Ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանն ուղիղ չի հիշել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին թիրախավորող լրագրող Նիկոլ Փաշինյանին. քաղաքական ի՞նչ հաշվարկ է արվել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր շուրջ զարգացումներին, որոնք, ըստ էության, դեռ չեն հանգուցալուծվել առնվազն նրա հարցազրույցի և այս հոդվածը գրելու դրությամբ, նշել է, որ ինքը չի կարող վտանգավոր լինել իշխանության համար, եթե անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը լինելով՝ մեծ ինֆորմացիայի է տիրապետում:

«Այո, ինֆորմացիայի կրող եմ, բայց ոչ միայն ես եմ կրող, այլև հանձնաժողովի բոլոր անդամները: Եվ վաղը գաղտնիության թույլտվություն ունեցողներին բոլորին է լինելու հասանելի»,- շեշտել է նա:

Նշենք, որ օրերս ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր անվան շուրջ վերջին օրերին շրջանառվող լուրերին, որ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ այս ամենը սկսվել է հոկտեմբերի 15-ին իր ղեկավարած հանձնաժողովի հրավիրած լսումներից հետո՝ ուժային կառույցների մասնակցությամբ, և ակնարկել՝ ինքը միամիտ մարդ չէ և հասկանում է՝ այս լուրերը պատահական չեն:

«Լուրերը պատահական չեն, ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դնում: Տեսեք՝ ինչ 3 կառույց եմ ղեկավարել՝ Մարտի 1-ի փաստահավաք խումբ, Ապրիլյան քառօրյայի Քննիչ հանձնաժողով, 44-օրյայի Քննիչ հանձնաժողով»:

Կարդացեք նաև

Իսկ NEWS.am-ի հետ հիշատակված հարցազրույցում իր դեմ, այսպես ասած, քաղաքական, տեղեկատվական արշավի կամ թիրախավորման համատեքստում Անդրանիկ Քոչարյանը հետևյալ համեմատությունն է արել.

«Ձեր գրոհը (նկատի ունի լրատվամիջոցներին) շատ կազմակերպված գրոհ էր: Տենց գրոհ ես մեկ էլ հիշում եմ՝ եղել է կարծեմ 1990-ականների վերջերին: Սենց թոհուբոհ էր, երբ իշխանությունը ներսում-դրսում… Վազգենին թիրախավորել էին մի ուրիշ ձև: Երբ որպես պաշտպանության նախարար թիրախավորված էր, չէր կարդում թերթերը: Երբ հրաժարական էր տվել, Հրազդանի ձորում հանդիպեցինք, ասեց՝ լսի, դու գոնե կարդացե՞լ ես՝ էս ինչեր են գրում իմ մասին, հիմնականում դաշնակցական մամուլը, շատ թերթեր ունեին, և Պարույր Հայրիկյանը մի հատ թերթ ուներ… նկարները սարքած պաշտպանության նախարարի…»:

Հետաքրքիր է՝ Անդրանիկ Քոչարյանը ինչո՞ւ այստեղ չի հիշատակում լրագրող Նիկոլ Փաշինյանին, չի՞ կարդացել նրա հոդվածները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դեմ, նրա տեղեկատվական գրոհներին ծանոթ չէ՞, թե՞ քանի որ հիմա զուտ կարգավիճակով Նիկոլ Փաշինյանը ոչ թե «Օրագիր» թերթի հոդվածագիր է, այլ երկրի վարչապետ, ուղղակի մեղադրանքներից նախընտրում է զերծ մնալ, այն էլ հիմա, երբ թիրախում ինքն է, բայց անուղղակի որոշակի ակնարկներ, ամեն դեպքում, փորձում է անել:

Այլ հարց է՝ այս դեպքում խնդիրն իրեն Վազգեն Սարգսյանի հետ համեմատության մեջ դնե՞լն է, թե՞ Նիկոլ Փաշինյանին ինչ-ինչ մեսիջներ ուղարկելը:

Իսկ մենք ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանին հիշեցնենք պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դեմ լրագրող Նիկոլ Փաշինյանի հոդվածներից: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանի ասած 1990-ականների վերջին՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում Փաշինյանը խոսել էր բանակում սպանությունների մասին:

«Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները՝ Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի մայրության և գեղեցկության տոնի առթիվ,- գրել էր նա և հավելել,- Սուտ է, թե բանակում առաջնայինը կարգուկանոնն է: Հիմա բանակում առաջնայինը՝ «ճիշտն է»»:

Իսկ «Կտոր մը կամուֆլյաժ» կամ «Իսկ դու ղալաթ արե՞լ ես» հոդվածում էլ, մասնավորապես, գրել է.

«…Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան երեխաների սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության: Ու դեռ հարց է, կհասցնի՞ արդյոք մեր սուպերնախարարը ԱԺ պատգամավոր դառնալ, կհասցնե՞ն քննարկել նրա մեղավորության հարցը, կհասցնի՞ Վազգեն Սարգսյանն արտասանել իր բաժին «ղալաթ եմ արելը»: Սրանք հարցեր են, իսկ «Հայլուրը» վրեժ է ուզում, արյուն: Թշվառ ու անտեր հայրենիքում, հեշտ է սուպերնախարար լինելը: Բայց թշվառ ու անտեր հայրենիքին երբեմն պետք են սուպերնախարարներ: Այնպիսիք, որ ««ղալաթ եմ արելը» արտասանում են ոչ թե որպես խոստովանություն, այլ վճիռ»:

Այստեղ, թերևս, տեղին է հիշել նաև Վազգեն Սարգսյանի հայտնի ասուլիսը 1998-ին:

Այս ասուլիսի ընթացքում լրագրող Նիկոլ Փաշինյանը հարց էր տվել Վազգեն Սարգսյանին. «Ասուլիսի սկզբից ասացիք, որ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերը Դուք թողնում եք ՀՀ քաղաքական ղեկավարությանը, կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ ինչ-որ մեկն արգելել է արտահայտել Ղարաբաղի կարգավորման շուրջ Ձեր կարծիքը, թե՞ սրանից հետո ՀՀ քաղաքական գործիչներն են արտահայտելու իրենց կարծիքը Ձեզ հետ համաձայնեցված»:

Այս հարցադրմանը Վազգեն Սարգսյանը նախ արձագանքել էր. «Մի՞թե ես թողնում եմ էնպիսի մարդու տպավորություն, որին կարելի է արգելել կարծիք հայտնել»:

Այնուհետև, մի քանի նախադասություն հետո շեշտել էր հետևյալը.

«Կարող է երբևէ այս հարցազրույցից հետո ինձ մեղադրեն պատերազմի հրձիգ լինելու մեջ, ֆաշիստական տրամադրություններ տարածելու մեջԵս ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություն անողներն այս պատերազմում ինչ լումա ունեն, ինչ ջանք են ներդրել, քանի ընկեր են կորցրել, քանի հարազատ, դա իրենց գործն է: Բայց պատերազմում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող»:

Սրանք միայն բաց փաստեր են, բայցև բավարար՝ ցույց տալու Նիկոլ Փաշինյանի ատելությունը Վազգեն Սարգսյանի հանդեպ, և, ըստ այդմ, Վազգեն Սարգսյանի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Անդրանիկ Քոչարյանն այս մասին տեղյակ չէ՞, չի՞ նկատել երբեք, կամ՝ չգիտի՞ ինչու է Վազգեն Սարգսյանը ծեծել Նիկոլ Փաշինյանին:

Իսկ գուցե այնքան միամիտ չէ՞, որ ժամանակից առաջ ընկնի, չնայած մի ժողովրդական առած էլ կա՝ «խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում»: Առաջիկա զարգացումները, թերևս, ցույց կտան, թե սա որ դեպքն է: Իսկ ամեն առիթի Վազգեն Սարգսյանից մեջբերումներ անող, երկրի անվտանգության մասին մտահոգ երևացող Անդրանիկ Քոչարյանի համար մի հիշեցում էլ անենք Վազգեն Սարգսյանից, որն առավել քան ակտուալ է:

1999 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին:

ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը (1998-2000թթ. ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան) այդ ժամանակ Լոնդոնից մեկնում է Վաշինգտոն՝ Վազգեն Սարգսյանին օգնելու նախապատրաստվել ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանը հարցազրույց էր տվել Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը, պատմել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Արցախի խնդիրը, առաջարկներ են եղել ապաշրջափակման հետ կապված՝ հակամարտության կարգավորումից հետո:

«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:

Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:

Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»,- նշել էր Վազգեն Սարգսյանը:

Անդրանիկ Քոչարյանը թող հիմա որոշի՝ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը», ապաշրջափակման տեսլականը որքանո՞վ է տեղավորվում Վազգեն Սարգսյանի նշված պատկերացումների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս