Գյումրիում իրավիճակը ծանր է. եթե Ալավերդիում, Վանաձորում իշխանությունը հեշտությամբ վերցրեցին՝ Գյումրիում անակնկալ եղավ. Վարդևան Գրիգորյան

Շիրակի մարզի Գյումրի համայնքում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո օրերս համայնքային 2000-ից ավելի աշխատակիցներ վերջապես ստացել են իրենց աշխատավարձերը։ Սակայն դրանով քաղաքում խնդիրները չեն լուծվել։

«Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո խոսակցությունները չէին դադարում, որ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, այն բանից հետո, երբ մամուլը գրեց, որ Կ. Սարուխանյանի թմրանյութերի թեստը դրական է եղել՝ նրա մասին լուրերը գոնե այս պահին շրջանառությունից դուրս են եկել։

Դրանից հետո շրջանառվեց ՔՊ-ական ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանի անունը, ով Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մտերիմն է և նրա պատգամավոր եղած ժամանակ վերջինիս օգնականն էր։

ԱԺ գյումրեցի նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ այս պահին Գյումրիում մի քանի թեկնածուների մասին են խոսում, դրանցից մեկն էլ Քնարիկ Հարությունյանն է, սակայն, ըստ լուրերի՝ նա հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը։

Կարդացեք նաև

«Մինչև թեկնածու առաջադրվելը, Գյումրու ավագանին օրենքի շրջանակներում պետք է որոշում կայացնի՝ ընտրություն անցկացնելու համար, սակայն նման որոշում չկա։ Հիմա այս բոլոր խոսակցությունները, ժողովրդի խոսքով ասած՝ «օդի մեջի» խոսակցություններ են։ Այսինքն՝ այս պրոցեսը պետք է քայլ առ քայլ լինի։ Առաջինը պետք է որոշում կայացնեն՝ գնո՞ւմ են ընտրության, թե՞ ոչ, ըստ կարգի՝ պետք է գնան։ Հիմա ես չգիտեմ՝ ՏԻՄ օրենքում ինչ փոփոխություններ պետք է կատարեն, որպեսզի ընտրությունները ձգվեն մինչև համապետական ընտրություններ՝ 2026 թվական։ Քաղաքում մի քանի թեկնածուների մասին են խոսում, բայց չգիտեմ՝ նրանք առաջադրվելո՞ւ են, թե՞ ոչ։

Հիմա Գյումրիում իրավիճակը շատ ծանր է, մեծությամբ երկրորդ քաղաքում փաստացի իշխանություն չկա։ Չգիտեմ՝ պատմության մեջ նման դեպք եղե՞լ է, ինձ որ հայտնի չէ»,- 168.am հետ զրույցում նշեց Վարդևան Գրիգորյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ստեղծված իրավիճակում խնդիր չկա, քանի որ իրենք որոշակի հարցեր լուծում են, ասելով.

«Ես չգիտեմ՝ իրենք Գյումրիում ի՞նչ հարցեր են լուծում, որն օրենքի շրջանակներում է և հասանելի է բնակիչների համար։ Տեղական ինքնակառավարման մարմիների համար առաջինը քաղաքի բարեկեցությունն ապահովելն է՝աղբահանությունից սկսած, հիմա Կառավարությունն ինչպե՞ս է այդ որոշումներն ընդունում, հանձնարարում է մեկին աղբահանության հարցով զբաղվի՞, որովհետև բոլորն են հրաժարական ներկայացրել, այլ խոսքով՝ այստեղ կաթվածահար վիճակ է»։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը նշանակում է, որ ՔՊ-ն Գյումրիում ուզում է վերցնել իշխանությունը, ինչպես արել է ՀՀ մյուս վայրերում։

«Երբ անալիզ ենք անում, տեսնում ենք, որ նույնը եղել է Ալավերդիում, Վանաձորում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենց կողմից «Բալասանյան» դաշինքին որևէ պարտադրանք չի եղել, որ թողնեն իշխանությունը։ Բայց այն տեղերում, որտեղ ՔՊ-ն չի կարողացել իշխանություն ձևավորել, այդ տեղերում նույն սցենարով իշխանափոխություն է լինում։ Եթե Ալավերդիում ու Վանաձորում իշխանությունը հեշտությամբ վերցրեցին, ապա Գյումրիում անկանկալ եղավ։ Եթե «Բալասանյան» դաշինքն իր ամբողջ ցուցակով հրաժարական չտար, ապա արագ կվերցնեին իշխանությունը։ Այսինքն՝ իշխանության հաշվարկները փաստորեն սխալ են դուրս եկել»,- եզրափակեց Վարդևան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԿԸՀ-ն հայտնել էր  որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:

Գյումրիի իշխող՝ «Բալասանյան» դաշինքն այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։

ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին՝ ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի տակ է։

Տեսանյութեր

Լրահոս