«Ասեց՝ ժողովո՛ւրդ ջան, մի նայեք՝ հիմնավորման մեջ ինչ է գրված․ փողը վերցնում ենք, որ բյուջեի բացը լրացնենք»․ մասնագետները՝ առողջապահությանն ուղղվող պարտքային նոր բեռի մասին

Շուրջ 1 ամիս առաջ գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին․ ՀՀ-ն այս վարկային ծրագրից ստանալու է 102 միլիոն եվրո, որը նախատեսում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը։

Մեկ ամիս անց արդեն Նիկոլ Փաշինյանը գուժեց թիմի հերթական ձախողման մասին՝ արձանագրելով, որ առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության ուղղությամբ մեծ քայլն անելուն:

«Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ, պատկերավոր ասած, մի քանի կիլոմետր տեսադաշտ կունենանք»,- մանրամասնեց Փաշինյանը։

Ու թեև Բժշկական ապահովագրության մասին օրենքը չկա, ու հայտնի էլ չէ, թե երբ կլինի, այդուհանդերձ, կառավարությունը Սահմանադրական դատարան էր ուղարկել ՎԶԵԲ-ի հետ ստորագրած համաձայնագիրը՝ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Կարդացեք նաև

Առավել պարզ ասած՝ երեկ ՍԴ-ի դատին էր հանձնվել ՀՀ քաղաքացիներիս վզին կառավարության կողմից հերթական 102 միլիոն եվրո վարկը փաթաթելու հարցը:

Հարցի քննության ժամանակ կառավարության ներկայացուցչի՝ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կողմից այդպես էլ լիարժեք հիմնավորում չհնչեց, թե ինչպես է հենց 102 միլիոն եվրո վարկ վերցնելու անհրաժեշտությունն առաջացել, ինչ ծախսային ուղղությունների համար է այն, եթե չկա օրենքը, բայց ՍԴ-ն համաձայնագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրական ճանաչեց։ Ի դեպ, որոշմանը դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանն ու Սեդա Սաֆարյանը։

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը 168am-ի հետ զրույցում նշեց՝ երեկ հետևել է ՍԴ-ում հարցի քննությանը, սակայն չի հասկացել, թե ինչի մասին է խոսում Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Ընդամենը բառերի շարան է․ իրականում, մենք այսօր չունենք հիմնավորված ռազմավարություն, ծրագիր, որով պետք է առողջապահության բարեփոխում անել ապահովագրության շրջանակներում։ Հարցի քննության ժամանակ մի հետաքրքիր հարց տրվեց՝ եթե ապահովագրությունը մի քանի տարի երկարում է, ապա՞․․․։

ԱՆ պաշտոնյայի մեկ ժամից ավելի ելույթը նաև ինքնախոստովանություն էր․ նա խոստովանեց, որ իրենց ղեկավարած համակարգում բոլոր ծրագրերը գտնվում են վատ վիճակում, չի կատարվում բնակչության առողջության պահպանում, և իրենք այդ վատ ֆոնի վրա ցանկանում են այս 102 միլիոն եվրոյով այդ իրավիճակը բարելավել»,- արձագանքեց Անուշ Պողոսյանը։

Այս համատեքստում նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի վստահեցումը, որ 2 անգամ առողջապահական բյուջեն ավելացվել է, ապա հարցադրում ուղղեց պատկան մարմիններին, թե ի՞նչ են արել այդ գումարները, եթե ամեն ինչ մնացել է վատ վիճակում։

«Ու դրա համար նորից գումարներ են ուզում, իսկ այդ գումարները ՀՀ բնակչի հաշվին է լինելու։ Ես չեմ տեսնում ծրագիր։

Երեկ Սահմանադրական դատարանում Առողջապահության նախարարի տեղակալը հանգամանալից բացատրում էր, թե 102 միլիոն եվրոն ինչքան կարևոր է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համար։ Ստացվում է՝ գումար են ուզում ներդնելու համար մի գործընթացի մեջ, որի շրջանակում՝ չգործող իրավական ակտի, էլեկտրոնային համակարգի ծրագրային թերությունների պատճառով մարտ ամսից սկսած՝ տուգանվել են շուրջ 600 դեղատներ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ առողջապահության մասին»,- հավելեց մասնագետը՝ տեղեկացնելով, որ օրերս դեղերի մանրածախ իրացում իրականացնող մի շարք ընկերություններ դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը։

Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ-վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը թեմայի առնչությամբ 168am-ին տված իր մեկնաբանությունում նախ արձանագրեց, որ իր տպավորությամբ՝ այդ վարկը վարկ վերցնելու հիմքում դրած պատճառների հետ որևէ աղերս չունի։

«Դա ավելի շատ դիտարկում եմ՝ որպես բյուջետային վարկ․ ակնհայտ է, որ գումարը չի հերիքում, որպեսզի գոնե անցյալ տարվա ծավալով ծրագրերն իրականացվեն, այդ պատճառով բյուջետային վարկ են վերցնում, իսկ որպեսզի դա քողարկեն, դրել են տարբեր հիմնավորումներ՝ սկսած գոյություն չունեցող համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրման օրենքի աջակցման նպատակից։ Այդ ամենն աբսուրդ է դառնում, երբ դու հասկանում ես, որ այդ օրենքը չկա, այսինքն՝ իրենք գոյություն չունեցող բանի տակ արդեն փող են վերցնում։

Իրենք խոսում են բուժաշխատողների լիցենզավորման համակարգ ներդնելու մասին, բայց ինձ համար, օրինակ, անհասկանալի է՝ ինչո՞ւ է բուժաշխատողների լիցենզավորման համակարգ ներդնելու համար այդքան գումար վերցվում, երբ ԱՆ-ն արդեն իսկ ձևավորված ենթակառուցվածքներ ունի, որոնք այդ գործընթացը լիարժեք կարող են իրականացնել»,- մանրամասնեց Սամվել Սողոմոնյանը։

Վերջին դիտարկման վերաբերյալ մասնագետը նաև նկատեց, որ բուժաշխատողներին լիցենզավորելու անհրաժեշտությունն առհասարակ անհասկանալի է, երբ ՀՀ-ում արդեն իսկ գործում է բուժաշխատողների հավաստագրման համակարգ։

«Ես չգիտեմ՝ ՀՀ-ից բացի, աշխարհում այլ երկիր կա՞, որտեղ զուգահեռ ներդրված են երկու համակարգեր՝ բուժաշխատողների լիցենզավորում և հավաստագրում,- ասաց նա, ապա ամփոփելով՝ շեշտեց,- Հարցերը շատ են, բայց այդ հարցերի պատասխանը վերջում փայլուն կերպով ստացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, երբ նրա հերթական հարցադրումներն անպատասխան թողնելուց հետո կառավարության ներկայացուցիչ նշանակվածը՝ ԱՆ փոխնախարարը, խոստովանեց, որ սա բյուջետային վարկ է։ Այսինքն՝ ասեց, որ՝ ժողովուրդ ջան, մի նայեք՝ հիմնավորման մեջ ինչ է գրված, ինչ ուզել՝ դա էլ գրել ենք․ իրականում, այս փողը վերցնում ենք, որ բյուջեի բացը լրացնենք»։

Տեսանյութեր

Լրահոս