Ի՞նչ էր անհրաժեշտ Արևելյան եկեղեցիների Դիկաստերիայի պրեֆեկտին մահմեդական Ադրբեջանից. Iarex

Բաքու է ժամանել Արևելյան եկեղեցիների հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին։ Նրա այցի անսովորությունն այն է, որ Ադրբեջանում չկա պրեֆեկտի վարման առարկա, որը Վատիկանում վերահսկում է բյուզանդական ծեսի կաթոլիկների գործերը։ Այնուամենայնիվ, դա չի խանգարել Գուջերոտիին հանդես գալ մի շարք հայտարարություններով:

Ադրբեջանական պարբերականների հաղորդմամբ՝ կարդինալը «փաստել է՝ աշխարհում կրոնական հողի վրա տեղի ունեցող հակամարտությունների ընդլայնման խորապատկերին՝ Ադրբեջանի կառավարությունը վարում է բազմամշակութայնության քաղաքականություն, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ երկրում գոյակցում են խաղաղ պայմաններում, ապահովվում է կրոնի ազատությունը, ինչն ամենամեծ ներդրումն է խաղաղության գործում»:

Գուջերոտին քննարկել է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից Վատիկանում կատակոմբների վերականգնումը, Վատիկանի թանգարանի և Առաքելական գրադարանի հետ նրա սերտ համագործակցությունը, արխիվային ձեռագրերի թվայնացումը, պատմական և կրոնական հուշարձանների վերականգնման նպատակով Վատիկանի հնագետների ճանաչողական այցերն Ադրբեջան, ընդգծվել է ապագայում նոր նախագծերի իրականացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Բաքվում հանրապետության իշխանությունների աջակցությամբ նոր կաթոլիկ եկեղեցու կառուցմանը։

Կարդացեք նաև

Բայց այս ամենի մասին, տեսականորեն, կարող էին և պետք է քննարկեին Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ներկայացուցիչները, կամ, հաշվի առնելով Ադրբեջանի մահմեդական երկրի կարգավիճակը, միջկրոնական միասնության Դիկաստերիան։ Ինչից էլ երևան է գալիս Բաքու Գուջերոտիի առաքելության առեղծվածային զգացումը։ Անդրկովկասը նրան խորթ չէ։ 2001-ի դեկտեմբերից մինչև 2011-ի հուլիսը նա ծառայել է որպես առաքելական նվիրակ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում: Որոշ հայկական պարբերականներ կարծում են՝ այդ ժամանակահատվածում Գուջերոտին հատուկ հարաբերություններ է հաստատել Իլհամ Ալիևի ընտանիքի հետ և արել հարցադրումներ Վատիկանի դիվանագետի դերի ՝ «Սուրբ Աթոռի և Հեյդար Ալիևի հիմնադրամի միջև հարաբերությունների ստեղծման և զարգացման գործում»: Կարդինալը փորձ ունի նաև որպես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հատուկ ներկայացուցիչ՝ լուծել հետխորհրդային տարածքում առկա զգայուն խնդիրները։ Լինելով Մեծ Բրիտանիայում առաքելական նվիրակ՝ 2020-ի աշնանը քահանայապետի հանձնարարությամբ նա զբաղվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մինսկ-Մոգիլյովի կաթոլիկ մետրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչի միջև հակամարտության կարգավորմամբ։

Այսօր Գուջերոտիի Ադրբեջան այցի «տեղեկատվական առիթը» կարող է թվալ նոյեմբերին նախատեսված կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բաքվում COP29-ի նախօրեին՝ «Համաշխարհային կրոնները՝ կանաչ մոլորակի համար» կարգախոսով և «դրական ազդեցություն կունենա էկոլոգիական ճգնաժամի դեմ պայքարում կրոնական առաջնորդների դերի բարձրացման աշխատանքների վրա»։

Նոյեմբերի 2-ին հրապարակվել է Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդ Արամ կաթողիկոսի, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Բեդրոս 21-րդի և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Փոլ Հայդոսթյանի հայտարարությունը: Նրանք կոչ են արել հայերին Բաքվի գագաթնաժողովի նախօրեին ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել «Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող անարդարությանը» և «պահանջել իրենց պատմական հայրենիք վերադառնալու և ինքնիշխանության վերականգնման իրավունքը՝ միջազգային հանրության պաշտպանության ներքո», ինչպես նաև «եկեղեցական արարողությունների ժամանակ հատուկ աղոթքներ մատուցել Ադրբեջանի բանտերում գտնվող արցախցիների շուտափույթ ազատ արձակման համար»:

Իսկ նախօրեին՝ նոյեմբերի 1-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել Արամ կաթողիկոսի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին.

«Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը» և «բարձր գնահատել ամերիկահայ համայնքին»:

Հայկական թեման և Անդրկովկասը ԱՄՆ-ի ներկայիս ընտրարշավում պարբերաբար նշվում էր՝ ինչպես Թրամփի շտաբի, այնպես էլ՝ Քամալա Հարիսի շտաբի կողմից: Ընդ որում, հանրապետականներն օգտագործել են Արցախ տեղանունը, իսկ դեմոկրատները՝ Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները, այնուամենայնիվ, չեն շտապում հստակ իրենց աջակցությունը հայտնել հավակնորդներից մեկին՝ հիշեցնելով, որ երկուսն էլ իրենց դրսևորել են նվազագույնը 2020-ի պատերազմի և ադրբեջանական բանակի հարձակման հետևանքով տեղի բնակչության ելքի ժամանակ արցախահայության պաշտպանության գործում։ Բայց Կիլիկիո կաթողիկոսությունն ակնարկում է՝ որոշ բաներ կարող են փոխվել։

Թրամփի հետ զրույցում Արամ կաթողիկոսը «վճռական հույս է հայտնել, որ նոր վարչակազմի (Հանրապետական,-հեղ.) գալուն պես ԱՄՆ-ը լրջորեն կզբաղվի Արցախի խնդրով», դրանում կամ դրան կից կհայտնվի «հայկական ակտիվ ներկայացուցչություն» և տեղի կունենա «բաց երկխոսություն Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան և Արևմտյան առաջնորդարանների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ»։

Այլ կերպ ասած՝ Թրամփին խնդրում են ներգրավել հայ հասարակական և կրոնական առաջնորդներին ամերիկյան արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում, որոնք երբեմն միավորվում են Մեծ Մերձավոր Արևելքում: Այս գործում Լիբանանում գտնվող Կիլիկիո կաթողիկոսությունը կարող է համագործակցել մերձավորարևելյան խոշորագույն Արևելյան կաթոլիկ եկեղեցու՝ Մարոնիտական եկեղեցու հետ, որի կենտրոնը գտնվում է նույն վայրում: Հնարավոր է՝ նման սցենարի իրականացման հեռանկարները և դրա նկատմամբ Վատիկանի վերաբերմունքը, որի երկխոսությունը Թրամփի վարչակազմի հետ 2016-2020 թվականներին, մեղմ ասած, բարդ էր և չի բարելավվի Հանրապետականի ռևանշի դեպքում, Բաքվում դարձել են Գուջերոտիի բանակցությունների առարկա:

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ

Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի

Աղբյուրը՝ – Трамп и Ватикан накануне выборов в США обозначили фактор Нагорного Карабаха / ИА REX

Տեսանյութեր

Լրահոս