Բաժիններ՝

«Պարզաբանումները համոզիչ չեն, մարդիկ չեն հասկանում` ինչու է կարգը փոխվել ու թոշակը նվազել». Արմեն Ալավերդյանը՝ նոր համակարգի մասին

2023 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության կարգի սահմանման նպատակով դիմող անձանց համար ներդրվել ու գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ։ Իսկ հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատում կանցնեն արդեն հաշմանդամության համար կրկնակի դիմած անձինք։

Այս նոր ներդրած համակարգի որոշ թերությունների մասին նախկինում բազմիցս  բարձրաձայնել է «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը՝ շեշտելով, որ Հայաստանում ներդրել են չափից խիստ չափանիշներ՝ վիճակին չհամապատասխանող և ոչ այդքան միջազգային չափանիշներին համապատասխան։

Արդյո՞ք պատկան մարմիններն ականջալուր եղել են բարձրաձայնած խնդիրներին, որևէ փոփոխություն արե՞լ են, թե՞ ոչ։

168.am հետ զրույցում Արմեն Ալավեդյանն ասաց, որ խնդիրների շուրջ պատկան մարմինների հետ քննարկում չեն ունեցել՝ սահմանափակվել է միայն իր կարծիքը հրապարակայնացնելով։

Կարդացեք նաև

«Առաջարկներ գրավոր ձևով համապատասխան մարմիններին չեմ ուղարկել, կարծում եմ՝ հիմա բոլորը հետևում են, հատուկ բաժիններ ունեն, մոնիթորինգ են անում, ուստի վստահ եմ, որ իմ տեսակետը պատկան մարմիններին հայտնի է։ Բացի դրանից, առիթներ ունեցել եմ տարբեր միջոցառումների ընթացքում, կենդանի շփումներում ասել եմ իմ կարծիքը՝ սա նորություն չէ։

Չեմ կարող ասել, որ վերջին ամիսներին ինչ-որ բան փոխվել է։ Ճիշտ է, որոշակի պարզաբանումներ էին հրապարակվել, որոնք պետք է մեղմեին եղած դժգոհությունները։ Լավ է, որ կան այդ պարզաբանումները, բայց, ցավոք, դրանք այդքան համոզիչ չեն՝ պնդումները, որ ամեն ինչ լավ է, և որևէ խնդիր նոր համակարգի հետ կապված չկա, այդպես չէ»,- նշեց Արմեն Ալավերդյանը։

Նա նշեց, որ ներդրած նոր համակարգին դեմ չէ, հակառակը՝ դրա ջատագովներից մեկն է եղել, բայց այստեղ խնդիրը վերաբերում է դրա կիրառմանը և որոշ ենթաօրենսդրական կամ օրենսդրական ակտերի ոչ հաջող լինելուն, դրանք կարող էին ավելի հաջող մշակել։

«Մինչ այժմ, ըստ իս, չի լուծվել հիմնական հարցը, որ մարդիկ, որոնք ունեն անժամկետ հաշմանդամություն, պետությունից ստացել են այդ կարգը, ինձ վրա օրինակ բերեմ, որ վաղուց ստացել եմ կարգ, և վիճակս այնպես է, որ այն չի կարող բարելավվել՝ բժշկական կամ ֆունկցիոնալ առումով։ Հետևաբար, չեմ կարծում, որ ճիշտ է սա դնել հարցականի տակ՝ ֆունկցիոնալության գնահատման պարագայում։ Կրկնում եմ՝ դեմ չեմ և պատրաստ եմ ֆունկցիոնալության գնահատում անել, ավելին՝ տարիներ առաջ ինքս մասնակցել եմ պիլոտային ծրագրերին և դա անցել եմ։

Այստեղ հարցը մի քիչ էլ սկզբունքային է, որ խումբը, որը պետության կողմից սահմանվել է անժամկետ՝ չպետք է դրվի կասկածի տակ, իսկ նոր  ծառայություններ ստանալու համար՝ լեգիտիմ է պահանջել շահառուներից անցնելու գնահատումը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նա փոխանցմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից նոր համակարգի հետ կապված խնդիրը, որը կա, հենց իր մատնանշած խնդիրն է, որ խումբը, որը պետության կողմից սահմանվել է անժամկետ՝ չպետք է դրվի կասկածի տակ։ Նաև մարդիկ, որոնք անցել են ֆունկցիոնալության գնահատումը, ունեն ողնաշարի վնասվածք, որը բավականին լուրջ հաշմանդամություն է առաջացնում, զարմացած հարցրել են, թե ինչու է իր խումբը 1-ից դարձել 2-րդ։

«Այս հարցերի պատասխանը ես չեմ կարող տալ, մարդիկ չեն հասկանում՝ ինչո՞ւ է կարգը փոխվել ու թոշակը նվազել։

Խնդիր կա նաև հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի հետ կապված։ Սա ճիշտ գաղափար է, հաշմանդամություն ունեցող անձանց թույլ է տալիս անկախ կյանք վարելու։ Բայց հաշմանդամություն ունեցող անձին պետք է հնարավորություն տան՝ ուզում է լիցենզավորված օգնական, թե այն անձին, ում ինքն է ճանաչում, որը կարող է լավագույնը լինել տվյալ անձի համար»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս