն մկրտում հանուն Հոր և Որդ­վո և Հոգ­վույն Սրբո, և կամ թե որևիցե կեր­պով ել­նում են ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կար­գից` էա­պես ու խորհր­դավո­րա­պես խախ­տե­լով այդ ս. խոր­հուր­դի կա­տա­րու­մը: Այս­պես, օ­րի­նակ, կա­յա­ցած չէ այն մկրտու­թյունն, որ կա­տա­րվել է մաս­նավոր աշ­խար­հա­կան մար­դու կամ մին­չև ան­գամ սար­կավա­գի և ոչ թե քա­հա­նա­յա­կան ձեռ­նադ­րու­թյուն ստա­ցած հո­գևո­րա­կա­նի ձեռ­քով, ինչ­պես գի­տենք թե՛ ա­ռա­քյալ­նե­րի կար­գից, որ Փի­լիպ­պոս սար­կավա­գի քա­րո­զու­թյամբ մկրտված­նե­րի փրկու­թյունը ի­րա­գոր­ծված չէ հա­մար­վում, և թե՛ Ս. Նու­նեի պատ­մու­թյունից, որ Ս. Գրի­գոր Լու­սավոր­չից քա­հա­նա­ներ խնդրեց Վրաց վե­րած­նու­թյան հա­մար[22]:

Ըստ ո­րում և ե­թե մեկը վե­րա­հաս մա­հվան ճգնա­ժա­մին հավատ­քով փա­փա­գում է մկրտվել, նա ոչ թե կա­րող է աշ­խար­հա­կա­նի ձեռ­քով հաս­նել յուր փա­փա­գին, այլ մկրտված ու փրկված է հա­մար­վում յուր հավատ­քով[23], ինչ­պես և փրկու­թյան ար­ժա­նա­ցել են Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյան հուսով վախ­ճա­նված նա­հա­պետ­ներն ու սրբե­րը Հին Ուխ­տում: Եվ քա­նի որ մկրտու­թյան խորհր­դի ի­րա­կա­նաց­ման հա­մար նախ անհ­րա­ժեշտ է հավատք և երկ­րորդ` սրբազ­նա­գործ ա­րա­րո­ղու­թյունն, ակ­նե­րև է, որ չի ի­րա­գոր­ծվիլ ա­ռանց հավատ­քի, լոկ սրբա­զան ա­րա­րո­ղու­թյամբ և կամ հավատ­քով, բայց կեղծ ա­րա­րո­ղու­թյամբ, այլ վե­րա­հաս մա­հվան ար­գել­քը լիա­զորու­թյուն է տա­լիս հավատ­քի փրկա­րա­րու­թյան:

Մկրտու­թյան ս. խոր­հուր­դը սկզբից մին­չև վերջ գե­ղեց­կա­պես պատ­կե­րա­նում է յուր աստի­ճա­նա­կան ըն­թաց­քով և հիմ­քե­րով Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու ա­րա­րո­ղու­թյան մեջ: Նախ` ե­րե­խա­յի կող­մից աս­վում են Ե­կե­ղե­ցու դրան ա­ռաջ հինգ հա­տված սաղ­մոս­ներ` ըստ հինգ զգա­յա­րա­նաց, ո­րոն­ցով խնդրվում է Աստ­ու­ծո ո­ղոր­մու­թյունն, ա­ռաջ­նոր­դու­թյունն ու լու­սավո­րու­թյունը դար­ձող և ի Տեր հուսա­ցո­ղի վրա: Դո­րա հե­տևանքն է լի­նում, որ սպի­տակ ու կար­միր նա­րոտը ո­լոր­վում է` «միա­ւո­րեալ ի մի ի խոր­հուրդ կե­նա­րար ա­րեան եւ ջրոյն, որ ել ի տի­գե­րա­խոց կո­ղէն Քրիս­տո­սի». մկրտվո­ղը պսա­կի հուսով մտնում է Քրիս­տո­սի հո­վա­նավո­րու­թյան ճա­նա­պար­հը և եր­րեակ աղոթ­քից հետո ա­սում է «Հրա­ժա­րիմ­քը»: Այս ա­ռա­ջին մա­սով ե­րե­խան ե­րես է դարձ­նում մե­ղան­չա­կան աշ­խար­հից ու կյան­քից:

Երկ­րորդ մա­սում մկրտվո­ղը դառ­նում է «ի լույս աստված­գի­տու­թյան», խոս­տո­վա­նում է «Հավա­տամ­քը», լսում է Ավե­տա­րանն ու Հա­յոց դավա­նան­քը, քա­հա­նա­յի աղոթ­քով խնդրվում է հավա­սա­րել ճշմա­րիտ երկր­պա­գու­նե­րի հետ և ու­րա­խու­թյան սաղ­մոս­նե­րով մտնում է ե­կե­ղե­ցի ու շա­րա­կա­նով դի­մում դեպի ավա­զա­նը:

Եր­րորդ մա­սում կա­տար­վում է բուն մկրտու­թյունը, ըստ ո­րում, օրհն­վում է ջու­րը, որ Ս. Հո­գով դառ­նա «ի սրբու­թիւն հո­գե­ւոր ի­մաստու­թեան, ի նա­հա­տա­կու­թիւն եւ ի յաղ­թու­թիւն հա­կա­ռա­կա­մար­տին, ի զօ­րու­թիւն պա­տուի­րա­նա­պա­հու­թեան ա­ռա­քի­նի գոր­ծոց, եւ յա­մե­նա­կա­տար հրա­հանգս եւ ի կրթու­թիւնս աս­տուած­­պաշ­տու­թեան: Որ­պէս զի լու­սա­ւո­րեալ մտօք եւ ա­ռա­քի­նա­սէր վա­րուք կեց­ցէ յայսմ աշ­խար­հիս ի փրկու­թիւն ան­ձին իւ­րոյ, ի պա­տիւ եւ ի փառս ա­մե­նա­սուրբ Ե­րրոր­դու­թեան: Եւ ար­ժա­նի լի­ցի հա­սա­նիլ վի­ճա­կի ժա­ռան­գու­թեան սրբոցն ի լոյս»: Այս օրհ­նու­թյան կար­գը սաղ­մոս­նե­րով, ըն­թեր­ցված­նե­րով, աղոթ­քով ու ս. մյու­ռո­նով կա­տա­րե­լուց հետո, քա­հա­նան մկրտում է ե­րե­խա­յին: Այս լի­նում է չոր­րորդ մասն, ո­րով մա­նու­կը ստա­նում է վե­րա­ծնու­թյան շնորհ­նե­րը Ս. Հո­գով. «Որք ի Քրիս­տոս մկրտե­ցա­րուք, զՔրիս­տոս զգե­ցեալ էք, որ ի Հայր լու­սա­ւո­րե­ցայք, Ս. Հո­գին բերկ­րես­ցի ի ձեզ»[24]: Եվ այս կար­գից հետո կա­տար­վում է դրոշ­մի ս. խոր­հուր­դի ա­րա­րո­ղու­թյունը[25]:

Բայց ո­րով­հե­տև քրիս­տո­նյա­յի զավակն այլևս ոչ թե, ըստ Ա­դա­մի կար­գին, ա­նեծ­քով է ծնվում, այլ ըստ նոր Ա­դա­մին` ավե­տի­քով և ու­րա­խու­թյամբ իբ­րև Աստ­ու­ծո և յուր ե­կե­ղե­ցուն ըն­ծա, ուստիև աստվա­ծա­յին օրհ­նու­թյան ու­րա­խու­թյունը ծննդյան օ­րիցն է սկսվում, երբ քա­հա­նան գնում է տու­նը, «խոր­հուրդ մեծ» եր­գում` ըստ հրեշ­տա­կաց, Քրիս­տո­սի Ծննդյան Ավե­տա­րա­նը կար­դում և Ս. Կույսի ող­ջույնը տա­լիս ծննդա­կա­նին. «Ու­րախ լեր, բերկ­րեա՛լդ, Տէր ընդ քեզ, օրհ­նեալ ես դու ի կա­նայս, եւ օրհ­նեալ է պտուղ ո­րո­վայ­նի քո»[26]:

Եվ ինչ­պես որ մկրտու­թյունից ութ օր հետո քա­հա­նան գնում է, նա­րոտը վերց­նում և, լո­ղաց­նե­լով ման­կա­նը, վե­րա­հաստա­տում նո­րա վե­րած­նու­թյունն ու սրբու­թյունն ու ավե­տում, թե` «Ար­դա­րա­ցար, սրբե­ցար, զօ­րա­ցիր յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն Սրբոյ», այն­պես էլ քա­ռա­սուն օր լրա­նա­լուց հետո մայ­րը գա­լիս է ե­կե­ղե­ցի, նո­րան նվի­րում յուր ման­կան և աղոթ­քով ստա­նում է աստվա­ծա­յին «շնոր­հաց ու զորու­թյան» հո­վա­նու տակ: Այս կար­գով մայ­րը մո­ռա­նում է մարմ­նավոր ցավով ծնուն­դը և ըն­դու­նում սրբված, Աստ­ու­ծո ճշմա­րիտ երկր­պա­գու և «աստված­գի­տու­թյան լույսը զգե­ցած» ման­կան, որ կոչ­վում է նոր ճա­նա­պարհ ըն­թա­նալ Քրիս­տո­սի շավ­ղով (Ղուկ., Բ 22-39): Մի խոս­քով, թե՛ մկրտու­թյան և թե՛ նո­րա հարա­կից կար­գե­րի խոր­հուրդն ու էու­թյունը ցույց է տա­լիս, որ մա­նու­կը ծնվում է Քրիս­տո­սի ծննդյան խոր­հուր­դով, սրբվում է Քրիս­տո­սով և ա­ճում, զորա­նում է Քրիս­տո­սի հետ, որպեսզի նո­րա խա­չը կրե յուր վրա ե­կե­ղե­ցու հա­ռա­ջա­դի­մու­թյան հա­մար:

Հռովմեա­կան ե­կե­ղե­ցին տար­բեր­վում է ա­ռա­քե­լա­կան կար­գից այս խոր­հուր­դի թե՛ գոր­ծո­ղու­թյամբ ու թե՛ բա­նա­ձևով: Հա­յաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու մկրտու­թյան բա­նա­ձևն է. «(Այս ա­նուն) ծա­ռայս Աստ­ու­ծոյ ե­կեալ յե­րա­խա­յու­թե­նէ ի մկրտու­թիւն, մկրտի յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն Սրբոյ, գնեալ ա­րեամբն Քրիս­տո­սի ի ծա­ռա­յու­թե­նէ մե­ղաց, ըն­դու­նի զոր­դեգ­րու­թիւն Հօրն երկ­նա­ւո­րի, լի­նել ժա­ռան­գա­կից Քրիս­տո­սի եւ տա­ճար Հոգ­ւոյն Սրբոյ», ո­րի մեջ էա­կանն է` «Մկրտի յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն Սրբոյ»: Այս էա­կան մա­սը մնա­ցել է ա­ռա­քյալ­նե­րի ժա­մա­նա­կից, սա­կայն Հռովմեական ե­կե­ղե­ցին, ուժ տա­լով յուր կղե­րի նշա­նա­կու­թյան և իշ­խա­նու­թյան, այս ևս փո­փո­խել է մո­լո­րա­բար, ձևա­կեր­պե­լով այս­պես. «Ես մկրտեմ (զայս ա­նուն) յա­նուն Հօր եւ Որդ­ւոյ եւ Հոգ­ւոյն սրբոյ. Ա­մէն»: Այս­պի­սով, նա թե՛ ա­ռա­քե­լա­կան կարգն է խան­գա­րում և թե՛ մկրտո­ղի ան­ձին ավե­լի ա­ռաջ­նա­կարգ նշա­նա­կու­թյուն է տա­լիս, քան թե Քրիս­տո­սին ի վնաս քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու ա­ռա­քե­լա­կան միու­թյան և հո­գևոր նշա­նա­կու­թյան: Իսկ այդ­պի­սի մարդ­կա­յին ձգտումն է, որ դա­տա­պար­տում է Պո­ղոս ա­ռա­քյալը, քա­նի որ Քրիս­տոս է ևեթ մկրտու­թյան իս­կա­կան կա­տա­րո­ղը քա­հա­նա­յի ձեռ­քով[27]:

Հռովմեական ե­կե­ղե­ցին մկրտու­թյունն էլ այլապես է կա­տա­րում, ոչ թե ե­րիցս ընկղ­մե­լով, այ­սինքն` մկրտե­լով ջրի մեջ, այլ միայն ջուր սրսկե­լով ե­րե­խա­յի վրա, ինչ­պես եր­բեմն ա­նում էին հին դա­րե­րում հիվանդ­նե­րին: Նեո­կե­սա­րիա­յի ժո­ղո­վը Գ. դա­րում այդ մի ար­գե­լված ու դա­տա­պար­տե­լի գործ է հա­մա­րում` մեր­ժե­լով այդ­պես մկրտված­նե­րին հո­գևոր աստի­ճա­նից (Կա­նոն ԺԲ.): Մինչ­դեռ Հռովմեական ե­կե­ղե­ցին ԺԳ դա­րում մտցրեց այդ­պի­սի մո­լար սո­վո­րու­թյունն, ինչ­պես վկա­յում է նույնիսկ Թով­մա Աք­վի­նա­ցին: Այդ­պի­սով նա չա­րա­չար սխալ­վում է, զի եղ­ծում է ե­րեք­օ­րյա թաղ­ման խոր­հուր­դի ա­րա­րո­ղու­թյունը, ո­րին են­թարկ­վում է մա­նու­կը զգա­լա­պես և ել­նե­լով, ու­րեմն, Քրիս­տո­սի հետ հարություն առ­նում նոր կյան­քի հա­մար:

Բո­ղո­քա­կան­ներն էլ ե­թե ըն­դու­նում են մկրտու­թյան ս. խոր­հուրդ լի­նե­լը, սա­կայն ու­սու­ցա­նում են Հռովմեական ե­կե­ղե­ցուն հա­կա­ռակ, որ իբր թե մկրտու­թյունն ոչ թե Քրիս­տո­սի հավա­տաց­յալին վերջ­նա­կա­նա­պես սրբում է նախ­նա­կան և անձ­նա­կան մեղ­քե­րից, այլ միայն նշա­նակ է այդ մեղ­քե­րի ներ­ման, ըստ ո­րում, այդ­պի­սով մարդ նո­րա հարա­բե­րու­թյան մեջ է մտնում Աստ­ու­ծո հետ: Ու­րեմն մկրտու­թյամբ մարդ դառ­նում է Աստ­ու­ծո որ­դի, հույս է ստա­նում հավի­տե­նա­կան կյան­քի և աստվա­ծա­յին շնոր­հաց, ո­րոնք և ստա­նում է ան­տե­սա­նե­լի և ար­տա­քին որևիցե պայ­մա­նից ան­կախ կեր­պով:

Այս վար­դա­պե­տու­թյունն ակ­նե­րև հա­կա­սու­թյուն է, վասնզի ե­թե Աստ­ված մկրտու­թյամբ չէ սրբում մար­դու մեղ­քե­րը, այլևս ինչո՞ւ է սահ­մա­նել այդ և կամ ին­չո՞ւ չէ սրբում. մի՞թե չի կա­րող կամ չէ կա­մե­նում և կամ ին­չո՞ւ նե­րում է մկրտվա­ծի մեղ­քե­րը, երբ նա իս­կա­պես մե­ղավոր է: Եվ քա­նի որ Քրիս­տոս երկ­րորդ Ա­դամն է, չէ՞ որ նո­րա­նով նոր կյանք և ար­դա­րու­թյուն է պար­գևում մար­դուն մկրտու­թյամբ: Այլև Քրիս­տոս սուրբ է, չէ՞ որ սուրբ է և նո­րա մար­մի­նը` ե­կե­ղե­ցին կամ հավա­տա­ցյալը, չէ՞ որ նա փրկեց Ա­դա­մի մե­ղան­չու­մով ըն­կած մար­դուն և մկրտու­թյամբ բարձ­րաց­նում է, իսկ ե­թե մար­դը մնում է նույն վի­ճա­կում, և Քրիս­տոս յուր ար­դա­րու­թյամբ մի­միայն ծած­կում է նո­րա մեղ­քը, այլևս այդ ինչ փրկու­թյուն է կամ նո­րո­գու­թյուն, երբ մարդ դեռևս մե­ղաց մեջ թավալ­վում է: Ակն­հայտ­նի այս հին մո­լո­րու­թյունն, որ Ո­րի­գի­նե­սի ա­շա­կերտ Պրոկ­ղը և ու­րիշ հե­րե­տի­կոսք հնա­րե­ցին, բո­լո­րո­վին հա­կա­սա­կան է ու դա­տա­պար­տե­լի, ըստ ո­րում, հա­կա­ռակ է նաև Ավե­տա­րա­նի վար­դա­պե­տու­թյան, որ ա­սում է, թե մկրտու­թյամբ մարդ ստա­նում է նոր կյանք, սրբվում է մեղ­քե­րից և նո­րոգ­վում նոր Ա­դա­մով (Հովհ., Գ 4-6. Գործք, Բ 38. Ա Կոր., Զ 11 և այլն):

Բայց Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին, ճա­նա­չե­լով Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյան էու­թյունն, որ ճշմար­տա­պես ի­րա­գործ­վում է յուրա­քան­չյուր մկրտվո­ղի վրա այս ս. խորհր­դով, յուր խորհր­դա­կա­տա­րու­թյամբ ևս շատ ան­գամ է հիշում այս սկզբուն­քի հաս­տա­տու­թյունը հա­կա­ռակ վե­րո­հիշյալ ծայ­րա­հեղու­թյանց: Նա ամ­փո­փում է մկրտվո­ղի խնդրա­ծը այս­պես. «Հա­ւատք, յոյս, սէր եւ մկրտու­թիւն. Մկրտիլ եւ ար­դա­րա­նալ. սրբիլ ի մե­ղաց, ա­զա­տիլ ի դի­ւաց եւ ծա­ռա­յել Աս­տու­ծոյ»: Մկրտողն էլ խնդրում է աղոթ­քի մեջ. «Մեր­կեա՛ ի սմա­նէ զհնու­թիւն մե­ղաց եւ նո­րո­գեա՛ ի կեանս նորս եւ լցո՛ զօ­րու­թեամբ Հոգ­ւոյդ Սրբոյ ի նո­րո­գու­թիւն փա­ռաց Քրիս­տո­սի քո»: Եվ ա­պա մկրտե­լով և հանձ­նե­լով կնքա­հորը` հայտա­րա­րում է. «Որք ի Քրիս­տոս մկրտե­ցայք, զՔրիս­տոս զգե­ցեալ էք, ա­լէ­լուիա:

Որք ի Հայր լու­սա­ւո­րե­ցայք, Սուրբ Հո­գին բերկ­րես­ցի ի ձեզ, ա­լէ­լուիա»: Այս ա­մենն ար­տա­հայտում է այն մեծ ի­րո­ղու­թյունն, որ կա­տար­վում է նո­րոգ հավա­տա­ցյալի վրա. նա, ըստ նա­խըն­թա­ցին, մեռ­նում է յուր հին մար­դով Քրիս­տո­սի հետ և իբ­րև նոր մարդ հարություն առ­նում Քրիս­տո­սով, որ­պես­զի դար­ձյալ Քրիս­տո­սով ու Քրիս­տո­սի հետ նոր կյան­քի մեջ նո­րո­գա­պես հարա­տևի:

[1] Հովհ., Գ 5. Հռովմ., Զ 3, 4. Մատթ., ԻԸ 18-20. Մարկ., ԺԶ 16. Հռ., Ը 17:

[2] Հաճախ., Բ 423:

[3] Ծննդ. Ա, 2, 20. Բ 5. Հովբ, ԺԴ 9. Բ Պետր., Գ 5:

[4] Եփ., Ե 26. Մատթ., ԻԸ 19. Գործք, ԺԶ 3. ԺԵ 1-30. Գաղ., Բ 3. Ղուկ., Բ 21. Մատթ., Գ 13-15. Հովհ., Գ 22. Դ 1-2:

[5] Հռ., Ե 10. Զ 3-5. Կող., Բ 12. Գաղ., Գ 27. Եբր., Ժ 22. Ա Պետր., Գ 21. Գործք, ԻԲ 16. Բ 38. Սաղմ., Ծ 7: Ս. Հովհ., Իմաստ.,12, 86. Եղիշե, 83, 213:

[6] Հովհ. Իմաստ., 12. Շարական, 409. Եղիշե, 208, 344. Ագաթ., 238-239:

[7] «Մի՛ ի լոկ ջուր եւ դատարկ հայիցես յաւազան անդր, այլ շուրջ զջրովն եւ շնորհօքն խառնի Հոգին Սուրբ կենդանի: Քանզի կրկին է մարդն` յոգւոյ եւ ի շնչոյ կարգեալ. վասն այսորիկ եւ սրբողն պիտի, զի որ անմարմին է` անմարմնովն, եւ որ մարմնաւոր է` մարմ­նովն: Արդ ջուրն սրբէ զմարմինն, եւ ոգին դրոշմէ զհոգին, զի ցօղեալք ի սիրտս եւ լուա­ցեալք զմարմինն ջրով սրբով, մատչիլ եւ յանդիման լինիլ առաջի Աստուծոյ մեծու­թեան աստուածութեան կարասցուք: Արդ` յորժամ իջանես ի ջուր անդր, մի իբրեւ ի թե­թեւ եւ ի դա­տարկ ջուր ինչ հայիցես. այլ ի զօրութենէ Հոգւոյ անտի՛ փրկութեանն սպա­սեսջիր, զի առանց երկուցն անհնար է քեզ կատարեալ լինել»: Ս. Կյուրեղ, Կոչ. Ընծայ., 42:

[8] Տե՛ս նախորդ հղումը (խմբ.):

[9] Հմմտ., Ս. Հովհ. Իմաստ., Ճառք, էջ 9:

[10] Ա Կոր., Ժ 1-12. Ժամագիրք:

[11] Ընդհանր., 81, 311-314. Ս. Հովհ. Իմաստ., 6:

[12] Գործք, Ժ 24. ԺԶ 15-33. ԺԸ 8. Ա Կոր., Ա 16:

[13] Մատթ., Է 6. Ընդհանր., 81. «Ասեմք եւ յաղագս զծնունդս այլազգեացն մկրտելոյ, որ սովորութեամբ բերի ի հին ժամանակաց, եւ է ընդդէմ հրամանին Քրիստոսի, որպէս ասաց` «Ոչ տալ զսրբութիւն շանց…»:

[14] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., էջ 591. Որբանոցներ, անկելանոցներ և այլ սույն­պի­սի բարեգործական հաստատությունները կարգի դրավ Հայաստանում Ս. Ներսես Մեծն` հանձնելով այդոնց հոգատարությունը վանական միաբանությանց: Նույն կար­գերը մնա­ցին և հետևյալ դարերում, ինչպես ցույց են տալիս Դվնա և Պարտավի Ս. ժողովների կանոնները:

[15] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., 591:

[16] Տե՛ս Բուն Մաշտոց, էջ 233. «Քանզի կանայք` ախտաւոր եւ մարմնական ծննդեանն սպասաւոր են եւ ձեռնտու, ի հոգեւոր եւ յանախտ ծնունդ մի հուպ լիցին»: – «Մկրտութիւն առնել երկիւղածութեամբ, եւ կանայք ի ժամ մկրտութեան մերձ առ քա­հա­նայսն մի՛ իշխեսցին կալ, որպէս սովորեցին ոմանք առնել յանդգնաբար եւ մկրտել ընդ նոսա, այլ ի տեղւոջ իւրեանց աղօթեսցին»: Ս. Սահակ, Կանոնք:

[17] Մարկ., Ա 4. Է 4-8. Եբր., Թ 9-10. Ս. Ներսես Շնորհալի, Մեկն., Մատթ., 52:

[18] Ընդհանր., 80-81. Ս. Հայրը հրամայում է երկյուղածությամբ կատարել մկրտու­թյունն և ապա ասում է. «Եւ մի ոք ի քահանայից յետ հաց ուտելոյ իշխեսցէ առնել մկրտութիւն առողջից մանկանց, բայց եթէ յերկիւղէ մահու, այլ նախ կատարեսցէ զմկրտութեանն գործ, եւ ապա մատուսցէ զպատարագն սուրբ, յորմէ եւ զմկրտեալն հաղորդեցուսցէ»:

[19] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., 590:

[20] Եբր., Զ 4-6. Հռովմ., Զ 3. Գաղ., Գ 27:

[21] Ս. Հովհան Իմաստասեր, Ճառք, էջ 5, 6, 7. «Հարկ է հաւանութեամբ եւ հաւատովք հետեւել զկնի բոլոր քրիստոսականացս եւ սեղան եւ աւազան քարեղէն անշարժաբար յամենայն եկեղեցիս արձանացուցանել». – «Զի եւ պատշաճագոյն իսկ առ յարմարութիւն խորհրդոյս` զնիւթս զայս տեսանեմ եղեալ, որպէս թէ զանյողդողդ եւ զանշարժահիմն փրկութեան մերոյ իրողութիւն` կարծրագոյն եւ դժոխաշարժելի գործարանաւ տնօրի­նել»:

[22] Գործք, Ը 12-18. «Եւ սարկաւագունք մկրտութիւն մի իշխեսցեն առնել, ապա եթէ արասցեն` լուծեալ լիցին ի սարկաւագութենէն հանդերձ պատուհասիւ, զի ոչ է սար­կա­ւագն քահանայ, այլ` սպասաւոր քահանային»: Ս. Սահակ:

[23] «Եթէ դիպեսցի երախայի հիւանդանալ, եւ քահանայն հեռի իցէ, եւ ընթանան ըն­տա­նիքն առ քահանայն ի կոչել, անդէն ուր դիպաւ, քահանայն սկսցի զկարգ մկրտու­թեան յանուն երախային, եւ եթէ դէպ լիցի երախային մեռանել, յորժամ եկեսցէ քա­հանայն եւ կնքեսցէ սուրբ նշանաւն զգլուխն եւ թաղեսցէ ընդ Քրիստոսի մկրտեալսն, այդ կանոն ի վերայ ակամային դիպեսցի»: Կանոն Սիոն կաթուղիկոսի: Հմմտ. և Կո­չումն Ընծ. «Եթէ ոք ոչ ընկալցի զմկրտութիւնն, փրկութիւն ոչ գոյ նորա, բայց միայն մար­­տիրոսացն, որք եւ առանց ջուրց առնուն զքաւութիւն»:

[24] Տե՛ս և Ս. Հովհ. Իմաստ., էջ 9. Ս. Հովհ. Մանդակունի, 122:

[25] «Մկրտութիւնս ոք ծուլութեամբ մի իշխեսցէ առնել, որպէս լսեմք, այլ երկիւղիւ եւ զգուշութեամբ, բուրուառօք եւ ճրագովք, եւ առագաստեալ վարագուրօք, որպէս վայել է, լուսաւորութեամբ ս. Աւազանին: Եւ աւազանն կանգնեսցի յեկեղեցւոջն կամ ի տան պաշտամանն, թէ քարեղէն իցէ, թէ զինչ եւ իցէ, երկիւղածութեամբ արժանի եւ բաւա­կանութեամբ գործոյն, լուսաւորութեան լայնութեամբ եւ խորութեամբ, զի բաւակա­նաբար ծածկեսցէ ջուրն զհասակ մանկանցն, որ մկրտիցին: Եւ ի տունս շինականացն քահանայք մկրտութիւն մի՛ իշխեսցեն առնել, բայց վասն երկիւղի մահու, թէ վտանգ ինչ իցէ»: Ներսես Բ, Կանոն Դվնա Ս. ժողովին, որ 551 թվին:

[26] Մաշտոց, ձեռաց., 323. Ղուկ., Բ 8-21. Ա 39-56: Տե՛ս և ստորև գլ. ԽԲ: Ամբողջ ժողովուրդ մկրտելու հրահանգը տե՛ս Ընդհանր., էջ 311-314:

[27] Ա Կոր., Ա 10-17. Ս. Գրիգորր Տաթ., Հարց., 588:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս