Դուդայի հայաստանյան այցի գլխավոր խնդիրը․ ինչո՞ւ է Լեհաստանի նախագահը ժամանել Երևան

«Ցանկանում ենք, որպեսզի բոլոր հակամարտությունները խաղաղությամբ ավարտվեն»,- այսօր Երևանում, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ «ասուլիսում», հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Ի դեպ, նախագահի աշխատակազմից հրավեր չի եղել ասուլիսի լուսաբանման համար, իսկ «ասուլիսից» տարածված այս լուսանկարն էլ հուշում է, որ գոնե կադրում երևացող շարքերում ընդհանրապես լրագրող չկա։

Ինչևէ։ Անջեյ Դուդան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Լեհաստանի պատրաստակամությունը հայտնեց։

«Ես այս հարցը քննարկել եմ նաև Բաքվում՝ COP29-ի շրջանակներում, նախագահ Ալիևի հետ։ Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը, կայուն և հստակ նշված սահմաններով։ Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Եթե մեր օգնության կարիքը լինի, մենք պատրաստ ենք այն ցուցաբերել»,- հայտարարեց Լեհաստանի նախագահը։

Կարդացեք նաև

Անջեյ Դուդան նաև շեշտեց, որ 2025 թվականի հունվարի 1-ից Լեհաստանը կստանձնի նախագահությունը Եվրոպական միության խորհրդում, և իրենց գերակա խնդիրն է լինելու անդրադառնալ բոլոր հարցերին, այսինքն՝ երբ խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ մարմինների կողմից: «Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին»,- նշեց Դուդան։

Նա ասաց, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում։

«Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք։ Մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության մեջ։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին ներգրավենք եվրոպական ընտանիք։

Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ընդգծեց Անջեյ Դուդան։

Հայաստանի նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, ապա այն շարունակել ընդլայնված կազմով, ու արդյունքների մասին հանդես եկել համատեղ «ասուլիսով»։ Դուդան հանդիպելու է նաև Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Օրակարգում է նաև նրա այցը Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Ուշագրավ է, որ Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ դիտորդություն է իրականացնելու մի փուլում, երբ Ադրբեջանը բարձրացնում է ՀՀ տարածքից դիտորդների դուրսբերման պահանջ, իսկ Երևանն առաջարկում է նրանց դուրս բերել միայն հայ-ադրբեջանական սահմանազատված հատվածներից։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ այցն ամենայն հավանականությամբ կապ ունի՝ ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ և ԵՄ-ռեգիոն հարաբերությունների հետ։

Նրա խոսքով, Լեհաստանն «Արևելյան գործընկերության» երկու հիմնադիրներից մեկն էր, որը լավագույնս ծանոթ է ԱլԳ ռեգիոնում վերջին տասնամյակների ընթացքում  գրանցված աշխարհաքաղաքական տեղաշարժերից, ինչպես նաև ԱլԳ անդամ երկրներ-ԵՄ հարաբերությունների հարցում Լեհաստանն ամենալավ տեղեկացված երկրներից մեկն է, քանի որ ԱլԳ-ն առաջ են մղել ԵՄ-ում շատ քիչ երկրներ, որոնցից գլխավորներից է եղել Լեհաստանը։

«Ուստի բնական է, որ ՀՀ-Լեհաստան հարաբերություններում ՀՀ-ԵՄ օրակարգը բավականին առանցքային տեղ ունի, Լեհաստանն ակտիվ մասնակցություն ունի և մասնակցություն է ունեցել ՀՀ-ԵՄ վերջին տասնամյակների զարգացումներին։ Այս փուլում ևս, ըստ էության, Լեհաստանը փորձում է սկսել ԱլԳ ծրագրի վերաֆորմատավորման գործընթաց, այն քննարկելով բոլոր գործընկեր երկրների հետ, ինչի համար հարկավոր է լիովին հասկանալ, թե ԱլԳ երկրներից որն ինչ է ակնկալում ԵՄ-ից, ինչ մակարդակի սերտ հարաբերությունների է ձգտում ԵՄ-ի հետ»,- ասաց նա՝ շարունակելով, որ դա ենթադրում է նաև, որ Լեհաստանն իսկապես կնպաստի ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման հարցի դրական հանգուցալուծմանը։

Մյուս կարևորությունը, նրա խոսքով, վերաբերում է ՀՀ-ում ԵՄ դիտորդությանը, քանի որ այն ներկայումս հայտնվել է ակտիվ քննարկումների օրակարգում։

«Կարծում եմ՝ ՀՀ-ում դիտորդությունը և այցը դիտորդության վայր յուրօրինակ ժեստ է։ Ըստ իս, չի բացառվում, որ այս հարցով լեհական կողմը փորձել է բանակցություններ վարել Երևանի և Բաքվի հետ։ Ի վերջո, սա մի հարց է, որը վերաբերում է ԵՄ-ին, և ԵՄ-ն պետք է որոշակի աշխատանք ծավալի կողմերի հետ այս հարցով։ Կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է որ աշխատի այն ուղղությամբ, որպեսզի դիտորդական առաքելության մանդատը հնարավոր լինի երկարաձգել և վերացնել առկա խոչընդոտները, անորոշությունները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Երևան-Բաքու բանակցություններին նպաստելու լեհական առաջարկին, վերլուծաբանը գտնում է, որ կողմերին բանակցությունների համար հարթակ տրամադրելու առաջարկով հանդես են գալիս կողմերի գրեթե բոլոր գործընկեր երկրները։

«Լեհաստանը ևս բացառություն չէ, բնական է, որ Լեհաստանը չի հավակնում դառնալ միջնորդ, նա դեմ չէ բանակցելու համար հարթակ տրամադրել կողմերին, ինչն ընդունելու դեպքում ԵՄ-ն դա «կգրի» իր ձեռքբերումների շարքում։ Սակայն բանակցային պատմությանը ծանոթ վերլուծաբանները կասեն, որ այս դեպքում նույնիսկ ավանդական միջնորդների համար է բարդ բանակցությունների կառավարումը, իսկ նման երկրները չեն կարող լուրջ նպաստ ունենալ։ Սա կարող է դիտվել՝ որպես բարի կամքի դրսևորում»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս