Հին լուծումներն ու գաղափարներն այլևս չեն աշխատում․ Ջեֆրի Սաքս
«Ես Հայաստանի մեծ մասնագետ չեմ. ընդամենը 4 ժամ է, ինչ Հայաստանում եմ։ Առաջին այցս է ձեր հրաշալի երկիրը՝ իր ինքնատիպ պատմությամբ, գեղեցկությամբ»,- ահա այսպես սկսեց իր հանդիպումը տնտեսագիտության աշխարհահռչակ պրոֆեսոր, հանրային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը։
Ապա անդրադառնալով «աշխարհի իրավիճակին» և հարցին, թե «Թրամփը՝ որպես հաջորդ նախագահ, ինչպես կազդի Հայաստանի վրա», նա մանրամասնեց․ «Աշխարհը տարբեր եղանակներով փոխվում է ապշեցուցիչ արագությամբ և խիստ վնաս է հասցնում կայունությանը․ այն փոխվում է տնտեսապես, դեմոգրաֆիկ, տեխնոլոգիապես, շրջակա միջավայրն է փոխվում։
Այս բոլոր փոփոխությունները փոխկապակցված են, դրանք արտացոլում են աշխարհի դինամիկան, այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, աշխարհի մակարդակով է տեղի ունենում։ Այլևս չկան պետությունների անկախ տնտեսական կենսացիկլեր․ ո՛չ, առանձին պետությունների տնտեսությունները ձևավորվում են աշխարհի տնտեսության արդյունքում։ Շրջակա միջավայրի փոփոխությունները ևս ազդակիրն են համաշխարհային շրջակա միջավայրի ազդեցությանը (անշուշտ, կան առանձին փոփոխություններ): Ունենք դեմոգրաֆիկ ուրվագծեր՝ զանգվածային միգրացիա, ծերացող բնակչություն, հակամարտություններ, աշխարհի որոշ վայրերում բնակչության թվաքանակի ընդլայնում։
Եվ ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, սրանք նշանակում են, որ հին լուծումներն ու գաղափարներն այլևս չեն աշխատում»։
Այս համատեքստում վերլուծաբանը թվարկեց նման հնացած գաղափարներ՝ ինչպես, օրինակ, ԱՄՆ գերակայությունը համաշխարհային լանդշաֆտում։ Ջեֆրի Սաքսը սա որակեց միամիտ գաղափար։
«30 տարի առաջ ԱՄՆ-ը կարծում էր, թե ինքը գերակա պետությունն էր, նաև այն երկիրը, որ պետք է ձևավորեր աշխարհի ապագան․ շատ ամերիկացիներ այսօր դեռ այդպես են կարծում։ Սա անհեթեթություն է։ ԱՄՆ-ը անգամ իրենց բակը չեն կարողանում հավաք պահել, ուր մնաց՝ աշխարհը հավաք պահեն, ձևավորեն ու կերտեն։ Սա այն փոփոխություններից մեկն է, որ մենք ակնկալում ենք տեսնել։
Ավելի խորը գաղափար, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի մասին ուզում եմ արծարծել, այն է, թե աշխարհն առաջնորդում է Հյուսիսատլանտյան տարածաշրջանը։ Դա ինչ-որ առումով խելամիտ է եղել մոտ 300 տարի առաջ»,- մանրամասնեց նա։
Տնտեսագետը շեշտեց՝ նոր դարաշրջանի ու բազմաբևեռ աշխարհի մասին, ինչպես նաև այս համատեքստում՝ Չինաստանի աճի մասին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 16-ին տեղի կունենա տնտեսագիտության աշխարհահռչակ պրոֆեսոր, հանրային քաղաքականության վերլուծաբան, նորարարական կրթության առաջամարտիկ, կայուն զարգացման համաշխարհային առաջնորդ, բեսթսելլերների հեղինակ Ջեֆրի Դ. Սաքսի (Jeffrey David Sachs) դասախոսությունը:
The New York Times-ը Ջեֆրի Դ. Սաքսին անվանել է «աշխարհի ամենակարևոր տնտեսագետը», իսկ 2004 և 2005 թվականներին աշխարհահռչակ պրոֆեսորը Time Magazine-ի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Պրոֆեսոր Սաքսը ստացել է պատվավոր դոկտորի 42 կոչում։
Մանրամասները՝ տեսանյութում