ՀՀ ՆԳ նախարարն ու Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի տնօրենը քննարկել են անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված հարցեր

Հունգարիա կատարած այցի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։

Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում։ Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, կարևորել այդ գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության դերը։

Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականության իրականացման, մասնավորապես, միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և այլ հարցեր։ Վահե Ղազարյանը Միխայիլ Շպինդելեգերին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ապաստան հայցողների համար նոր կենտրոնի բացման արարողությանը։Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս