Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված՝ սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկն, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները: Համաձայնագրի կնքման հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագիրը թույլ էր տվել շեշտակիորեն ավելացնել ԵԱՏՄ պետությունների և Իրանի առևտրաշրջանառությունը՝ 2,4 միլիարդ դոլարից հասցնելով 5,2 միլիարդ դոլարի։