Նոբել ստացած Աճեմօղլուի ինքնասահմանափակ պետությունը. «Առավոտ»
Քամեր Դարոն Աճեմօղլուն հայկական ծագումով թուրք-ամերիկյան տնտեսագետ է: Ծնվել է 1967-ին, Ստամբուլում:
Աճեմօղլուի գրքի վերնագրի («Ինչո՞ւ են պետությունները ձախողվում») հարցերին տնտեսագետները վաղուց են պատասխանել: Օրինակ, Ադամ Սմիթն էս հարցերին մանրամասն պատասխանել է Աճեմօղլուից 236 տարի առաջ, իր «Պետությունների հարստության պատճառների հետազոտությունը» գրքով: Աճեմօղլու ու Ռոբինսոնի գրքում տնտեսագիտական մեթոդով ոչ մի անալիզ չկա:
Հակառակը, էս գիրքը պետերին պաշտպանող մի խորամանկ քարոզ է… Գրքի բովանդակությունը տեղավորվում է մի կես էջի վրա, մնացածը տարբեր երկրների տնտեսությունների պատմությունների ծաղկաքաղն է, ինչի համար հեչ էլ պարտադիր չի, որ էդ ծաղկաքաղ անողը հանճարեղ կամ տնտեսագետ ըլնի: Ու ծաղկաքաղ անողն անընդհատ ու հանկարծ եզրակացնում է, ուրեմն, բարգավաճ երկիր ունենալու համար պետությունները քաշող հանող կամ քամող (extractive) ինստիտուտների փոխարեն պիտի ներառական (inclusive) ինստիտուտներ ստեղծեն, ու մեկ էլ – որ պետությունները (այսինքն, պետերը) պիտի ինքնասահմանափակվեն: Ու էս ողջ գրքի մեջ ծպտուն անգամ չկա, թե էս ներառական կամ քամող ինստիտուտները ինչ են, ինչ կառուցվածք ունեն, կամ ոնց ու ինչ սկզբունքներով են ստեղծվում:
Էս գրքում տնտեսագիտական սովորական տերմին- համարյա չկա …
Ու էս բոլորը խորամանկ ձեւով է արվում գրքում: Չի ասվում, որ էս աշխարհում Ադամ Սմիթ է եղել, որ իրենցից առաջ բազում էնպիսի հանճարեղ տնտեսագետներ են եղել, ինչպիսիք էին` Խուան Մարինան, ֆիզիոկրատիկները, Լոկը, Բաստիան, Կանտիլոնը, Մենգերը, Ջեւոնզը, Վալրասը, Բոյմ-Բավերկը, Վիզերը, Միզեսը, Հայեկը, Բրունո Լեոնին, Ալչիյանը, Քոուզը, Ռոթբարդը, Խեսուս Հուերտա դե Սոտոն, Հանզ Հերման Հոպեն եւն, եւն: Դե որ չեն էղե, ուրեմն, սրանց տնտեսագիտությունն էլ չի Էղել, էղել է մենակ Աճեմօղլու ու իրա զինակցի յանի հանճարեղ ներառական տնտեսագիտությունը:
Աճեմօղլին իր նոբելիստ ընկերակիցների հետ մի քանի գիրք ու լիքը-լիքը հոդված էլ է գրել, բայց բոլորն էլ էս նույն կեղծ-հայտնագործական մաթեմատիկական մեթոդով: Այսինքն, սրանց գրքերի ճշմարիտ բաներն իրանցից առաջ վաղուց ու հազար անգամ են ասվել, իսկ իբր նորությունները անպայման են կամ սխալ, կամ կեղծ մաթեմատիկական ու ոչ ստուգելի…
Աճեմօղլուի ու իր այս թիմի մասին ասելու լիքը բան կա, ու քանի որ իմ էս ասելիքը խիստ բացասական պիտի լիներ, որոշել էի, որ այսքանով սահմանափակվեմ, երբ համացանցում հանդիպեցի Econlog-ի ու Wall Street Journal-ի համար գրող՝ տնտեսագետ ու ժուռնալիստ Դավիդ Հենդերսոնի հետեւյալ հայտարարությունը, որ ինքն արել է էս հոկտեմբերի 14-ին.
«Wall Street» ժուռնալում իմ Տնտեսագիտության 2024-ի նոբելյան մրցանակը հոդվածը, ըստ իմ ու ժուռնալի պայմանագրի, իրավունք ունեմ տպելու միայն 30 օր հետո: Առայժմ ահա հետեւյալ պարբերությունն այդ հոդվածից:
«Ինչպես նշել եմ իմ 2013 թվի «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում» հոդվածում, դեռ Ադամ Սմիթն է նկատել, որ …, հարցը շուկայի ազատությունն է, ու ոչ թե պետության գործունեությունը: Ափսոս, որ պարոնայք Աճեմօղլուն ու Ռոբինսոնը չեն մեջբերել Սմիթի այս խորաթափանց խոսքերը: Ցավոք, այդ պարոնները չեն մեջբերել նաեւ տնտեսագետ Mancur Olson-ի 1982 թվին գրած «The Rise and Decline of Nations» («Պետությունների վերելքն ու անկումը») գիրքը, ինչն այս պարոնների հիպոթեզները վաղուց է արտահայտել. (ԱՌՋ հապավումը նշանակում է Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը): Դավիդ Հենդերսոնը հղում է Ռայան Յանգի մի հոդվածին: Բերեմ Ռայան Յանգի ԱՌՋ-ի 2024-ի 16.10-ի քննադատության մի քանի հատվածը: Նախ նշեմ, որ ինստիտուտ են, օրինակ, միամուսնության կամ բազմամուսնության տրադիցիան, պետական իշխանության ու սրա ենթամիավորները կազմելու տրադիցիաները եւն:
«… ԱՌՋ-ը, մանավանդ Աճեմօղլուն, ենթարկվում են տվյալ շրջանի քաղաքական մոդաներին: Էս մոդաներից են – … հակալիբերալ կառավարություններին (պետերին) շողոքորթելը ու խորը հարցերի փոխարեն մարդկանց անհավասարության մասին մոդայիկ հայտարարությունները»:
Յանգն ասում է նաեւ, որ. «Վերջերս Աճեմօղլուն երկու խոշոր սխալ է արել: Առաջինը Բրազիլիայի կառավարությանն ուղղված էն բաց նամակի տակն ստորագրելն էր, ինչը պահանջում էր, որ քաղաքական մահանաներով Թվիթերը (Twitter-ն) արգելվի: Սա, իհարկե, ոչ մի կերպ չի տեղավորվում 2019-ին իր ու Ռոբինսոնի հրատարակած «Նեղ միջանցքը» գրքի հռչակած «միջանցքի» մեջ»:
«Մյուս օրինակը ցույց է տալի, որ Աճեմօղլուն բոլորովին չի հասկանում Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկի ասած տեղին ու պահին առնչվող տվյալների իմացության խնդիրը: Հայեկն ասում է, որ կենտրոնացրած պլանը կազմելու համար պիտի իմանաս տեղին ու պահին առնչվող տվյալները, ինչը անհնար է հենց սկզբունքով»: Հենց սրա համար էր, որ Սովետի հնգամյա պլանները երբեք չէին իրագործվում: Բայց նորից թող Յանգը խոսի. «Աճեմօղլուն ասում է. – Բայց կարող է, արհեստական բանականությունը հզորանում է: Հայեկն ի՞նչ կասեր, եթե իմանար ԱԲ-ի էսօրվա հզորության մասին»: Աճեմօղլուն չի հասկանում, որ հարցը ոչ թե ինֆորմացիայի քանակն է, այլ ինֆորմացիայի տեսակը»: Իմիջիայլոց նաեւ քանակն է, բայց շարունակեմ: «Հայեկը նկատի ունի, որ տեղի ու պահի տվյալները նախ դիֆուզ ցրված են միլիոնների ու երբեմն էլ միլիարդների մեջ, ու սրանք փոփոխական են ու ծածուկ, նաեւ՝ որակական են – ու ոչ թե քանակական, ու դժվար ձեւակերպելի են մաթեմով»: Ավելի ճիշտ, երբեմն, բոլորովին էլ ձեւակերպելի չեն, որովհետեւ քանակական թվականներով չեն արտահայտվում ու մաթեմատիկայով չեն մոդելավորվում: «Կոմպի հզորությունն էստեղ անզոր է …»: Էս էլ Յանգը:
Դուք երեւի հարցնեք, «Բայց ո՞նց է սա հնարավոր, որ Նոբելյան Կոմիտեի պես 100 ամյակից էլ ավագ ու խիստ լուրջ կազմակերպությունը իր մրցանակը տա Աճեմօղլուի պես մեկին, ով Հայեկի տեսությունը հասկանալու կարողությունն անգամ չունի»: Էս հարցին էլ թող պատասխանի Ռայան Յանգը:
«…, տնտեսագիտության Նոբելյան հանձնաժողովը մասնավոր ակումբ է, ինչի անդամը մի քանի համալսարանական նույն խումբն է, ու սրանք ամեն տարի էս մրցանակը տալիս են միմիայն իրանց ընկերներին: Աճեմօղլուն ու Ռոբինսոնը դասավանդում են ՄՏԻ-ում ու Չիկագոյի համալսարանում, իսկ սրանք էրկուսն էլ էդ ակումբի անդամ են: Ջոնսոնն էլ ՎՄՖ-ի գլխավոր տնտեսագետն է»:
Ավելացնեմ, որ խաղաղության նոբելները, հենց առաջիններից, տալիս են ակնհայտ կասկածելիներին: Օրինակ, պրոգրեսիվիստ կոչված Թեոդոր Ռուզվելտին (1906), Վուդրո Վիլսոնին (1919), ով հիմնեց Ֆեդերալ Ռեզերվը, եկամտահարկն ու Ազգերի լիգան ու ԱՄՆ-ը ներքաշեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Էս երկուսը ԱՄՆ-ը տարան սոցիալիզմի ուղով: Մայր Թերեզա կոչվածին (1979), ով տասնյակ միլիոն դոլարներով փող էր հավաքում, որ իր հարյուրավոր բուժարաններում տառապող հիվանդներին իբր բուժի ու խնամի, բայց սրանց պահում էր կիսաքաղց, արտաթորանքի մեջ կորած: Ալվա Մյուրդալին (1982), իսկ Գուննար Մյուրդալինը (1974) – Հայեկի հետ: Սրանք, էս մարդ ու կինը, եվգենիկայի, այսինքն, մարդաբուծության, հետեւորդ ու քարոզիչ էին: Եվգենիկան կիրառող նացիստներին Նյուրնբերգի դատարանը պատժում էր, իսկ Նոբելյան կոմիտեն պարգեւատրում է: Մրցանակը տրվել է Մանդելային (1993), ում ձեռները մինչեւ արմունկները տեռորիստական ակտերի արյունն էր: Մրցանակը տրվել է Քարտերին, Օբամային, Գոռին, Քիսինջերին եւն, եւն, ովքեր քաղգործիչ են ու սկզբունքով իսկ – չեն կարա ազնիվ ըլնեն: Նոբելյան մրցանակը տրվում է մանավանդ սոցիալիստական էտատիստական միջազգային կառույցներին, ՄԱԿ-ին, ԵՄ-ին ու սրանց զանազան կազմակերպություններին ու նույնիսկ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերին:
Իհարկե, ես չեմ ասում, որ արժանիներին նոբել բոլորովին չի տրվում: Տրվում է, որովհետեւ եթե միայն անարժաններին տրվեր, կեղծիքը վռազ կերեւար…
Իմիջիայլոց, «Բայց ո՞նց է սա հնարավոր, որ … Նոբելյան կոմիտեն իր մրցանակը տա Աճեմօղլուի պես մեկին» հարցի առիթով մի հարց էլ ես տամ. «Էկեք հեռու չէթանք ու հարցնենք. Բա ո՞նց է հնարավոր, որ մի ոչ լեզվաբան ու ոչ պատմաբան հայ ռադիոինժեներ ակադեմիկոսը լեզվաբանությունից ու պատմաբանությունից մի ԶԱՌԱՆՑԱԿԱՆ գիրք գրի, ու մեր ԳԱ Ակադեմիան ու իրա ինստիտուտները, ու սրանց հետ էլ մեր ԿԳՍՄ նախարարությունը ու էս գծով բոլոր ամբիոնները – տասնամյակներով ծպտուն չհանեն ու, ըստ էության, իրանց էդ լռությամբ համաձայնեն էդ զառանցանքներին»: Կամ էլ. «Ո՞նց է հնարավոր, որ ՀՀ-ի բոլոր դպրոցներում ու բուհերում 90 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ, գիտական քերականության տեղը ԶԱՌԱՆՑԱՆՔ ԱՆՑՆԵՆ ու ժողովրդից թաքցնեն, որ անցածը զառանցանք է»: Բայց սրանց մասին հետո երեւի խոսենք:
Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս
«Առավոտ»