Արցախցիների իրավական կարգավիճակը Եվրոպայում և դրա հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որի համաձայն՝ Արցախի քաղաքացին համարվում է քաղաքացիություն չունեցող անձ և չի կարող վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի։
Այս գործով փաստաբան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ դեռևս 2020թ. սկսած հետազոտություն են իրականացրել Արցախի խնդրի վերաբերյալ և եկել այն եզրակացության, որ Արցախի արդեն նախկին բնակիչները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի:
«Այդ հետազոտության արդյունքները ներկայացրել եմ դատարան, Քասելի վարչական դատարանը համաձայնել է, և տրամադրել վստահորդներին փախստականի կարգավիճակ: Այս որոշումը ենթադրում է, որ այդ անձինք չեն կարող վերադառնալ Արցախ, որովհետև հետապնդվում են Ադրբեջանի կողմից, Արցախը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և իրենց համար պատասխանատու երկիրը դրանով հանդիսանում է Ադրբեջանը, ոչ թե՝ Հայաստանի Հանրապետությունը: Եթե իրենք ՀՀ քաղաքացի հանդիսանային, ապա ՀՀ-ն կլիներ իրենց համար երաշխավոր երկիր, այսինքն՝ պատասխանատու երկիր, որը պետք է ապահովի բոլոր կենսական և անվտանգային միջոցառումները, որ այդ մարդիկ այնտեղ բնակվեն: Այստեղ շատ կարևոր նրբություն կա՝ այն անձինք, ովքեր մեկ տարուց ավելի բնակվել են Հայաստանում, կարող են դժվարություն ունենալ, քանի որ Գերմանիայի ապաստանի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վերջին բնակության մշտական վայրը որոշիչ կարող է լինել այն անձանց համար, որոնք չունեն քաղաքացիություն, այսինքն՝ եթե մեկ տարուց ավելի բնակվել են ՀՀ-ում, դատարանը կարող է որոշել, որ իրենց համար պատասխանատու երկիրը Հայաստանի Հանրապետություն է»,- մանրամասնեց նա:
Խաչատուր Մխիթարյանի խոսքով՝ Արցախից տեղահանված այն անձինք, ովքեր Հայաստանում բնակվել են մեկ տարուց քիչ, կարող են Գերմանիայում դիմել ապաստանի համար, և ըստ նրա՝ շանսերը մեծ են, որ կդիտարկվեն որպես քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր տեղահանվել են Արցախից և համարվում են փախստական, քանի որ իրենց վերջին մշտական բնակավայրը ոչ թե եղել է Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ Արցախը:
«Եթե արցախցիները դառնում են ՀՀ քաղաքացի, այդ դեպքում հետադարձ կապն Արցախի հետ կտրվում է, և իրենք չեն կարող հղում անել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման և ագրեսիայի վրա և չեն կարող պահանջել, որ մի օր վերադառնան Արցախ, քանի որ ընդունել են այլ պետության քաղաքացիություն և կարող են այդ պետության տարածքում այլընտրանքային ներքին փախուստի վայր փնտրել»,- շեշտեց նա:
Փաստաբանը բացատրեց, թե ինչ է նշանակում քաղաքացիություն չունեցող անձ ձևակերպումը. «Համաձայն 1954 թվականի Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին կոնվենցիայի առաջին հոդվածի՝ քաղաքացիություն չունեցող համարվում են այն անձինք, որոնց ոչ մի պետություն չի համարում իր քաղաքացի: Տվյալ դեպքում ունենք նմանատիպ իրավիճակ՝ ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Ադրբեջանը այդ մարդկանց իրենց քաղաքացին չեն համարում: Այդ պարագայում իրենք փախստականի կարգավիճակ են ստանում և կարող են տարբեր փուլերից հետո դիմել Գերմանիայի քաղաքացիության համար, քանի որ քաղաքացիություն չունեցող անձանց ֆենոմենը միջազգայնորեն ոչ ցանկալի երևույթ է, որի հետևանքով դրա դեմ պայքարելու համար մի շարք համաձայնագրեր են կնքվել: Պարտադիր է, որ բոլոր երկրները, որտեղ գտնվում են փախստականներ կամ այլ անձինք, որոնք չունեն քաղաքացիություն, ստանան հնարավորություն՝ այդ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու համար»:
Հարցին՝ եթե արցախցիները ստանան Գերմանիայի քաղաքացիություն, ապա այդ դեպքում ևս հետագայում Արցախ վերադառնալու դուռը նրանց առաջ փակվելո՞ւ է, նա պատասխանեց. «Այո, քանի որ իրենք մտնում են Գերմանիայի Դաշնության օրենսդրության ներքո և օգտվում են բոլոր իրավունքներից, և այդ հետադարձ կապն Արցախի հետ կտրվում է»:
Նա նշեց, որ փախստականի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ստանում են 3 տարով բնակության թույլտվություն, իսկ արդեն 2 տարի հետո կարող են դիմել մշտական բնակության թույլտվության համար, ևս 2 տարի հետո կարող են դիմել քաղաքացիության համար. «Այսինքն՝ հիմիկվանից սկսած 5 տարի հետո կարող են դիմել ԳԴ քաղաքացիության համար: Փախստականի կարգավիճակը բավականին ուժեղ կարգավիճակ է՝ ապաստանի գործընթացի կոնտեքստում, որովհետև գտնվում է առաջին կատեգորիայում: Երկրորդ կատեգորիան օժանդակ պաշտպանությունն է, երրորդը՝ դեպորտացիայի արգելքը: Այսինքն՝ փախստականի կարգավիճակը տալիս է երեք տարով բնակության իրավունք, աշխատելու իրավունք, պետությունը պետք է հոգա բոլոր ծախսերը, որոնք առաջանում են, օրինակ՝ առողջապահական ապահովագրության համար, և նաև պետությունը պետք է բնակարան տրամադրի»:
Հարցին՝ վտանգ չկա՞, որ այդ որոշումից հետո արցախցիները կփորձեն համատարած Գերմանիա մեկնել, նա պատասխանեց՝ վտանգ կա, որ կփորձեն, բայց այն մարդկանց համար, ովքեր մի տարուց ավելի Հայաստանում են բնակվել, «հաջողության» հասնելու հավանականությունը բավականին ցածր է. «Ես խորհուրդ չէի տա՝ իրենք դա փորձեն, քանի որ մեծ դժվարությունների կհանդիպեն և վերջում կարող է հիասթափվեն, և այդ բոլոր ծախսերից հետո մի բան էլ տուժեն»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ հնարավո՞ր է, որ այս որոշումից հետո Գերմանիան ավելի խստացնի մուտքը երկիր:
«Այո, օրինակ՝ Չեխիան արդեն արգելում է այն մարդկանց մուտքը վիզայով, որոնք ունեն 070 կոդով հայկական անձնագիր, այսինքն՝ Արցախից տեղահանված անձանց մուտքը փաստացի: Դրանով սահմանափակվում է իրենց՝ Չեխիա մուտք գործելու հնարավորությունը: Գերմանիայում դա դեռ չկա, բայց շատերը Հունաստանով են գալիս Գերմանիա, այսինքն՝ մեկնում են Հունաստան և ցամաքային ճանապարհով գալիս են Գերմանիա: Դուբլինի ընթացակարգում, որտեղ պետք է որոշվի իրավասու երկիրը, Հունաստանը որակավորվում է՝ որպես ոչ պատասխանատու երկիր, քանի որ այնտեղ հումանիտար պայմանները լավը չեն, և դրանով արդեն Գերմանիան է ստանձնում պատասխանատվություն»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում